Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջ «հավերժության քաղաքականությանը». Ինչո՞ւ Հայաստանում իշխանությունները զիջեցին. BBC

Մայիս 07,2018 11:34

Մի անգամ՝ մի քանի տարի առաջ, մի հայ դիվանագետ ինձ ասաց, որ ժամանակն է դադարել Հայաստանն անվանել հետխորհրդային պետություն: Այսօր 2003թ. վրացական «Վարդերի հեղափոխությամբ» սկսված գործընթացը շարունակվում է, BBC-ի ռուսական ծառայության կայքում գրում է լրագրող Էլեն Մելիքաշվիլին:

Նախկին խորհրդային հանրապետությունները դանդաղ, տարբեր ճանապարհներով դառնում են բնականոն զարգացող հասարակություններ, որտեղ հասարակ քաղաքացիները ստիպում են իշխանությանը լսել իրենց կարծիքը:

Չնայած քաղաքական տարածությունը վերահսկելու իշխանությունների փորձերին՝ հասարակությունը նույնպես հավակնում է հասարակական կյանքի վրա ազդող հարցերում որոշումներ կայացնելու դերին:

Հայաստանի դեպքում այստեղ առաջ է գալիս երկու ասպեկտ, որը հետաքրքրում է բոլորին, կարծում է Մելիքաշվիլին:

Առաջին. ինչո՞ւ իշխող կուսակցությունը փոխզիջման գնաց և ուժ չգործադրեց: Ինչպե՞ս դա բացատրել մի երկրում, որտեղ խնդիրները՝ ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական կամ քաղաքական, ունեն մեկ ընդհանուր հայտարար՝ աշխարհաքաղաքականություն:

Եվ երկրորդ. ինչպե՞ս կարող են երևանյան իրադարձություններն ազդել Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության վրա:

Վերնախավի սխալը

Անմիջապես նշենք, որ իշխանությունը Հայաստանում, այնուամենայնիվ, փորձեց հասարակությանը կառավարել ուժային մեթոդներով (ապրիլյան ցույցերի ժամանակ ընդդիմադիրների ձերբակալությունները), սակայն ժողովուրդն ընդդիմացավ դրան:

Մոտ մեկ քառորդ դարի ընթացքում Հայաստանում իշխող վերնախավը չի փոխել իր հայացքները այն սպառնալիքների ու մարտահրավերների նկատմամբ, որոնց առաջ կանգնած է երկիրը, ինչն էլ մեծ հաշվով գլխավոր դերը խաղաց Հայաստանի կառավարական ճգնաժամում:

Կարելի է ասել, որ դա «հավերժության քաղաքականության» փորձ էր, եթե հետևենք ամերիկացի պատմաբան Թիմոթի Սնայդերի եզրաբանությանը, երբ քաղաքական վերնախավը պտտվում է միևնույն ցիկլի շուրջ՝ դրանով իսկ իր քաղաքականությունը դարձնելով «հավերժ»:

Այլ կերպ ասած՝ հավերժության քաղաքականությունն այն է, երբ կառավարությունն ի վիճակի չէ շոշափելի արդյունքներ առաջարկել իր քաղաքացիներին և առաջարկում է միայն «պաշտպանություն թշնամիներից»:

Երբ Երևանում ժողովուրդը դուրս եկավ փողոց, բարձրագույն իշխանության գլխավոր նպատակն էր ապահովել իրենց անփոխարինելիությունը ցանկացած մեթոդով, այդ թվում՝ ուժային:

Նախկին նախագահ և վարչապետ Սերժ Սարգսյանը փաստացի փորձում էր պահել իշխանությունը՝ շահարկելով հիմնական օրենքը՝ երկիրը նախագահականից դարձնելով խորհրդարանական հանրապետություն, ինչը նրան թույլ կտար, հետխորհրդային տարածությունում մի շարք այլ առաջնորդների նման, դառնալ երկրի ցմահ ղեկավար:

Բայց նա մոռացել էր, որ խոստացել էր սահմանադրական փոփոխություններից հետո չառաջադրել վարչապետի պաշտոնում:

Եվ այնուամենայնիվ, Սարգսյանը որոշեց փորձել պահել իշխանությունը: Այստեղ հասարակությունը հիշեցրեց իր մասին և նրան առաջարկեց հեռանալ: «Հավերժության քաղաքականությունը» դադարեց գրավիչ լինել հասարակության համար:

Անցում խորհրդային անցյալից

Ամենայն հավանականությամբ, Սարգսյանը հասկացավ, որ ժողովրդին դեմ գնալը միայն կվատթարացնի իր դիրքեր:

Հայաստանում շատ դժվար է մոբիլիզացնել բանակն ու ոստիկանությունը ժողովրդի դեմ: Հատկապես որ Ղարաբաղյան հակամարտության պատճառով առաջացած կիսառազմական դրությունն առանց այն էլ համախմբել է հասարակությանը: Ցուցարարների շարքերում անզեն զինվորականների հայտնվելը դարձավ հստակ ցուցիչ այն բանի՝ ում կողքին կկանգնի բանակն այդ իրավիճակում:

Հետևաբար, հնարավոր է, որ նա հենց այդ ժամանակ հրաժարվեց ուժային մեթոդից: Ոմանք կարող են ասել, որ Սարգսյանն այդ որոշումն ընդունել է Արևմուտքի ճնշման տակ, կամ որ ցուցարարներին «օգնել է Արևմուտքը»:

Հենց այդպես էր կառուցված դիսկուրսը, հատկապես Վրաստանում 2003թ. իրադարձություններից հետո. այն ամենը, ինչ դուր չէր գալիս Կրեմլին, բացատրվում էր Արևմուտքի ազդեցությամբ: Ուշագրավ է, որ այս անգամ Մոսկվայի կողմից նման հայտարարություններ չհնչեցին:

Սարգսյանը զիջեց և դրանով իսկ սկզբունքորեն օգնեց և՛ իրեն, և՛ երկրին: Դատելով նրա ընտրությունից՝ կարելի է ասել, որ Հայաստանը դուրս է գալիս հետխորհրդային անցյալից: Պատկերացումները փոխվում են, և էլեկտորատն այսուհետ չի ընդունի այն փաստարկները, որոնք նախկինում աշխատում էին:

Հարկ է նաև նկատել, որ ժողովրդի հետ պայքարի ուժային մեթոդը բոլշևիկյան , այսինքն` խորհրդային) ֆենոմեն է, որը, ըստ ամենայնի, աստիճանաբար կորցնում է համոզչությունը:

Հայաստանը կատարեց շատ կարևոր քայլ՝ տոտալիտարիզմից դեպի մարդասիրություն, երբ իշխանությունը «հատուկ միջոցներ» չկիրառեց և ընդառաջ գնաց հասարակությանը:

Ղարաբաղը՝ որպես «հավերժության քաղաքականության» մաս

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այն մեկուսացված տարածք է, որը գտնվում է «սառեցված» պատերազմի վիճակում՝ Բաքվի ու Երևանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ դերակատարների արտաքին քաղաքական տարաձայնությունների պատճառով:

Ղարաբաղի բնակիչները չեն կարող մասնակցել բաց քննարկումների, նրանք ռազմական դրության մեջ են:

Բացի այդ, Ղարաբաղյան հակամարտությունը՝ միջազգային է, այստեղ բավական բարձր է արտաքին դերակատարների ակտիվությունը, որոնք անկլավի ապագա կարգավիճակի շուրջ միանգամայն իրար հակասող կարծիքներ ունեն, և Երևանում իշխանափոխությունը կարող է կտրուկ կերպով ազդել կարգավորման գործընթացի վրա:

Չնայած Հայաստանում հասարակական ակտիվությունը կարող է ռեզոնանս առաջացնել նաև Ադրբեջանում: Իսկ փոփոխությունները, եթե դրանք լինեն բաժանման գծի երկու կողմերում, կարող են հանգեցնել հակամարտող կողմերի միջև լարվածության նվազեցման:

Լեռնային Ղարաբաղի շուրջ դիսկուրսը նույնպես «հավերժության քաղաքականության» մի մասն է, որն օգնում է քաղաքական վերնախավերին պահպանել վերահսկողությունը հասարակության նկարմամբ: Ուստի շատ բարդ է խոսել հակամարտության հետ կապված հեռանկարների մասին:

Հայտարարների փոփոխություն

Եզրակացության մեջ հարկ է նշել, որ Հայաստանում ընթացող սոցիալական գործընթացը մերժում է ուժը՝ որպես իշխանության պահպանման գործիք և ցույց է տալիս առաջնորդներին, որ նրանք պետք է փոխվեն կամ հեռանան:

Երբ իշխանությունները դիմում են սահմանադրական փոքրամասնությանը՝ վերահսկողությունը պահպանելու համար, դա խոսում է գաղափարական ճգնաժամի մասին, և զարմանալի չէ, որ ցանկացած աշխատունակ հասարակություն կընդդիմանա դրան:

Այլ կերպ ասած, Հայաստանում ցույցերը ցույց տվեցին, որ «հավերժության քաղաքականությունը» հանգեցնում է կառավարման ճգնաժամի և չունի երկարատև վերահսկողության ներուժ:

Իշխանությունը չի կարող գոյատևել առանց նոր գաղափարների՝ շահարկելով միայն աշխարհաքաղաքական մարտահրավերները, և դրանով իսկ քողարկելով տնտեսական և քաղաքական խնդիրները, որոնք կառավարությունը պատրաստ չէ լուծել:

«Հավերժության քաղաքականությունն» այն է, ինչն անցյալում է պահում նախկին խորհրդային հանրապետություններին՝ ստեղծելով վախի և անպաշտպանվածության դիսկուրս:

Բայց եթե հայ հասարակությունն ի վիճակի է մրցակցել իշխանության հետ՝ հանուն քաղաքական տարածության և պատրաստ է հրաժարվել հետխորհրդային ժառանգությունից, ապա դա կարող է նպաստել, որպեսզի մյուս նախկին խորհրդային ժողովուրդներն էլ առավել ակտիվ մասնակցեն քաղաքական գործընթացներին:

Հայաստանում հասարակությունը որոշեց փոխել քաղաքական հայտարարները, և ամենայն հավանականությամբ, կհասնի դրան, եզրափակում է Մելիքաշվիլին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031