Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. Նիկոլ Փաշինյանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին

Մայիս 07,2018 13:21

Համաժողովրդական հեղափոխության այս պահի ակնհայտ հաջողություններից, երբ իշխանափոխության գործընթացը չի ավարտվել, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համարում է Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենին ստիպելով աշխատանքից հեռացնելը, Շիրակի մանկավարժականում ընթացող գործընթացը: «Մարդիկ հասկացան, որ պետք է պայքարել սեփական իրավունքների համար`չպետք է սպասել վերեւից կարգադրանքի: Այդ ղեկավարները ուղղակի կուսակցականացնում էին այդ կրթօջախները»,- «Տեսակետ» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետը:

Երկրորդ ձեռքբերումը նա համարում է այն, որ Հայաստանի վարկանիշն աշխարհում շատ բարձրացավ: Ցավում է, որ եղան պատվեր կատարող փորձագետներ, որոնք փորձում էին նսեմացնել շարժումը եւ հայ ժողովրդի վաստակը:

Քաղաքագետը վաղը խորհրդարանում կայանալիք վարչապետի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանն ընդառաջ՝ հուսով է, որ ՀՀԿ-ի պատգամավորները հասկացան իրավիճակի լրջությունը, մայիսի 2-ի ընդվզումից դասեր քաղել են: «Կարծում եմ, որ վաղը չքվեարկելով`իրենք դուրս կգան ժողովրդի դեմ եւ այդտեղ ոչ ոք իրենց չի փրկի: Եթե ՀՀԿ-ն վաղը քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, որպես քաղաքական ուժ`շանս կունենա քաղաքական ասպարեզում մնալ»,-ասաց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը երեք կարեւոր բան պետք է անի. բոլոր քաղբանտարկյալների ազատում, ԸՕ-ի արագ փոփոխություններ, ռեյտինգային համակարգի հանում, 2-3 ամսում արտահերթ ընտրությունների անցկացում:

Մանրամասները`տեսանյութում

Aravot.am-ի հարցին`բոլոր քաղբանտարկյալներ ասելով նկատի ունի նաեւ «Սասնա ծռերին» եւ Ժիրայր Սեֆիլյանին, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Փակագծերը կբացեմ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո, բայց բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատվեն, քանի որ իշխանությունը լուրջ մեղք ուներ նրանում, որ թույլ չէր տալիս իշխանափոխություն`ազատ ընտրությամբ: Դա կարող է առանձին մարդկանց ռադիկալիզացումը բացատրել»:

Իսկ Սամվել Բաբայանի մասով քաղաքագետը վերապահում ունի, քանի որ անգամ այն ուժը`ՕՐՕ դաշինքը, որի հետ Սամվել Բաբայանը մասնակցեց անցած տարի կայացած խորհրդարանական ընտրություններին, նրան քաղբանտարկյալ չի համարում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Քաղաքագետը կարծում է, որ ընտրությունները պետք է արագ անցկացվեն, քանի որ այս վերելքի ժամանակ մարդիկ ակտիվ են եւ սպասելիքները այլ, ու անգամ մարդիկ, ովքեր նախկինում հակված էին փող վերցնել, հիմա չեն վերցնի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031