Այն, օրերին, երբ Հայաստանում կայանում էին «Իմ քայլը» շարժման բազմահազարանոց երթերն ու բողոքի գործողություները, ադրբեջանական քարոզչամեքենան ինչ-որ պահի փորձում էր ներկայացնել, թե ՀՀ-ն ուր որ է՝ ամբողջությամբ քաոսի մեջ կհայտնվի: Այս մասին այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության եւ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Իրենք պատկերացմամբ՝ այդ փաստից պետք է օգտվեր ադրբեջանական բանակը»,-նկատեց նա:
Սամվել Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ տարօրինակ է, եւ, երեւի, առաջին դեպքն, որ ՀՀ-ի ներսում այդ օրերին հիմնականում լուրջ չընդունվեց սահմանային վտանգը: «Դա պայմանավորված էր ոչ թե նրանով, որ մարդիկ լուրջ չէին ընկալում հակառակորդի տեխնիկայի տեղաշարժի փաստը, այլ նրանով, որ մեր բանակը մնաց չեզոք: Դա էլ վստահեցնող գործոն եղավ. բոլորը հասկանում էին, որ բանակն իր առաքելությունը կատարում է»:
Փորձագետը նշեց, որ մինչեւ երեւանյան բազմամարդ ցույցերը հատկապես «Թվիթեր»-ում Ադրբեջանի իշխանական կուսակցական երիտթեւի մեծ բանակ էր գործում. «Նրանց առաքելությունը ՀՀ-ն վարկաբեկելն է, սակայն այդ օգտատերերը բավականին պասիվացել էին ցույցերի օրերին: Պատճառը՝ մինչեւ իրենց քարոզչական կենտրոնում որոշում էին ինչ անել, ՀՀ-ում իրավիճակն արագորեն փոխված էր լինում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ