Այսօր ԱԺ-ում լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ հեղափոխականները սպասում են՝ ե՞րբ է հերթը հասնելու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին, այս գործընթացը ինչպե՞ս եք պատկերացնում, եւ ե՞րբ է լինելու:
Փաշինյանը պատասխանեց. «Մենք հիմա փորձում ենք վարչապետի ընտրության եւ կառավարության ձեւավորման հարցը լուծել, որոնք ունեն օրենքով սահմանված ժամկետները, այսօր աշխատում ենք այդ խնդիրը լուծել»:
Նա ասաց, որ կառավարության կազմը, հավաքական դեմքը պետք է արտահայտի այն շունչը, որն այսօր կա Հայաստանի Հանրապետությունում:
Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, այս պահին Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը չեք բարձրացնում՝ հաշվի առնելով, որ հիմա նման գործընթացներ կան՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ այդ պրոցեսներին: Կտեղեկանամ, որից հետո կասեմ»:
Մեր հարցին՝ Ընտրական օրենսգիրքն ինչպե՞ս եք պատրաստվում փոխել, եթե դա ձեռնտու չի լինելու ՀՀԿ-ին, ինչպե՞ս են նրանք քվեարկելու՝ Փաշինյանը պատասխանեց. «Աշխատանքային մթնոլորտում կքննարկենք այդ բոլոր հարցերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ