Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ի «Նիկոլովան եւ Վելիչկովան ընդդեմ Բուլղարիայի» գործը

Մայիս 07,2018 12:30

Վերջերս դատական նիստերից մեկի ժամանակ պաշտպանական կողմի փաստաբանը հղում կատարեց «Նիկոլովան եւ Վելիչկովան ընդդեմ Բուլղարիայի գործին», որը լսվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, նախադեպային որոշումների մաս է կազմում: Այն վերաբերում էր երկու ոստիկանների գործողություններին, ըստ այդմ, հետաքրքիր կարող է լինել նաեւ ընթերցողների համար:

Նիկոլովայի ամուսինը մահացել է երկու ոստիկանների կողմից վնասվածքներ ստանալու հետեւանքով: Ստրասբուրգում առկա ԵԴ գանգատի համաձայն, դեպքի օրը տարածքային ոստիկանության արագ արձագանքման ուժերի տասնմեկ անդամ զորավարժություններ էին անցկացնում քաղաքից դուրս:

Հանկարծ ոստիկանության աշխատակիցներից մեկը նկատում է, որ գանգատաբերի 62-ամյա ամուսինը, ձեռքին ալեհավաքի նման մի բան՝ փորձարկում է: Կողքին մեկն էլ կար, հետագայում պարզվեց՝ որդին է: Ոստիկանների առաջին տպավորությունն այն էր, թե գործ ունեն գանձ որոնողների հետ:

Խմբի ղեկավարն ուղարկում է երկու ոստիկան քաղաքացիների մոտ:
Նկատենք, որ ոստիկանները քաղաքացիական հագուստով էին: Ու երբ նրանք մոտենում են տուժողներին, Նիկոլովն, անակնկալի գալով, ինքնապաշտպանական դիրք է ընդունում, ձեռքին կար այդ ժամանակ քլունգ:

Ոստիկանները խլել են քլունգը՝ սկսել հարվածել տուժողի գլխին:
Ապա գետնել են, ձեռնաշղթա հագցրել, տեղափոխել ոստիկանության բաժին:
Տուժողը բաժին տեղ հասնելուն պես ուշագնաց է լինում, անհրաժեշտ է լինում նրա համար կանչել շտապօգնություն: Գլխուղեղի արյունազեղությունը դադարեցնելու փորձն անհաջող վիրահատության պատճառով հանգեցրել է տուժողի մահվան:

Բժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվում է մահվան պատճառը:
Ոստիկանների դեմ հարուցվում է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվում սպանության հոդվածի հատկանիշներով, սակայն Բուլղարիայի քրեական օրենսգրքով ծանր հանցագործության մեջ մեղադրվողների համար կիրառվում է գրավ. նրանք ազատ են արձակվում:

Տուժողի իրավահաջորդի բողոքից հետո փոխվում է մեղադրանքը. ոստիկաններին մեղադրանք է առաջադրվում ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար, ինչը հանգեցրել է մահվան:

ՄԻԵԴ-ն ուսումնասիրելով նաեւ Բուլղարիայի կառավարության փաստարկները, արձանագրում է. «ոստիկանները դասեր չեն քաղել իրենց արարքից եւ որեւէ կերպ չեն զղջացել» իրենց հայրենական դատարաններում:

Այդ ժամանակահատվածում փոխվում է Քրեական օրենսգիրքը, եւ ոստիկանների գործը հանձնվում է զինվորական դատարանին: Տվյալ դեպքում Վառնայի տարածքային դատախազությունը նախաքննություն պետք է իրականացներ, ըստ ՄԻԵԴ դիմողների՝ քննիչները չորս տարի մատը մատին չեն խփում:

Չորս տարի հետո, բազմաթիվ բողոքներից հետո, գործն ուղարկվում է զինվորական գործերով քննիչին: Դատախազությունը վարույթը դադարեցրել էր հետեւյալ պատճառաբանությամբ՝ «աշխատանքային ծանրաբեռնվածության»: Սպանությունից հինգ տարի հետո ոստիկաններից մեկը հեռանում է համակարգից, իսկ երկրորդը աշխատում է բանկերից մեկի պահպանության բաժնում:

Բուլղարիայի դատարանում տուժողի որդին պահանջում է 4000 լեւ իր համար, իսկ 5000 լեւ էլ՝ հոր համար: Դատարանը ոստիկաններին դատապարտում է երեք տարվա ժամկետով ազատազրկման՝ պատժի կրումը դադարեցնելով հինգ տարով:
Հիմնավորումը հետեւյալն էր. «Արարքը կատարվել է անզգուշությամբ, նրանց դիտավորությունը դուրս չի եկել մարմնական վնասվածք հասցնելու շրջանակից: Նրանք չեն կանխատեսել տուժողի մահը»:

Դատավճռից երկու տարի հետո ոստիկանները հրաժարվել են փոխհատուցել, նրանք կատարողական վարույթի համաձայն՝ առգրավման ենթակա գույք էլ չեն ունեցել:
Տուժող որդին ու իրավահաջորդ կինը դիմում են փոխհատուցման կատարման համար ոստիկանություն: Ոստիկանության ստորաբաժանումը հայտնում է, թե փոխհատուցման գումարը վճարել է, իսկ գանգատաբեր կողմը հայտնել էր ՄԻԵԴ -ին, թե ոչ միայն չեն փոխհատուցել այն գումարները, որոնք պարտավոր էին վճարել ոստիկանները, այլ հանցանքի համար նշանակված պատիժը համաչափ չէր, ոչնչով չարդարացված ծեծի պատճառով մարդ է մահացել:

Ըստ ՄԻԵԴ-ի գնահատականի, գանգատաբեր կողմը Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի համաձայն՝ զոհի կարգավիճակի է հավակնում: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր, որ պետությունը մահացածի կնոջը պետք է փոխհատուցի 7000 եվրո, 10 000 եվրո էլ ոչ նյութական վնասի համար, իսկ որդուն՝ 10 000 եվրո հատուցում՝ ոչ նյութական վնասի համար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Այսուհետ կտպագրենք նաեւ Հայաստանի դատարաններում ՄԻԵԴ այն որոշումների մասին, որոնց մասին հիշատակվում է:

«Առավոտ»

05.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031