Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում եմ «Շիրակ» ակումբին շանտաժի և ուլտիմատումի լեզվով խոսելու փոխարեն հանդես գալ իրավական գնահատականներով. Ռուբեն Սինոյան

Մայիս 06,2018 17:04

ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի հայտարարությունը

Ի պատասխան «Շիրակ» ՖԱ-ի երեկ արված հայտարարությանը, որ «ՀՖՖ որոշումն ապօրինի է և որ ՀՖՖ-ն որևէ փաստ չունի, որ «Շիրակը» ներգրավված է եղել նման առաջարկներ կայացնելու որևէ գործընթացում», ցանկանում եմ նշել հետևյալը.

Տեղի ունեցածն աննախադեպ է հայկական ֆուտբոլի համար, կարող է ունենալ կործանարար հետևանքներ և այդ պատճառով շատ լավ գիտակցում ենք թե հարցի կարևորությունը և թե մեր որոշման առավել քան համոզված, հիմնավոր և ապացուցված լինելու հանգամանքը: Կարգապահական կոմիտեի վերոհիշյալ նիստը տևել է մոտ 6 ժամ, կոմիտեի անդամները հնարավորություն են ունեցել մանրամասն ու բազմակողմանիորեն քննարկել «Բանանց» և «Շիրակ»  ֆուտբոլային ակումբների գրությունները, «Բանանց» ակումբի ներկայիս և «Շիրակ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, ինչպես նաև գործին կցված բազմաթիվ ապացույցները /այդ թվում տեսա և ձայնագրություններ, հաղորդակցության սղագրություններ և այլն/: Թեև Արարատ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել նիստին, սակայն հեռախոսային կապի միջոցով պատասխանել է կոմիտեի անդամներին հետաքրքրող հարցերին: Արդյունքում՝ կոմիտեի ոչ մի անդամի մոտ կասկած անգամ չի մնացել, որ կայացել է պայմանավորված խաղի կազմակերպում. «Շիրակ» ՖԱ-ի ներկայացուցիչը (պաշտոնապես Արարատ Հարությունյանը համարվում է «Շիրակ» ՖԱ-ի գլխավոր թիմի մարզիչ, սակայն իրականում ֆուտբոլային աշխարհում բոլորը նրան գիտեն որպես «Շիրակ» ՖԱ-ի մարզական տնօրեն) մայիսի 5-ին կայանալիք «Բանանց» – «Շիրակ» խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով հանդիպել է «Բանանցի» ֆուտբոլիստին, տվել կանխավճար «Շիրակի» օգտին սխալվելու և օգնելու վերջինիս խաղը հաղթելու համար և խոստացել վերջնավճարը վճարել արդեն փաստացի «գործն» ավարտին հասցնելուց հետո:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն մայիսի 5-ին կայացած նիստում առաջնորդվել է բացառապես կանոնակարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կայացրել է ՀՖՖ, ՖԻՖԱ և ՈւԵՖԱ կանոնադրությունների և կանոնակարգերի պահանջների տառին և ոգուն համապատասխան որոշում:

Հորդորում և կոչ եմ անում «Շիրակ» ակումբին՝ շանտաժի և ուլտիմատումի լեզվով խոսելու փոխարեն հանդես գալ իրական եւ իրավական գնահատականներով և հարցը լուծել բացառապես օրենքի շրջանակներում: Փարատելու համար բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները և անհանգստությունները որոշման «օրինականության կամ ապօրինության» մասին, ինչպես «Շիրակ» ակումբը փորձ է արել ներկայացնել իր հայտարարությունում, նշեմ, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության, որպես վերջնական բողոքարկման ատյան՝ հարցը կարող է քննարկվել Լոզանի սպորտային գործերով միջազգային արբիտրաժային դատարանում (CAS):

ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյան

«Առավոտի» կողմից նշենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը երեկ հանդես է եկել հայտարարությամբ. «Շիրակի» հերթական հաղթանակից հետո՝ չեմպիոնության նախաշեմին, տեղեկացանք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 12 միավոր և 7 մլն ՀՀ դրամ տուգանքի մասին, հիմնավորելով, որ Ակումբը «Բանանց» թիմի ֆուտբոլիստին՝ խաղի ելքի վրա ազդելու առաջարկ է արել։ Ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ փաստ չունի, որ «Շիրակը» ներգրավված է եղել նման առաջարկ ներկայացնելու որևէ գործընթացում և որ ՀՖՖ որոշումը ապօրինի է։ «Շիրակը» չի ընդունում Ակումբին վերաբերող որևէ փաստարկ։

Ակումբը ձեռնամուխ կլինի իր իրավունքների պաշտպանությանը և կձեռնարկի բոլոր իրավական միջոցները ապօրինի որոշումը չեղարկելու, և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի բարի համբավը վերականգնելու համար։ Տեղեկացնում ենք, որ եթե ՀՖՖ-ն մեր բողոքարկման ընթացքում ապօրինաբար կիրառի սույն որոշումը, ապա «Շիրակ» ֆուտբոլային ակումբը՝ բոլոր թիմերով, պարտադրված կլինի լքել բոլոր առաջնությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031