Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյան. «Ես ուզում եմ փոփոխություն տեսնել հնարավորինս արագ»

Մայիս 07,2018 10:33

Հարցազրույց Մաեստրո Կոնստանտին Օրբելեանի հետ

Մաեստրո Կոնստանտին Օրբելեանն առաքելություն ունեցող մարդ է։ Բնավ հետաքրքրված չէ մանրաքայլ բարեփոխումներով, ոչ էլ ժամանակավոր լուծումներով. տոգորված անհագուրդ որոնումներով և ձգտումներով՝ նա փափագում է Երևանի օպերային թատրոնը՝ այն հոգեհարազատ հաստատությունը, որին ծառայում է, վերածել համաշխարհային բարձրակարգ երաժշտական կենտրոնի։

Այն օրից ի վեր, երբ 2016 թ.-ին Օրբելեանն ստանձնեց Երևանի Օպերային թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, մեր ազգային ինքնատիպ գոհարը՝ օպերային թատրոնը մի նոր դարաշրջան թևակոխեց։ Ի սկզբանե, Օրբելեանը խորամուխ է եղել ոչ միայն արդիականացնելու 85-ամյա թատրոնը, այլ նաև մի շարք լրջագույն նախաձեռնություններ իրականացնելու, որոնք զգալիորեն կբարձրացնեն թատրոնի արտիստների պրոֆեսիոնալ չափանիշները, կխթանեն միջմշակութային ծրագրերի իրականացմանը, կընդլայնեն և կհարստացնեն թատրոնի երկացանկը՝ հանձն առնելով մի շարք օպերային գլուխ գործոցների կատարումը։

Թեև կարելի է ենթադրել, որ ցանկացած դիրիժոր և գեղարվեստական ղեկավար պետք է տոգորված լինի այսպիսի նվիրումով, սակայն ապշեցուցիչ է, որ Օրբելեանն ինքն անձամբ է հովանավորում և շարունակում հովանավորել այս նախաձեռնություններից շատ-շատերը. այլ կերպ ասած՝ Երևանի Օպերային թատրոնի գլխավոր հովանավորներից մեկն է։

– Երևանի Օպերային թատրոնում ձեր պաշտոնավարման սկզբից ի վեր, դուք զարկ եք տվել Երևանի օպերային թատրոնի անձնակազմի՝ երաժիշտների, երգիչների և պարողների արտիստիկ հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված հեռանկարային ծրագրերին՝ ձեր սեփական միջոցներով։ Եվ հենց այս նպատակի իրագործման համար էլ հրավիրել եք մի շարք աշխարհահռչակ կարկառուն արվեստագետների, ի թիվս այլոց՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի փոխտնօրեն Ջոն Ֆիշերին, նույն օպերայի երկրորդ դիրիժոր Հաուրդ Ուաթքինսին, Հյուսթոնի Գրանդ Օպերայի գեղարվեստական ղեկավար Դայան Զոլային, Լա Սկալայի, Մետրոպոլիտեն Օպերայի և Վիեննայի Պետական Օպերայի պրիմա դոննա, սոպրանո Բարբարա Ֆրիթոլիին, Մաստրիխտի կոնսերվատորիայի ձայնի և օպերային արվեստի պրոֆեսոր, և Լատվիայի ազգային օպերայի վոկալի մասնագետ տենոր Աքսել Էվերարթին, Մոսկվայի Ստանիսլավսկու անվան և Մեծ թատրոնների օպերային մասնագետ Սվետլանա Եֆիմովային։ Սա արել եք, որ նրանք վերապատրաստեն և վարպետաց դասեր մատուցեն Երևանի Օպերային թատրոնի անձնակազմին։ Ինչպե՞ս կգնահատեք այս ամենի թողած ազդեցությունը և արդյոք այն շարունակական բնույթ կունենա՞։

– Ես իսկապես հավատում եմ, որ ձեր նշած համաշխարհային արտիստների հետ հանդիպելն ու աշխատելը անկասկած հսկայական ազդեցություն կթողնի այն երիտասարդ արտիստների վրա, որոնց բախտ կվիճակվի նրանց հետ աշխատելու։ Մեր երիտասարդ երգիչները բացառիկ, հրաշագեղ ձայներ ունեն և նրանց, որոնց հաջողվեց այն մեկտեղել բարձրակարգ երաժշտական կրթության հետ արդեն միջազգային կարիերաներ ունեն։ Նրանցից են Լիպարիտ Ավետիսյանը, Գևորգ Հակոբյանը և Հովհաննես Այվազյանը, որոնք շատ սիրված երգիչներ են ռուսական և եվրոպական օպերային թատրոններում։ Ուրիշներն, ինչպես, օրինակ, հիասքանչ Հասմիկ Թորոսյանը, արդեն իր ուրույն տեղն ունեն Եվրոպայում։ Դեռ ավելին, ունենք նաև գերաստղեր արևմուտքում, ինչպես օրինակ Լիանա Հարությունյանը։ Այս ցանկը կարելի է շարունակել ու շարունակել։ Իմ նպատակն է Երևանի Օպերային թատրոնում նոր ներկայացումներ բեմադրելով մեր երիտասարդ երգիչներին հնարավորություն ընձեռել կատարելու Մոցարտի, Դոնիցետիի, Բելինիի և Ռոսինիի օպերաները՝ առանց այսպիսի գոհարներ կատարելու հնարավորությունը օտար ափերում փնտրելու։

-Այս 85-ամյա հաստատությունը չի վերանորոգվել վերջին տասնամյակների ընթացքում, Երևանի Օպերային թատրոնը բարեկարգման խիստ կարիք ունի։ Որո՞նք են ձեր հրատապ առաջնահերթություններն այս առումով։

– Եթե չեմ սխալվում, Օպերային թատրոնում վերջին նորոգումն իրականացվել է 1972 թվականին։ Տասնհինգ տարի առաջ զգալի ներդրումներ են արվել արդիականացնելու բեմի և լուսավորության տեխնիկան։ Եթե այսօր մտնեք օպերային թատրոն, ինքներդ կտեսնեք, փոփոխություններն ակնբախ են. ճեմասրահում կան ծաղկանոցներ և նստելու հարմարություններ, որտեղ հանդիսատեսը կարող է նստել և սպասել իրենց ընտանիքի անդամներին կամ ընկերներին մինչև ներկայացման սկսելը, փոխվել է նաև ամֆիթատրոնի հատակը, նաև ծաղկանոցներ եմ դրել պատուհանների կողքին։ Սակայն դեռ մի երկար ցուցակ կա այն ամենի, որ պետք է արվի. օրինակ՝ փորձասենյակների, հանդերձարանների, հանրային զուգարանների նորոգումը, ինչպես նաև ետնաբեմի տարածքների՝ զգեստների բաժնում աշխատող մեր հիանալի կանանց համար նախատեսված սենյակների նորոգումը։ Տարիներ առաջ ունեինք մեր սեփական դերձակների խումբը հենց թատրոնում, սակայն ինչ-որ անհայտ պատճառով, այն փակվեց և հիմա մենք ստիպված ենք ուրիշներից պատվիրել նոր հագուստները և թատերական գույքը (ռեկվիզիտները)։

-Սկսելով աշխատել օպերայում, դուք շարունակական և ազդեցիկ ջանքեր եք ներդրել բարձրացնելու թատրոնի հեղինակությունը միջազգային դաշտում, աշխատել եք բազմաթիվ դեսպանատների հետ Երևանում, համագործակցել երաժիշտների և դիրիժորների հետ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից և Ռուսաստանից։ Չէի՞ք ասի, թե որոնք են այդ ամենի անմիջական արդյունքները։

-Ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ ընդամենը մոտ մեկ տարի, 2017 թ. փետրվարին, և դեռ նոր է հերթը հասնում միջազգային համագործակցությանը ավելի լրջությամբ զարկ տալուն։ Այս ընթացքում, արել ենք որոշ նշանակալի քայլեր։ Աշխատանքներ եմ տանում Ֆրանսիայի դեսպանատան հետ Մասնեի հրաշալի «Մանոն» օպերան առաջին անգամ Երևան բերելու ուղղությամբ։ Անընդհատ փորձերի մեջ ենք՝ պրեմիերա ենք պատրաստում հոկտեմբերին՝ Ֆրանկոֆոնիայի միամսյակին։

Կապի մեջ եմ նաև Ռուսաստանի դեսպանության և Մշակույթի ինստիտուտի հետ. հույս ունեմ, որ կկարողանամ Ռուսաստանի հրաշալի թատրոններից մեկից մի ռուսական օպերա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»-ը կամ «Պիկովայա դամա» օպերան) բերել։

Պարզվում է, որ Իտալիայի նոր դեսպանը՝ Վինչենզո դել Մոնակոն, օպերա շատ է սիրում, ուստի միասին ծրագրեր ենք մշակում հայտնի իտալացի երգիչների ու բալետ պարողների Երևան բերելու ուղղությամբ։

Պատկերացրեք, թե որքան ժամանակատար գործընթաց է օպերա բեմադրելը, ուստի և հարկավոր է, որ լինի ժամանակացույց, որին բոլոր օպերաները պետք է հետևեն։

Այս պահին աշխատում ենք Բիզեի Կարմեն օպերայի նոր բեմադրության վրա մեր հմուտ ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ։ Այս գործընթացը տևում է մոտ 4-5 ամիս։

Վերջապես, ի հավելումն մեր ընթացիկ բեմադրությունների՝ համերգներ ենք ծրագրում տոնելու համաշխարհային անվանի կոմպոզիտորների, օրինակ՝ Լեոնարդ Բեռնշտայնի տարեդարձը։ Ամերիկյան դեսպանատան հետ մեկտեղ աշխատելու ենք մեր առաջին այդպիսի համերգի վրա, որը տեղի կունենա 2018թ. աշնանը նշելու Բեռնշտայնի ծննդյան հարյուրամյակը։ Ես շատ ոգևորված եմ մասնավորապես այս միջոցառման համար՝ ելնելով այն բանից, որ Երևանի Օպերային թատրոնն առաջինն էր նախկին ԽՍՀՄ-ում, որ բեմադրեց «Արևմտյան Կողմի Պատմությունը» 1962 թ.։

-Ելնելով ձեր այն սկզբունքից, որ պետք է պահպանել համապարփակ և բազմազան երկացանկի ավանդույթը Երևանի Օպերային թատրոնում, Դուք անձամբ ձեռնամուխ եք եղել հովանավորելու համաշխարհային մակարդակի բեմադրություններ թատրոնում։ Օրինակ, հայտարարել եք, որ ծրագրում եք «Չիպոլինո» մանկական բալետը բեմադրել Երևանում։ Խնդրեմ ասացեք, արդյոք ինչու՞ է կարևոր այս տեսակ գործեր ներկայացնել երևանյան հանդիսատեսին։

-Նոր երկացանկը էական նշանակություն ունի Օպերայի և բալետի թատրոնի համար, ոչ միայն ունկնդրի համար, այլև երգիչների, նվագախմբի երաժիշտների, երգչախմբի անդամների և անշուշտ բալետի պարողների համար։ Ինձ հաջողվեց բանակցությունների շնորհիվ ձեռք բերել Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետը Մեծ թատրոնից։ Եվ այն արդեն բեմադրվում է մեր թատրոնում։ Պարուսույց Գենրիխ Մայարովը պարզապես հիացած էր հանդիպելով մեր պարողների հետ անցյալ ամիս Երևան կատարած իր այցի ընթացքում, նույն կերպ զարմանում են և ձայնի մարզիչները մեր երգիչների հետ աշխատելիս։

-Թեև պարզից էլ պարզ է, սակայն որքա՞ն վճռորոշ է Երևանի Օպերային թատրոնի համար իր երկացանկում այնպիսի բարձրակարգ գործեր ներառելը, ինչպիսիք են Մասնեի «Մանոն»-ը։

-Հայաստանում չի բեմադրվել այս հիասքանչ «Մանոնը», որն ինձ հաջողվեց բերել Մոսկվայի Ստանիսլավսկու անվան թատրոնից։ Թատերական գույքն ու հանդերձանքը բերեցի Մոսկվայից մի քանի ամիս առաջ տասներեք մետրանոց բեռնատարներով։ Հյուրընկալել էի օպերային թատրոնի մի ամբողջ անձնակազմ՝ հագուստի ձևավորողներ, լուսավորության մասնագետներ, բեմի համակարգողներ, ռեժիսորի օգնականներ և անշուշտ, ռեժիսոր Անդրեյ Զագարսին մեկ ամբողջ ամիս մեր երգիչների, երգչախմբի և պարողների հետ աշխատելու համար։ Սա մեծ մարտահրավեր է մեր արտիստների համար և նրանք փայլուն կերպով հաղթահարում են այն։ Մեր հագուստներով փորձերը տեղի ունեցան ապրիլի 13-14-ին, շատ ոգևորիչ օրեր էին։ Ամենքը հիացած էին։

-Ինչպես արդեն նշեցիք, այս պահին աշխատում եք երկու օպերաների բեմադրության վրա, «Կախարդական սրինգ»-ի և «Կարմեն»-ի։ Այս տարի սեպտեմբերին դուք, մեկ անգամ ևս անձամբ հովանավորելու եք վերոնշյալ գլուխգործոցների բեմադրությունները Արաբական Միացյալ Էմիրություններում և Հայաստանի Հանրապետությունում։ Ի՞նչ կասեիք Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առկա մշակութային, մասնավորապես երաժշտական կապերի մասին։

-Մենք շատ ուրախ ենք, որ հրավեր ենք ստացել մեր երգիչներին տանելու Դուբայի օպերային հրաշալի թատրոն՝ 2018 թ. սեպտեմբերին։ Ի դեպ, սա առաջին անգամն է երկար տարիների ընթացքում, որ մեր թատրոնը հրավեր է ստացել հյուրախաղերի մեկնելու արտասահման։ Կարող եք պատկերացնել, թե որքան ծախսատար ծրագիր է։ Թեև Դուբայի Օպերան է հոգում մեր ճանապարհորդության, հյուրանոցի և այլ ծախսերը, ես պետք է ապահովեմ «Կարմեն»-ի և «Կախարդական սրինգ»-ի նոր բեմադրությունը։ Այս օպերաները բեմադրելը խիստ ծախսատար է և մեր թատրոնն ի զորու չէ հոգալու նոր ծրագրերի ծախսերը։

Ի դեպ, այս տարի օպերային հատկացվող պետական ռեսուրսները կրճատվել են 10 տոկոսով և ապա վարչական տույժեր են նշանակվել 2012-2013թ-ի ընթացքում կատարված խախտումների համար։ Սա դեռ իմ թատրոն գալուց տարիներ առաջ էր։ Ուստի ինձ ուրիշ տարբերակ չի մնում, քան հավելյալ ֆինանսավորման աղբյուրներ փնտրելը, թե՛ նոր բեմադրությունների համար, թե՛թատրոնի կարիքների համար։ Մասամբ հասել եմ հաջողության և հիմնականում կարիք է լինում օգտագործելու իմ սեփական միջոցներն անելու այն ինչը պետք է արվի ՀԻՄԱ։ Այո, կարելի է նստել ու սպասել տեսնելու, թե իմ ներդրած ջանքերի արդյունքում ֆինանսավորման որ աղբյուրները կբացվեն, սակայն ես ուզում եմ փոփոխություն տեսնել հնարավորինս արագ՝ թատրոնի արտիստների համար, մեր հայկական օպերա և բալետ սիրող հանդիսատեսի համար։

Հարցազրույցն անցկացրեց Սոնա Համալեանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես ոզջունում եմ, պր. Օրբելյանի բոլոր նախաձեռնություններին և հաջողություն եմ մաղթում: Բայց ես կուզեի, որ պր. Օրբելյանը կարևորություն տար, նաև, ազգայինի զարգացմանը: Համագործակցեր ժամանակակից հայ կոմպոզիտորների հետ, որպեսզի ստեղծվեն և բեմադրվեն այնպիսի գործեր, որոնք հոգեհարազատ լինեին այսօրվա հանդիսատեսին, որպեսզի զարգանար, նաև, հայ օպերային արվեստի ներքին մշակութային շուկան … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031