Մայիսի 1-ին, երբ Հայաստանում հեղափոխական իրավիճակ էր, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հայ, վրացի եւ ադրբեջանցի երիտասարդներն ակցիա են իրականացրել` հանդես գալով հարևանների հետ խաղաղ հարաբերությունների օգտին: Այդ շրջանակներում նախատեսվում է ստեղծել երիտասարդական ֆորում, որը բազմաթիվ նախաձեռնություններով հանդես կգա: Ֆորումի պատվիրակությանն ընդունելու եւ աջակցելու պատրաստակամություն արդեն հայտնել են Վրաստանի նախագահը, վարչապետը եւ հոգեւոր առաջնորդը: Այսպես կոչված, խաղաղության պլատֆորմի հեղինակներից է նաեւ ռուսաստանաբնակ հայ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը:
«Այս քայլի հիմնական հաղթանակն այն է, որ երիտասարդները հանդիպում են ոչ թե Ստրասբուրգում, Մոսկվայում եւ այլն, այլ հենց Կովկասում: Երիտասարդները կարող են ստիպել`հաշվի նստել իրենց կարծիքի հետ» Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արբակ Խաչատրյանը`հավելելով, որ իր սերունդը երիտասարդներին լավ ժառանգություն չի թողել, ուստի հիմա, պետք է գոնե օգնել ու ճիշտ ճանապարհի վրա դնել երիտասարդներին:
Շուտով երիտասարդների այս խմբին կմիանան նաեւ իրենց ռուսաստանցի տարեկիցները:
Նա կարծում է, որ վիճելի հարցերը հիմա եւ անհապաղ անհնար է լուծել, դրանք պետք է լուծվեն ժամանակի ընթացքում, իսկ մինչ այդ, այսպես կոչված, ժողովրդական դիվանագիտությունը պետք է փոխանցվի երիտասարդ սերնդին, նրանք պետք է սովորեն իրար կողքի եւ միմյանց հետ հաշտ ու խաղաղ ապրել եւ այդ ելակետով անցնել խնդիրների լուծմանը:
Այն, որ հարեւան Ադրբեջանի նախագահը դեռ ռազմական հռետորաբանությամբ է խոսում եւ սպառնում է Երեւանում թեյ խմել, Արբակ Խաչատրյանը հոգ չի համարում: Վստահ է`Ադրբեջանում կան երիտասարդներ եւ շատ, որոնք այլ կերպ են մտածում, ուստի, նրանց հետ պետք է աշխատել, քանզի ապագան երիտասարդությանն է:
Խաղաղության պլատֆորմի մասին Հայաստանում խոսեց Հայ ազգային կոնգրես կուսակցությունը եւ նրա առաջնորդը, 2016 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Արբակ Խաչատրյանից հետաքրքրվեցինք`այդ նախաձեռնությունները կապ ունե՞ն միմյանց հետ: «Ոչ մի կապ չունեն: Ես իմ մոտեցումներն ունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր վարած քաղաքականության հետ: Այն, որ ժամանակին Հայաստանում իշխանության եկան այս ուժերը, որոնք զբաղվեցին թալանով, նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալու արդյունքն էր»:
Այս համատեքստում, մեր զրուցակիցը կրկին վերահաստատում է իր կարծիքը`երկրի ղեկավարը պետք է կարողանա մի քիչ էլ զերծ մնալ մարդկային թուլություններից, որպեսզի դրանք չօգտագործվեն իր դեմ եւ վնասեն պետությանը:
Դառնալով մեր օրեր`ասում է`նախագահ Արմեն Սարգսյանի դեմ ոչինչ չունի, բայց հիշեցնում է`նախ նրա քաղաքացիության հարցն այդպես էլ թերի մնաց, ապա`վերջինիս ընտանիքը բնակվում է Անգլիայում: «Ցանկացած անձի համար ամենից վեր իր ընտանիքն է: Իսկ այն մարդուն, ում վրա հզոր երկրները կարող են ազդեցություն ունենալ, երբեք չպետք է երկրի ղեկավար ընտրել: Հարցն այն չէ, որ նրան կասեն`հաշիվներիդ վրա կալանք ենք դնում, քեզ էլ 200 տարով բանտ նստեցնում, եթե մեր ցուցումը չանես: Ազդեցությունը տարբեր ձեւի եւ տարբեր հարություններում է լինում»,-ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ