«Հիմա ընտրություններ նշանակելու սահմանադրական ճանապարհ գոյություն չունի»: «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը: Մինչդեռ համաժողովրդական շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի նպատակը, ՀՀԿ-ի վերջնական «կապիտուլյացիայի» համար, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է: Իսկ մինչ այդ, ինչպես հենց Փաշինյանն ու քաղաքագետներն են նշում, մի շարք օրենսդրական փոփոխություններ են հարկավոր անել, օրինակ՝ Ընտրական օրենսգիրքը: Նախօրեին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար կան սահմանադրական մեխանիզմներ, որոնք կկիրառեն: Փաշինյանն ասել է. «Կարծում եմ՝ այս իրավիճակը վերջնականորեն լուծված չի համարվի, եթե արտահերթ ընտրություններ տեղի չունենան»։
Իսկ մինչ այդ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարել է՝ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ, եւ եթե նրա ներկայացրած կառավարության ծրագիրը հաստատվի խորհրդարանում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու:
ՀՀԿ-ի ցանկությունն է ԱԺ-ում մնալ մեծամասնություն, որի շնորհիվ էլ հնարավոր կլինի տապալել Փաշինյանի թիմի օրենսդրական այնպիսի նախաձեռնությունները, որոնք ձեռնտու չեն ՀՀԿ-ին: Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի ռազմավարությունը պարզ է՝ Հայաստանի Հանրապետության իրական իշխանությունը գտնվում է Ազգային ժողովում. «Պարզ չէ՝ եթե ընտրությունները շուտ լինեն, իրենք քանի՞ տոկոս կարող են հավաքել: Ուստի ՀՀԿ-ի գերխնդիրն է պահպանել այս խորհրդարանը: Այսինքն՝ գոնե մեկ տարի ԱԺ-ն ու կառավարությունը աշխատելու են»:
Քաղաքագետի ներկայացմամբ՝ եթե այս ամենը դիտարկենք սահմանադրական տարբերակների ենթատեքստով, ապա ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի պաշտպանի ԱԺ-ում իր մեծամասնությունը. «2-րդ՝ գոյություն ունի Ռուսաստանի ազդեցությունը, ՌԴ նախագահը պարզ արտահայտվել է՝ բոլոր խնդիրները լուծել 2017 թվականի ընտրությունների արդյունքների հիման վրա: Ո՞րն է դրա իմաստը՝ ՌԴ-ն ունի որոշակի մտահոգություններ աշխարհաքաղաքական հնարավոր խնդիրների հարցում: Եվ դրա համար որպես երաշխիք ԱԺ-ում տեսնում է ՀՀԿ-ին, եւ ոչ միայն ՀՀԿ-ին, նաեւ «Ծառուկյան» եւ Դաշնակցություն խմբակցությունների ճնշող ազդեցությունը: Սրանք երաշխիք են, որպեսզի կտրուկ քայլեր չլինեն: Չնայած որ Փաշինյանը նման ցանկություններ չունի էլ»:
Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանին, եթե անգամ արտահերթ ընտրությունները մեկ տարուց շուտ չլինեն, այդ խնդրահարույց օրենքներում փոփոխություններին հասնել՝ ԱԺ-ում ՀՀԿ-ի մեծամասնության դեպքում: Դանիելյանն այս առնչությամբ ասաց՝ որ ՀՀԿ-ի՝ ԱԺ-ում մեծամասնությանը նայենք, ապա Փաշինյանը չէր էլ կարող ընտրվել վարչապետ, այդ ամենը եղավ փողոցի ճնշման ներքո եւ հետագայում էլ այդպես կարող է լինել: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն հայտարարել է, որ մայիսի 8-ին ՀՀ-ն ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ, եւ ՀՀԿ-ն սատարելու է ԱԺ-ի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: Իսկ նա Փաշինյանն է:
Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ եթե հանրությանը բացատրվի, թե այդ օրենքների փոփոխությունը որքան կարեւոր է, հանրությունը նույնկերպ կարող է ճնշել, առավել եւս, որ կարող են լինել նաեւ կառավարության լծակները. «Եթե Փաշինյանը մտադրված է դա անել, ապա դա կարելի է անել թեկուզ մեկ տարի հետո, եւ նոր օրենքներով լինեն նոր ընտրությունները: Պետք է հանրային գիտակցության վրա ազդելու ճիշտ քաղաքականություն լինի, որտեղ կարեւոր դեր են կատարելու մամուլը, հանրային կարծիքի վրա ազդող մարդկանց դիրքորոշումները: Այդ դեպքում ՀՀԿ-ն նույն կերպ կհանձնվի օրենքները ընդունելու ժամանակ: Եթե սա ճիշտ չկատարվի, ապա մենք կտեսնենք ՀՀԿ-ի վերադարձը դեպի իշխանություն»:
Այլ տարբերակներ էլ կան օրենսդրական փոփոխություններն իրականացնելու համար: Ըստ Դանիելյանի՝ հնարավոր է որոշ պատգամավորներ փոխեն իրենց դիրքորոշումը, նաեւ ընտրողները շարունակեն ճիշտ աշխատել պատգամավորների հետ, հետո ձեւավորել համապատասխան հանրային կարծիք այդ օրենքների վերաբերյալ, եւ այդ մարդիկ չեն կարող հանրային կարծիքին դեմ գնալ:
«ՀՀԿ-ն բաղկացած է տարբեր մարդկանցից, այնտեղ կան գործարարներ, որոնք կշարժվեն բիզնես շահերով, այս մարդկանց շահերը տնտեսական ոլորտում են, նրանք չեն գնա հանրության դեմ, կոնֆլիկտի չեն գնա: Կա մյուս շերտը՝ տեղական հեղինակությունները, որոնք ընտրվել են տարածքային ցուցակներով, դրանց հետ տեղամասերի բնակչությունը կարող է աշխատել, եւ նրանց կապը կառավարության հետ ավելի ուժեղ է: Նրանք տեղերում շահեր ունեն, կարծում եմ՝ նրանք իրենց շահերը կընտրեն, ոչ թե մի կուսակցության, որի ապագան պարզ չի: Կա մեկ այլ տարբերակ էլ՝ քաղաքական հիմնական թիմը, որի մեջ է Աշոտյանը, նրանք կմնան փոքրամասնություն, ու այդ կրթված մարդիկ դրական դեր կարող են կատարել, քննադատել եւ գուցե որոշ դեպքերում՝ օբյեկտիվ: Իրենց ուղղակի պետք է ճիշտ օգտագործել եւ կարող են դեր խաղալ խորհրդարանում»,- ասաց Դանիելյանը:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա քաղաքագետի կարծիքով՝ ՀՀԿ-ն մայիսի 8-ից հետո իշխող կուսակցություն չի լինի, վարչական լծակներ չի ունենա, ասենք՝ ոստիկանությունն ու դրա անձնագրային կառույցը, որը ընտրողների ցուցակների հետ է աշխատում: Բացի այս, Դանիելյանն ասաց, որ հիմա հանրությունն էլ է փոխվել, եւ ընտրակաշառք վերցնող մարդիկ իրենց տարածքներում կարող են ընկալվել ազգի, հայրենիքի թշնամի:
«Եթե լինեն ընտրություններ, կարծում եմ՝ մասնակցությունը լայն կլինի, եւ հնարավոր է նոր կուսակցություններ լինեն, եւ բացարձակ պարտադիր չէ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթի: Նոր, ժամանակակից մտածողությամբ կուսակցություններ կարող են ստեղծվել, որոնք միտված կլինեն ապագային, եւ որոնց անդամների որակը կլինի ավելի բարձր: Դեռեւս փաստ չէ, որ մեկ տարի հետո նոր ընտրություններ կլինեն: Եթե նոր կառավարությունը ճիշտ քաղաքականություն չվարի, հնարավոր է, որ խորհրդարանը անվստահություն հայտնի կառավարությանը, եւ ներկա խորհրդարանը նոր կառավարություն ընտրի ու չգնա արտահերթի: Հնարավոր է խորհրդարանում նոր մեծամասնություն ստեղծվի, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ պատգամավորներից, որոնք կպաշտպանեն կառավարությանը, եւ նոր դասավորություն կտեսնենք ԱԺ-ում: Այս դեպքում արտահերթի կարիք չի լինի»,- ասաց քաղաքագետը:
Ընտրությունները, ինչպես Դանիելյանն ասաց, իրավական կարգավորումներ ունեցող միջոցառում են՝ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը համապատասխան, Սահմանադրությունը թույլ չի տալիս, մինչեւ մեկ տարին գործող կառավարությանը խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնել. «Իսկ եթե նոր կառավարությունը չկարողանա գործել, վայր կդնի «պորտֆելները», կստեղծվի լրիվ նոր կառավարություն: Այսինքն՝ Սահմանադրությամբ՝ մինչեւ 1 տարին հնարավոր չէ նոր ընտրություններ կազմակերպել, եթե 2 անգամ վարչապետ չընտրեն կամ կառավարության ծրագիրը չհաստատեն: Բայց այս դեպքում կրկին կհայտնվենք այն վիճակում, ինչ մինչ այս եղել է: ԱԺ-ն չի կարող նոր կառավարությանը անվստահություն հայտնել: Այսինքն՝ ընտրություններ կազմակերպելը Փաշինյանի ցանկություններով չէ: Այս պահին ես դրա հնարավորությունը չեմ տեսնում»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
05.05.2018