«Չգիտես ինչու, էս վերջերս առաջին նախագահն է ակտիվացել Աղվան Վարդանյանի թեմայի հետ կապված: Ինչ-որ մի բաժակ ջրում փորձում են փոթորիկ ստեղծել՝ անհասկանալի պատճառներով», – այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմեն Ռուստամյանը,, պատասխանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը, այսպիսի տեսակետ հայտնեց:
Նրա խոսքով՝ «Մի բաժակ ջուր էլ չկա, շատ պարզ բան է կատարվել: Եթե խոսում ենք սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի իրավունքի մասին, որ նա առաջնորդվում է իր համոզմունքով եւ խղճով, Աղվան Վարդանյանը հենց այդպես էլ արել է՝ իր համոզումով առաջնորդվելով՝ չի մասնակցել քվեարկությանը, իր խղճով առաջնորդվելով՝ վայր է դրել մանդատը: Ի՞նչ կա այստեղ անհասկանալի, այսինքն, ոմանց համար, իհարկե, երբ որ խոսում ես ՀՅԴ-ի ավանդույթներից, ինչ-որ ցնցումների մեջ են անընդհատ ընկնում: Կուսակցությունը հենց այդ ավանդույթների շնորհիվ է, որ 125 տարի գոյություն ունի: Եվ եթե մենք ասել ենք, որ ՀՅԴ-ն իր կառույցն ունի եւ պատժական միջոցներ կկիրառի, մենք խոսել ենք մեր կուսակցական ներքին կանոնադրության եւ կարգապահության մասին: Աղվան Վարդանյանի հեռացումը որեւէ կերպ Սահմանադրությանը չի հակասում»:
Հարցին՝ ասում են՝ ՀՅԴ-ի ներսում հակասություններ կային, դրա համար էլ Աղվան Վարդանյանն այդպես վարվեց՝ Ռուստամյանը պատասխանեց. «Դե հիմա ինչ ասես, կմոգոնեն, ՀՅԴ-ում անձերի հետ կապված չի կարող լինել որեւէ անձի նկատմամբ հետապնդում: ՀՅԴ-ն կոլեգիալ մարմին է, եւ անձը չի կարող որեւէ մեկի ճակատագիրը տնօրինել, եթե կոլեգիալ մարմինը չհամոզվի, որեւէ մեկին ոչ պատժական միջոցներ կկիրառվեն, ոչ էլ խրախուսումներ կարվեն: Սա իրականություն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ