«Սա հեղափոխություն չէր, այլ հեղաշրջում: Թամանյանը երեւի երկնքից նայում ու մտածում է՝ հրապարակը մի քիչ փոքր եմ սարքել»,-«Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Իմ քայլը» շարժմանը, ասաց դրամատուրգ Անահիտ Աղասարյանը:
Նրա համոզմամբ՝ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ելույթներ ունենալիս ժողովրդի համակրանքը շահելու նպատակով չի շահարկել Արցախի հարցը. «Նա ժողովրդի լեզվով է խոսել: Նա չի կիրառել հոգեբանական ազդեցության ձեւեր, որոնք շատ անգամ կիրառում են քաղաքական առաջնորդները»:
Ապա Անահիտ Աղասարյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն խորհրդարանում պետք է շարունակի գործել որպես ընդդիմություն. «ՀՀԿ-ն պետք է մնա որպես ապագա իշխանությանը հակառակվող ուժ եւ դառնա ուժեղ ընդդիմություն: Փաշինյանի ընտրվելը դեռ ոչինչ չի նշանակում: Նա տարիներ շարունակ իրեն պատռում-գոռում էր, նրան ոչ մեկ չէր լսում, անգամ խոսափողն էին անջատում: Ուստի, լծակներ են պետք: ԱԺ-ում ապագայում չի կարող լինել մեկ կուսակցության գերիշխանություն: Կարծում եմ՝ արտահերթ ընտրություններից հետո էլ ՀՀԿ-ն խորհրդարանում տեղ կունենա»:
Անահիտ Աղասարյանը նշեց, որ ՀՀԿ-ում էլ կան նորմալ մարդիկ. «Կառավարական ընկերներիցս մեկին հարցրի՝ ինչպե՞ս եղավ, որ Ֆելիքս Ցոլակյանը «կողմ» քվեարկեց Փաշինյանին: Ընկերս ասաց՝ որովհետեւ նա «կոմպրոմատ» չունի: Ուրեմն, ՀՀԿ-ում էլ կան նման մարդիկ: Ուզում եմ, որ նրանք լինեն ընդդիմություն՝ ապագա իշխանության համար վերահսկողի դերում: Նրանք ավելի լավ գիտեն թալանելու ձեւերը եւ լավ կհսկեն, որպեսզի նոր իշխանությունը չկարողանա նույնն անել»:
Անդրադառնալով այն փաստին, որ բազմամարդ ցույցերի օրերին շատ մտավորականներ չկանգնեցին ժողովրդի կողքին, դրամատուրգը նկատեց. «Մարդիկ վախենում են, ի՞նչ կարող ենք անել: Ներողամիտ վերաբերվենք այն մարդկանց, որոնք միանգամից դարձի չեն գալիս: Նրանք գիտեն, որ ժողովուրդն ամեն ինչ տեսնում է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ