ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունն անդրադարձել է «Ռոսնեֆտ» ռուսական նավթային ընկերության փոխնախագահ, հեռուստալրագրող Միխաիլ Լեոնտեւի` «Ռադիո Կոմսոմոլսկայա պրավդա»-ի եթերում հայաստանյան իրադարձությունների մասին արտահայտած տեսակետին: Վերջինս, հիշեցնենք, անպարկեշտ եւ վիրավորական արտահայտություններ էր արել Հայաստանի հանրապետության եւ հայ ժողովրդի հասցեին:
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն իր տարածած հայտարարության մեջ հեգնանքով կասկած է հայտնում Միխայիլ Լենոտեւի կոմպետենտության մասով`թե ածխաջրածնային հանույթի ձեռքբերման եւ իրացման, այնպես էլ պատմության եւ աշխարհաքաղաքականության հարցերում: Բայց, ըստ հայտարարության, մասնավորաբար, հայ-ռուսական հարաբերություններին վերաբերվող հարցերում Միխայիլ Լեոնտեւը «ակնհայտորեն դադարել է գլուխ հանել», էլ չասած, Հայաստանում ձեւավորված ներքաղաքական իրավիճակից:
«Ի դեպ, Միխայիլ Լեոնտեւին ես անձամբ եմ ճանաչում ավելի քան քսան տարի, եւ կար ժամանակ, որ նրան համարում էի Անդրկովկասի հարցերով բավական տեղեկացված էքսպերտ: Բայց, այն, ինչ-որ նա «դուրս տվեց» այդ եթերի ժամանակ, կարելի է գնահատել իբրեւ վտանգավոր պրովոկացիա`ի հավելումն բացարձակ անտակտության ակնհայտ դրսեւորումներով»,- ասված է հայտարարության մեջ:
Զերծ մնալով արված արտահայտությունների կրկնությունից, դեսպանը սահմանափակվում է հարցով. «Ի՞նչ նկատի ունեք, պարոն մամուլի քարտուղար»:
Դեսպանն իր հայտարարության մեջ կրկին ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցողը բացարձակ կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ, որ այս ամենում Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղության փոփոխության մասին խոսք անգամ լինել չի կարող`նկատելով, որ հավանաբար հենց դա «ձեռք չի տալիս» Միխայիլ Լեոնտեւին: Դեսպանը չի բացառում, որ վերջինս ունի սեփական հետաքրքրություններն այդ հարցում, որոնք դժվար չէ կռահել:
Ամեն դեպքում, ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանի, մի բան ակնհայտ է. մամուլի քարտուղարի արած հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանը սեւացնելու եւ ողջ հայ ժողովրդի, այդ թվում նաեւ ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ արհամարհանք սերմանելու, փորձ:
Ամենայն խստությամբ դատապարտելով այդ հայտարարությունները, դեսպանը հորդորում է մեկ-երկու «տեսակետների» հիման վրա հետեւություններ չանել ռուսական լրագրողական եւ էքսպերտային հանրության մասին: ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցներին էլ հորդորում է`չտրվել այսպես կոչված «վերլուծաբանների» հայտարարություններին:
Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ