Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Մենք, ունենալով որոշակի կաշկանդումներ կոալիցիոն հուշագրի շրջանակներում, այն հարցերը, որոնք քննարկել ենք ներսում, դրանք չենք հրապարակել, բայց մենք առիթից առիթ դրա մասին հստակ ասել ենք: Կարեւորագույն հարցերից մեկը այն է, որ այս երկրորդ փուլում՝ Սահմանադրության կյանքի կոչվելու փուլում պետք է կառավարության գործունեության կարգը, կառուցվածքը լինի այնպես, որ կառավարություն-վարչապետ-նախարարներ լիազորությունների հստակ տարանջատում լինի: Չգնանք նրան, որ վարչապետը փոխարինի կառավարությանը: Սա ես բազմիցս ասել եմ: Միակ խնդիրը, որ այդտեղ իսկապես կար, ոստիկանության պատկանելության հետ էր կապված, ԱԱԾ-ի: Սրա մասին մենք ունեցել ենք ներքին խոսակցություն, բայց չենք հրապարակել՝ էթիկայի կանոններից ելնելով»:
Հարցին՝ ինչի՞ց հետո գիտակցեցիք, այդ իրողությունը, որ վարչապետի ձեռքում շատ լծակներ են կենտրոնացել՝ ուժային կառույցները, որովհետեւ մինչեւ հեղափոխությունը դուք չէիք ընդունում, որ իրականում բոլոր լծակները կենտրոնացել են վարչապետի ձեռքում՝ Ռուստամյանը պատասխանեց. «Ես հիմա էլ եմ կրկնում, որ այն լիազորությունները, որն ունի վարչապետը, դա նույնը չի, ինչ ուներ Սերժ Սարգսյանը՝ նախագահ եղած ժամանակ, ես հստակ կարող եմ ապացուցել ցանկացած մեկին: Խոսքը գնում է առավել ապակենտրոնացում իրականացնելու մասին: Վարչապետը, որպես այդպիսին, նախագահ չի, առնվազն դատական իշխանությունն ամբողջությամբ անկախ է: Մեր տեսակետները չեն փոխվել, բայց մենք ավելի ապակենտրոնացման ռեսուրս տեսնո՞ւմ ենք՝ այո, տեսնում ենք: Մենք պարզապես գտնում ենք, որ ճիշտ կլինի ուժային կառույցները լինեն կառավարության ենթակայության տակ: Մենք ունեցել ենք այդ խոսակցությունները ներսում, մենք կոալիցիոն համաձայնագիր ունեինք, դա նախատեսում էր ցանկացած հայտարարություն անելուց առաջ իրար հետ համաձայնեցնել, այս էթիկայի հարցերն էին, որ մեզ կաշկանդում էր»:
Հարցին՝ էթիկան չէ՞ր հակադրվում պետության շահերին՝ նա ասաց, որ վատ բան չի, երբ մարդը էթիկան պաշտպանում է, էթիկապես հասուն մարդը օգտակար է երկրի համար:
Լրագրողները զարմացած էին՝ չբարձրաձայնելով խնդիրները, որոնք երկրին վնաս են, դուք էթիկա՞ն եք պաշտպանել՝ Ռուստամյանը պատասխանեց. «Նորից եմ կրկնում, եղել է այդ կաշկանդվածությունը եւ դա նորմալ է, բնական է: Այդ խոսակցությունը մենք ունեցել ենք ներսում, չենք բերել դուրս, էդքան բան»: Նա ասաց, որ միայն դրա համար կոալիցիայից դուրս չեն եկել, որովհետեւ գտնում էին, որ ուղղությունը ճիշտ էր, պարզապես դանդաղ էին ընթանում:
Ռուստամյանն այսօր պարզ հայտարարեց. «Մենք համարում ենք, որ մենք պետք է գնանք գլխավոր խնդիրները լուծելու ճանապարհով՝ հանրային իշխանությունը եւ բիզնեսը պետք է տարանջատվեն, Հայաստանը ապագա չունի էս ձեւով: Խոսքը չի գնում կոնկրետ անձանց մասին»:
Հարցին՝ ասում եք, որ Փաշինյանին մենակ չեք թողնի, դուք պատրաստվո՞ւմ եք քաղաքական պատասխանատվություն վերցնել, կոալիցիա ձեւավորել՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «ՀՅԴ-ի առաքելությունը եւ իր ամբողջ նկարագիրն այնպիսին է, որ որտեղ էլ լինի ՀՅԴ-ն, մենք պատասխանատվություն ենք կրում: Մենք պատասխանատվությունից խուսափող չենք, փախչող չենք: Կամաց-կամաց ՀՅԴ-ն ճանաչողները հասկանում են, որ ՀՅԴ-ն ինչ անում է, անում է իր գաղափարներից եւ սկզբունքներից ելնելով: Հիմա մենք մենակ չենք թողնի այն տրամաբանությամբ, որ չենք ուզում կառավարությունը ձախողի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ