Լրահոս
Օրվա լրահոսը

Արբակ Խաչատրյան. «Երբ անօրինական խորհրդարանին ստիպում են ընտրել Նիկոլ Փաշինյանին`լա՞վ է, իսկ երբ Սերժ Սարգսյանին էր ընտրում`վա՞տ» (Տեսանյութ)

Մայիս 06,2018 13:45

Մոսկվայում բնակվող հայ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի համար շատ ուրախալի է, որ վերջին օրերին հայաստանյան երիտասարդությունը ցույց տվեց իր անկախությունը, մանավանդ, որ ինքը մշտապես այն կարծիքին է եղել, որ երիտասարդները պետք է ոտքի կանգնեն`փտած հետխորհրդային համակարգերի դեմ: Բայց իր համար ևս անհասկանալի է հայաստանյան հեղափոխությունը`սկզբից մինչ այս պահը: Aravot.am-ի հետ զրույցում Արբակ Խաչատրյանն ասաց. «Ես ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվեց, նա կարողացավ ժողովրդին ոտքի հանել, քանի որ այս ընթացքում թե Արցախի հարցը, թե հոկտեմբերի 27-ը, թե մարտի 1-ն օգտագործվեցին ժողովրդի եւ պետության դեմ`միլիարդներ գողանալու եւ սեփական իշխանությունը երկարացնելու համար: Մարդիկ, հատկապես երիտասարդները, Հայաստանում դուրս եկան անօրինականության դեմ:

Երիտասարդները ցույց տվեցին իրենց ուժը: Բայց վարչապետ ընտրելու գործընթացն ամբողջովին անհասկանալի է. այսինքն, այն խորհրդարանը, որը ժողովուրդը համարում է անօրինական, փողով ընտրված, այսօր պետք է վարչապետ նշանակի: Այսինքն, եթե ժողովուրդը ստիպում է այդ խորհրդարանին, որ Նիկոլ Փաշինյանի ընտրի, դա օրինական է, բայց երբ Սերժ Սարգսյանին ընտրեցին`անօրինակա՞ն էր: Այս աբսուրդ մոտեցումն ինձ համար անհասկանալի է: Եթե ժողովուրդը դեմ է եւ ոտքի էր կանգնել`եւ Սահմանադրությունը, եւ խորհրդարանը պետք է անօրինական համարվեն, քանի որ ի սկզբանե էլ այդպես էին համարում բոլորը»: Դիտարկմանը, որ այդ դեպքում երկրում անիշխանություն կլիներ, մեր զրուցակիցը հակադարձեց. «Այդ դեպքում ստեղծվում է ժամանակավոր կառավարություն, համաձայնության էին գալիս եւ ըստ այդմ էին արդեն գործընթացները զարգանում: Այլապես, այն ինչ հիմա է կատարվում`նույն տիպի մարդիկ`գողեր, թալանչիներ եւ այլն, հեղափոխություն են կատարում`ասելով հանուն արդարության: Այս ամենը իրավական եւ քաղաքագիտական նոնսենս է, աբսուրդ: Հայաստանում ոչ մի ինստիտուտ չի աշխատում`ինչպե՞ս, ի՞նչ կադրերով է դրանց վերականգնումը լինելու»:

Արբակ Խաչատրյանը ստեղծված իրավիճակը քաոսային է որակում եւ կարծում է, եթե իրադարձությունները ճիշտ ուղղությամբ չզարգանան`առավել մեծ վտանգներ են սպասվելու Հայաստանին: Անցած տարիների փորձն, ըստ նրա, պետք է որ լավ յուրացրած լինեն հայաստանյան գործիչները: «Ահավոր մեծ վտանգ կա այն թեզի տակ, որ Նիկոլ Փաշինյանը կփրկի երկիրը: Աստված տա: Որ հեղաշրջում պետք է լիներ, ես էլ գիտեի, բոլորն էլ գիտեին ու հասկանում էին: Դա ստացվեց Նիկոլ Փաշինյանի մոտ, իրեն հաջողվեց: Իրեն կհաջողվի՞ միլիարդանոց կապերը քանդել: Նախկինում, մարդիկ, ովքեր ինձ նախատում էին ռուսաստանյան մամուլում Պուտինի դեմ հանդես գալու համար, այսօր հայտարարում են, որ ժողովրդի կողքին են… մի քիչ ծիծաղելի, անգամ անհասկանալի է»:

Մեր դիտարկմանը, որ հայկական հեղափոխության օրերին Ռուսաստանում բնակվող հայազգի քաղաքագետներն ու վերլուծաբաններն ավելի շատ քննադատեցին այն, ինչ կատարվում էր Հայաստանում, մեր զրուցակիցը հակադարձեց`դրանց պետք չէ լուրջ վերաբերվել. «Ով շատ փող կտա, այնպես էլ կխոսեն: Հայ ժողովուրդն ունիկալ է. եթե մեկի նկարն են տեսնում Պուտինի կողքին կամ իմանում են, որ Լավրովն եկել է ինչ-որ մեկի ծնունդին`արագ հետեւություն են անում`նրա մեջքին Մոսկվան է կանգնած: Ես քանի անգամ իմ հոդվածներում դիմել եմ Վլադիմիր Պուտինին`ասելով`բավական է թույլ տաս, որ այդ մարդիկ օգտագործեն քո անունը: Հայերի այն խումբը, որն այսքան ժամանակ ղեկավարում եւ թալանում է, իրենց ձեռք էր տալիս այդ ամենն օգտագործել, որ մարդիկ խելոք լսեն: Այս եւ մնացյալ հարցերը պետք է լուծում գտնեն, բայց ճիշտ լուծում, ոչ թե անօրինական ընտրված օրգանի աջակցությամբ»:

Ի դեպ, Արբակ Խաչատրյանը, որ ՀՀԿ-ի ընդդիմախոսներից էր, այժմ չի քննադատում այդ ուժին. «Ընկածին չեն խփում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Միտք-Կարծիք says:

    Պն Խաչատրեանն ըստ էութեան կրկնում է իմ միտքը, որ արտայայտել էի Առաւօտի ՛՛Փաշինյանը՝ Ծառուկյանի հետ առանց տեսախցիկների հանդիպման մասին՛՛ յօդւածին՝
    https://www.aravot.am/2018/04/26/953252/։ Այն (իմ անդրադարձը) կարելի է տեսնել բերւած, կամ https://www.facebook.com/ashot.nersessian/posts/10214993867492855 կապով։

    Մէջ բերելով ամբողջութեամբ այն հետևեալն է

    Ապրիլ 27, 2018, ժամը՝ 01:43։ Միտք-Կարծիքն ասում է՝:

    Ըստ էութեան Նիքոլ Փաշինեանը կրկնում է Դոնալդ Թրամփի դիրքը ԱՄՆ-ի ընտրութիւնների հանդէպ. — եթէ ինքն ընտրւի, ապա կընդունի ընտրութեան արդիւնքը, հակառակ դէպքում ընտրութիւնները կեղծւած են։

    Նման զաւեշտ կայ պն Փաշինեանի ասածների մէջ։ նա համաձայն է, որ ընտրակաշառքների պայմաններում ընտրւած ներկայ խորհրդարանը վարչապետի ընտրութիւն կատարի (անշուշտ համոզւած, որ ինքն է ընտրւելու), բայց առարկում է, որ ներկայ ՚համակարգը՛ խորհրդարանական ընտրութիւններ կազմակերպի և, որ այդ նորընտիր խորհրդարանն ընտրի վարչապետին, քանի որ այդ ծախու (քոռումփ) ՚համակարգը՛ չի կարող կազմակերպել արդար ընտրութիւններ։

    Առանց վիճարկելու Փաշինեանի գնահատականը ներկայ ՛համակարգի՛ ծախւածութեան, կամ դրա արդար ընտրութիւններ իրականացնելու (նոյնպէս վերին աստիճանի վիճելի) կարողութեանց մասին, կուզէի ցանկալ, որ պն Փաշինեանի դիրքը լինէր աւելի տրամաբանական։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031