Այս օրերին ՌԴ-ում հակապուտինյան, հակաիշխանական բողոքի ցույցեր են` նաեւ`«Ուզում ենք ինչպես Հայաստանում» կարգախոսներով: Ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնին ՌԴ-ում արդեն երեք տարի է՝ լոկալ բողոքի ցույցերով պայքար է իրականացնում: Բողոքի ցույցերի այս փուլը «նվիրված» է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական անգամ վերընտրությանն այդ պաշտոնում: Մայիսի 7-ին, հիշեցնենք, կայանալու է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը:
Մոսկվայում բնակվող հայազգի իրավապաշտպան Արբակ Խաչատրյանից հետաքրքրվեցինք`հնարավոր համարո՞ւմ է հայկական սցենարի կրկնությունը ՌԴ-ում:
«ՌԴ-ն մեծ եւ հզոր երկիր է, ի տարբերություն Հայաստանի, եւ այսօրվա դրությամբ, ի տարբերություն ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի, ժողովրդի տված քվեն մեծ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Անձի գործոնը, այնուհանդերձ կա եւ մեծ է»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ ի տարբերություն Հայաստանի, այդ ՌԴ-ում նաեւ ուժային կառույցներն են ավելի հզոր: Ու այդ կառույցներում աշխատող մարդիկ շատ հազվագյուտ դեպքերում են իրար հետ կապված բարեկամական կապերով. «Այդ է պատճառը, որ կոշտ են գործում նրանք, ձերբակալություններ եւ այլն»: Բայց, մեր զրուցակիցը միաժամանակ կարծում է, որ «դա էլ ժամանակավոր է եւ չի բացառվում, զարգացումներն այլ ուղղությամբ գնան», քանի որ պատմությունից էլ հայտնի է, թե ի՞նչ վախճան են ունենում այն ղեկավարները, որոնք երկար են մնում իշխանության ղեկին:
«Պուտինի մեծ քաղաքականությունը թեեւ այնտեղ պաշտպանում են, որպես իբր ՌԴ-ի շահերին միտված, միաժամանակ նրա սոցիալ-տնտեսական քաղաքականությունը մարդկանց կարող է փողոց դուրս բերել»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ