Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու անձի, այդ թվում` ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցնելու համար

Մայիս 07,2018 13:32

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու հանցագործության երկու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը:

Քրեական գործերից մեկի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար Հայկ Ուլիխանյանը Լոռու մարզի բնակիչ Արեն Մելիքսեթյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում դիտավորությամբ վերջինիս պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Մասնավորապես, Հայկ Ուլիխանյանը 2018 թվականի հունվարի 6-ին ավտոմեքենայով գնացել է Լոռու մարզի Շնող գյուղում գտնվող մթերային խանութ: Այդ ժամանակ նույն մարզի բնակիչ Արեն Մելիքսեթյանն իր ծանոթի հետ վերջինիս վարած ավտոմեքենայով մոտեցել են նույն խանութին և ավտոմեքենան կայանել Հ. Ուլիխանյանի ավտոմեքենայի հետնամասում: Խանութից դուրս գալով` Հ. Ուլիխանյանը Ա. Մելիքսեթյանին խնդրել է տեղաշարժել ավտոմեքենան, սակայն Ա. Մելիքսեթյանը, չհանդիսանալով ավտոմեքենայի վարորդը, հրաժարվել է այն տեղաշարժել, որի պատճառով վիճաբանություն է սկսվել նրանց միջև: Վիճաբանության ընթացքում Հ. Ուլիխանյանը ոտքով ուժգին հարված է հասցրել Ա. Մելիքսեթյանի որովայնին՝ դիտավորությամբ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հայկ Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Սիսիանի էլեկտրական ցանցերի փոխտնօրեն Արմեն Մարգարյանը հարվածել է Գ. Ղազարյանի գլխին և վերջինիս պատճառել ծանր մարմնական վնասվածքներ:

Այսպես, Արմեն Մարգարյանը 2017 թվականի փետրվարի 23-ին տեղեկանալով, որ իր անասնաֆերմայի տարածքում անձնական խնդիրների շուրջ վիճաբանություն է սկսվել Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղազարյանի և անասնաֆերմայի աշխատակից Ն. Զաքարյանի միջև, գնացել է վիճաբանության վայր: Այնտեղ Ա. Մարգարյանը մոտեցել է Գ. Ղազարյանին և վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ փայտով հարվածել նրա գլխին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Արմեն Մարգարյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031