Այս պահին «Նաիրիտի» մի խումբ աշխատակիցներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում են, որը գտնվում է կառավարության ընդունելությունների տանը՝ Մաշտոցի պողոտայում: Նրանք պահանջում են, որպեսզի նախագահն իրենց ընդունի: Նախագահականից ասացին, որ սպասեն:
Նաիրիտցիները եկել են Արմեն Սարգսյանին դժգոհելու դատարանների եւ դատավորների կողմնակալ վերաբերմունքից: Նրանց գործերն այս օրերին դատարաններում են, եւ ինչպես նաիրիտցիներն են նշում, դատավորները միտումնավոր ձգձգում են, նույնիսկ դատեր կան, որ մեկ տարի հետո են նշանակվում: Ոչ պատշաճ վերաբերմունքի համար նաիրիտցիների փաստաբանը բողոք է պատրաստում Եվրադատարան: Շուտով այն կներկայացվի:
Բացի այդ, նաիրիտցիները պահանջում են վերագործարկել գործարանը՝ ներկայացնելով այն հիմքերը, որոնք մինչ այդ մերժել է կառավարությունը: Նրանք «Նոյյան տապանում» ասուլիսում իրենց խնդիրները բարձրաձայնելուց հետո ոտքով շարժվեցին դեպի նոր նախագահի նստավայր:
Այս պահին դատարանում 132 նաիրիտցու հայցադիմում է, որոնք պահանջում են չվճարված աշխատավարձերի տույժ-տուգանքները: Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի խոսքով՝ տույժ-տուգանքները, որոնք պետք է գործարանը վճարեր որպես հավելյալ գումար՝ երկար տարիներ աշխատավարձ չվճարելու պատճառով, կկազմի մոտ 15 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ այս պահին սնանկության հանձնաժողով է ստեղծված եւ «Նաիրիտի» գույքը վաճառելով փորձում են մարել կազմակերպություններին ունեցած պարտքերը:
Կարեն Իսրայելյանը համոզված է, որ «Նաիրիտը» միանգամայն աշխատող օբյեկտ է եւ նրա արտադրանքը աշխարհում պահանջարկ ունի: Սակայն ներկայիս կառավարությունը ամեն ինչ արել է, որպեսզի հնարավոր ներդրողները չփորձեն «Նաիրիտն» աշխատեցնել, քանի որ դրա արդյունքում նախկին եւ ներկա կառավարության բոլոր մեքենայությունները ջրի երես են դուրս գալու: Այսօր նաիրիտցիները հույս ունեն, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը կգնա ընդառաջ եւ փուլ առ փուլ «Նաիրիտի» հարցին լուծում կտա, ներդրողներ էլ կհայտնվեն, ինչի արդյունքում հարյուրավոր աշխատատեղեր կստեղծվեն: Նրանք պատրաստվում են այդ հարցը քննարկել նոր կառավարության հետ, քանի որ վստահ են, նոր կառավարության ղեկավարները այդ հարցում որեւէ կաշկանդվածություն չունեն:
Նաիրիտցիները մտադիր են իրենց փաստաբան Տիգրան Սարգսյանի ուղեկցությամբ այսօր գնալ նաեւ վճռաբեկ դատարան՝ իրենց բողոքը դատավորներին հայտնելու:
Արդեն մոտ 20 րոպե է՝ նաիրիտցիները նախագահի նստավայրի առջեւ են:
Ուշագրավ է, որ նաիրիտցիների ցույցը հսկում է ընդամենը 2 ոստիկան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ