Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ վաղվանից ՀՀ-ում փոփոխությունների նոր սկիզբ է դրվելու, իշխանության ղեկը փոխանցվում է ընդդիմությանը եւ երկրում տեղի է ունենում իշխանափոխություն՝ գործադիրի իմաստով:
Նա ասաց, որ մարդկանց հույսերը պետք է արդարացնեն, ամեն մեկն՝ իր տեղում, որ Հայաստանը այլեւս չունենա այն արատավոր երեւույթները, որոնք ունեինք. «Մեր խմբակցությունն ամեն ինչ անելու է՝ թավշյա հեղափոխության կապիտալիզացիայի եւ ՀՀ քաղաքացիների կյանքի՝ դեպի դրականը փոփոխության համար»:
Լրագրողները հիշեցրին, որ Մարուքյանն ասում էր՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելու ժամկետն անցել է, բայց կյանքը այլ բան ցույց տվեց, Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ «ես սխալ էի, Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր», նման արտահայտություն կլսե՞նք ձեզանից՝ Մարուքյանը պատասխանեց. «Մենք միշտ ասել ենք, որ անձերի դեմ պայքարով որեւէ բան չի փոխվի, համակարգային պայքար է պետք: Դուք տեսաք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այդ պայքարը նաեւ վերածվեց համակարգային պայքարի, որովհետեւ Կարեն Կարապետյանն էր ուզում փոխարինել նրան: Երբ համակարգային պայքար դարձավ, մենք նույնպես եղանք փողոցում՝ այդ օրվանից սկսած: Բայց մինչ այդ մենք ունեցել ենք դերակատարում, չէի ցանկանա դրա մասին խոսել, ինչ արել ենք՝ բոլորի աչքի առաջ է եղել: Այո, Սերժ Սարգսյանի դեմ պայքարի իմաստով իմ հարցազրույցը, որ ասում եք, դա ընտրություններին էր վերաբերում: Ես ասում էի, որ մեր քաղաքացիները 2017-ի ապրիլի 2-ին հնարավորություն ունեին այնպես անել, որ Սերժ Սարգսյանը չունենար հնարավորություն վարչապետ ընտրվելու: Այդ շանսը բաց են թողել: Այո, մենք բոլորս այդ շանսը բաց էինք թողել, իսկ թե կար այլ շանս, թե ոչ, մենք տեսանք, որ կար այլ շանս, այլ հնարավորություն: Եվ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ: Դա մի աննախադեպ բան է եղել: Այն իսկապես անհամեմատելի է հետխորհրդային տարածքում եղած որեւէ հեղափոխության հետ»:
Հարցին՝ ձեր խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հայտարարում էր, որ կա «Ելք» դաշինք եւ «Ելք» դաշինքից առանձին Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, հիմա՞ էլ է ՔՊ-ն «Ելքից» առանձին՝ նա պատասխանեց. «Ելք» դաշինքը կա, դաշինքի ապագայի վերաբերյալ այս պահին քննարկումներ չկան: Դաշինքն ընտրությունների արդյունքով ունի երկու ստորաբաժանում՝ խորհրդարանական խմբակցությունն ու Երեւանի ավագանու խմբակցությունը, ԱԺ-ում մենք երրորդ ուժն ենք, ավագանիում՝ երկրորդ»:
Մարուքյանն ասաց, որ անընդհատ «Ելքում» տարաձայնություններ ու վեճեր են փնտրում. «Սա դաշինքի ստեղծման օրվանից է: Ես օրը մեջ Փաշինյանին տեսնում եմ, երբ որ մենք տեսնում ենք՝ գրկախառնվում ենք: Եթե մենք իրար հետ հարց չունենք, կարծում եմ, դուք պետք է որ հարց չունենաք: Ավելին ասեմ՝ մենք արժանապատիվ կերպով ինչ պայմանավորված ենք եղել, դա պահել ենք: Իսկ ինչ ենք պայմանավորված եղել, մենք գիտենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ