Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին». Ի՞նչ պայմաններ է դրել ՀՅԴ-ն՝ Փաշինյանի առաջ

Մայիս 07,2018 14:06

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ արդեն որոշե՞լ եք ով է լինելու խմբակցության քարտուղարը: Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ այո, որոշել են. «Քարտուղարը կլինի Արմենուհի Կյուրեղյանը»: Նա ասաց, որ Աղվան Վարդանյանի տեղում պետք է որ լինի Ռուզան Առաքելյանը, որը ցուցակում հաջորդն է, բայց չգիտեն, թե ինքը՝ Ռուզան Առաքելյանն ինչ ցանկություն ունի՝ ուզո՞ւմ է գալ ԱԺ. «Մենք անպայման կունենանք համալրված կազմ՝ 7 հոգանոց»:

Հարցին՝ եթե դուք ձեզ տեսնեք նոր կառավարության կազմում՝ Նիկոլ Փաշինյանի ձեւավորելիք, մինչ կոալիցիա մտնելը որոշակի պայմաններ էիք համաձայնեցրել ՀՀԿ-ի հետ՝ կոալիցիա մտնելու համար, այս դեպքում նման պահանջներ, առաջարկներ ներկայացվելո՞ւ են Փաշինյանին՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նախ, ինքս չեմ հավակնում եւ չեմ պատրաստվում երբեւիցե մտնել կառավարության կազմի մեջ, բայց մեր հարաբերությունները քաղաքական ուժերի հարաբերություններ են եւ պատրաստ ենք աջակցել: Մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին»:

Իսկ Փաշինյանին աջակցելու համար ի՞նչ են առաջարկել ՀՅԴ-ից՝ Ռուստամյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել են որոշ հարցերի հետ կապված. «Նախ, Ղարաբաղի հարցի հետ կապված ասել ենք, որ այդ հարցը պետք է կարգավորվի այն տրամաբանությամբ, որն արդեն Ղարաբաղի ժողովուրդն արտահայտել է հանրաքվեի միջոցով: Խորհրդարանական համակարգը ոչ թե պետք է վերացվի, այլ պետք է զարգացվի, ավելի դեպի ապակենտրոնացում լինի: Վարչապետի լիազորությունները պետք է սահմանափակվեն: Նոր Ընտրական օրենսգիրք պետք է լինի, որտեղ պետք է վերացվի տարածքային՝ ռեյտինգային այս համակարգը: Մեր հարաբերությունները ԵՄ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, այդ շրջանակում ձեռք բերված պարտավորությունները պետք է պահպանվեն, գործընկերային հարաբերություններ լինեն, հայ-թուրքական հարաբերությունների եւ հայոց ցեղասպանության հետ  կապված պետք է վարվի այն քաղաքականությունը, որի մասին ՀՅԴ-ն վաղուց ասում է: Այսինքն, առաջնահերթ խնդիրների լուծման մասին պետք է խոսենք, որը, կարծում եմ, ապագա ծրագրի մեջ կարտացոլվի»:

Նա ասաց, որ Փաշինյանի հետ խոսել են նաեւ բիզնեսն ու քաղաքականությունը վերջապես տարանջատելու մասին. «Որպեսզի տպավորություն չլինի, թե մի օլիգարխների խումբը պետք է փոխարինվի մյուսով: Բիզնեսը պետք է տարանջատվի եւ դա իրական պետք է լինի: Մարդիկ, որոնք բիզնեսով են զբաղվում, ի՞նչ ունեն անելիք ԱԺ-ում կամ կառավարության մեջ: Դա արդեն շահերի բախում է, որն ուղղակի չպետք է թույլ տալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031