ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստան ժամանած Շեյխ Համադ Ջասիմ Բին Ջաբեր Ալ-Թանի անձնական գրասենյակի պատվիրակությանը` գործարար Սաիֆ-ուր-Ռեհման Խանի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև գործընկեր կազմակերպության` «Power of China»-ի նախագահ Սոն Դոնգշենգը։
Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» և ճանապարհաշինական այլ նախագծերի իրականացման ընթացքում հնարավոր համագործակցության ուղիները։
Օգտվելով այն փաստից, որ «Power of China» կազմակերպության ղեկավարը ևս ներկա է, Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում ընթացող շինարարական աշխատանքներին։ Այն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը, որն ընդգրկված է «Power of China» կազմակերպության կազմում։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ վերոնշյալ հատվածներում դեռևս աշխատանքների մեկնարկից թե՛ ժամկետների, թե՛ որակի լուրջ խախտումներ էին արձանագրվել։
Նա նշեց նաև, որ բազմիցս խոսել է այդ մասին «Սինոհիդրո»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարների, «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահի հետ, արդյունքում բավական թերացումներ շտկվել են, բայց աշխատանքի կազմակերպման ձևը դեռևս գոհացուցիչ չէ։
Հայաստանում ընկերությունը ներկայացնող ղեկավարությունը դժվարանում է միջազգային նախագծի չափանիշներին համապատասխան աշխատանք կատարել, այդ թվում նաև` փաստաթղթային ձևակերպումների առումով։
«Power of China» կազմակերպության նախագահը լսեց մտահոգությունները և խոստացավ անդրադառնալ բարձրացված բոլոր խնդիրներին։ Նա ասաց, որ իրենք մեծապես շահագրգռված են այս ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնել։
Վահան Մարտիրոսյանն էլ իր հերթին նշեց, որ Հյուսիս-հարավ միջանցքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի և չափազանց կարևոր է այն օր առաջ և որակով իրագործել։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն