Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ կառավարության մեջ գործարարներ չեն լինելու

Մայիս 07,2018 13:08

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում էր: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ աշխատանքային որոշ հարցեր էր քննարկում:

Նա ասաց, որ այսօր զբաղված է վաղվա իր ելույթով: Հարցին՝ հետո ի՞նչ է լինելու« կառավարության ծրագիր դուք ներկայացնելո՞ւ եք՝ Փաշինյանը պատասխանեց, որ այո, մշակում են եւ ՀՀԿ-ն, իր կարծիքով, կընդունի այն. «Ինչու եք շտապում, եկեք օրվա խնդիրները լուծելով՝ գնանք առաջ, որովհետեւ ռազմավարական խնդիրներն արդեն իսկ լուծել ենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե կառավարության կազմի հետ կապված ճի՞շտ են շրջանառվող լուրերը, հաշվի առնելով, որ Խաչատուր Սուքիասյանի անունն է շրջանառվում, արդեն մարդիկ դժգոհություն են հայտնում, որ օլիգարխիան էլի վերադառնում է իշխանության՝ այլ դեմքերով: Փաշինյանը պատասխանեց, որ ինքը հավաստիացնում է, որ  կառավարության մեջ գործարարներ չեն լինելու: Նա վստահեցրեց, որ որեւէ առաջարկ չի ստացել այդ առնչությամբ: Թե Սուքիասյանի թեկնածությանն ինչպե՞ս է վերաբերում՝ նա պատասխանեց. «Արդեն ասացի»: Հիշեցնենք, որ ավելի ուշ Խաչատուր Սուքիասյանի գրասենյակը հերքեց այն լուրերը, թե իբր գործարարն այդպիսի հավակնություններ ունի:

Հարցին՝ ամսի 8-ից հետո, իշխանության մաս կազմող օլիգարխների համար հնարավո՞ր է հանդիպում լինի եւ նրանց հասկացվի, որ այսուհետեւ խաղի այլ կանոններ են լինելու՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես իմ ելույթում կանդրադառնամ դրան: Իհարկե, պետք է խաղի կանոնները փոխել: Բայց ուզում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում վենդետաների: Ես դա իմ ելույթում էլ կասեմ: ՀՀ-ում քաղաքական եւ տնտեսական հետապնդումների էջը փակված է, եւ մենք խնդիր ունենք համաձայնության մթնոլորտ ստեղծելու»:

Հարցին՝ քննություններ չե՞ն լինելու, պատասխանատվություն կրողներ չե՞ն լինելու՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ վենդետաներ չեն լինելու»:

Լրագրողները ճշտեցին՝ անգամ Մարտի 1-ի հարցո՞վ՝ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ մի հարցով վենդետաներ չեն լինելու»:

Նա ասաց, որ հանրությունը կստանա բոլոր հարցերի պատասխանները, բայց այն մթնոլորտը, որը այսօր կա ՀՀ-ում, սիրո եւ հաշտության հեղափոխությունից հետո այդ մթնոլորտն էլ չի լինի. «Բայց սա չի նշանակում, որ այն նպատակները, որոնք դրված են՝ երկրում օրենքի իշխանություն եւ օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարության խնդիրները չեն լուծվելու: Ես ասում եմ, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են եւ մեկը մյուսի հաշվին երբեք չի արվելու: Բոլորս այս ընթացքում համոզվեցինք՝ այդ խնդիրները լուծվելու են»:

Նա ասաց, որ մայիսի 8-ից մենաշնորհներ չեն լինելու: Հարցին՝ կարո՞ղ են ներկրել արդեն շաքարավազ, բանան՝ նա պատասխանեց. «Քանի որ այս պահին վարչապետ չեմ, ես չեմ ուզում ոչ մի հայտարարություն անեմ, իմ վարչապետ ընտրվելու պահից՝ այո, պետք է հետեւենք, որ այդ հայտարարությունից հետո իրադրությունը փոխվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031