«Իմ քայլը» շարժման ցույցերի օրերին սոցցանցերում պասիվ էին «շովինիստական» հայացքներով աչքի ընկնող ռուսաստանցիների՝ մեծ քանակության էջեր, որոնք մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը չէին «մտնում» լրատվական դաշտ: Իսկ ահա հրաժարականից հետո, երբ դերակատարը Կարեն Կարապետյանն էր, նրանք ակտիվացան: Այս մասին այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության եւ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա բնորոշմամբ՝ երբ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մերժեց իշխանության հետ փոխզիջումների գնալու առաջարկը, տեղեկատվական դաշտ մտան Միխայիլ Լեոնտեւի պես քարոզիչներ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին քննարկման առարկա են «Ռոսնեֆտ» ռուսական նավթային ընկերության փոխնախագահ, հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտեւի եւ նրա որոշ համախոհների՝ հայաստանյան իրադարձությունների մասին հնչեցրած անպարկեշտ որակումները եւ հայաստանյան ժողովրդական շարժումն «արյան մեջ խեղդելու» կոչերը: «Լեոնտեւը հարբած էր: Նրա ասածներից պարզ էր, որ նեղացած է…Նա հազիվ էր իրեն պահում, միայն զայրույթն էր նրան ոտքի վրա պահում: Նման մարդկանց պատկերացմամբ՝ ՀՀ-ում կատարվողը դավաճանություն եւ Ռուսաստանից պոկվելու փորձ էր»,-համոզմունք հայտնեց Սամվել Մարտիրոսյանը:
Անդրադառնալով «Իմ քայլը» շարժման հաջողությանը՝ փորձագետը համոզմունք հայտնեց, որ շարժման գաղափարախոսության տարածման գործում մեծ է եղել նաեւ սոցցանցերի դերը. «Չլինեին սոցցանցերը՝ ամեն ինչ ավելի դանդաղ կլիներ. նույն ինքը Փաշինյանն ուղիղ եթերներով էր շատ բան համակարգում: «Տելեգրամ»-ը հայաստանյան օգտատերերի համար մինչեւ վերջերս ոչ մի բան էր: Բայց այդ օրերին հիմնականում Ռուսաստանի հայերը մի շարք ալիքներ ստեղծեցին, որոնք ավելի ակտիվ էի տեղեկություն տարածում ռուսերեն լեզվով, քան մեր լրատվականները»:
Սամվել Մարտիրոսյանը կեղծ որակեց տեղեկությունները, թե ցուցարարների հանդեպ քնաբեր գազ եւ լուծողական են «գործի դնելու»: «Կարծում եմ՝ նման լուրերն ուղղորդված չէին»,-եզրափակեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ