Նի-կո՛լ, վարչապե՛տ, Նի-կո՛լ, վարչապե՛տ…
Հայոց ազատագրված հանրության այս վանկարկումները լիովին հասկանալի ու տեղին են: Ժողովրդական համընդհանուր շարժումը, ի դեմս իր առաջնորդի, ուզում է «դե յուրե» ամրագրել իր հաղթանակը, ինստիտուցիոնալ դարձնել իր պայքարի արդյունքում ձեռք բերած իշխանությունը:
Իշխանության պերսոնիֆիկացիան, ընդհանրապես, բնորոշ է կայացող ժողովրդավարական հասարակություններին: Դրա վառ ապացույցը հենց շարժման մեկնարկը ազդարարող «Մերժի՛ր Սերժին» կարգախոսն էր, որով իշխանության հանդեպ հանրային ողջ դժգոհությունը կենտրոնացվում էր մեկ անձի վրա:
Բայց արդյո՞ք վարչապետը իրական իշխանություն է:
Բանն այն է, որ պառլամենտական երկրում իրական իշխանությունը գտնվում է օրենսդիր իշխանությունում՝ խորհրդարանում և խորհրդարանական մեծամասնության ձեռքին: Կառավարման այս համակարգը ենթադրում է իշխանության կենտրոնացումը առաջնային մանդատով ընտրվող այդ միակ ինստիտուտում՝ խորհրդարանում: Թե՛ վարչապետը, թե՛ կառավարությունը այս պարագայում ածանցյալ են, նրանք ուղղակիորեն «ածանցվում են» խորհրդարանից և չունեն իրական իշխանություն:
Մեր դեպքում պարադոքսն այն է, որ ներկայումս «դե յուրե» իշխանություն ունեցող Հանրապետական կուսակցությանը հակադրվում է փաստացի իշխանություն ունեցող ժողովրդական շարժման առաջնորդը, ով նաև ԱԺ փոքրամասնության խմբակցության ղեկավարն է: Սահմանադրական այս ճգնաժամից դուրս գալու միակ և ըստ էության դասական լուծումն այս իրավիճակում (որը նորույթ չէ պետությունների պատմության մեջ) պառլամենտական մեծամասնության կողմից փոքրամասնության կառավարության ձևավորումն է՝ շարժման թեկնածուին վարչապետ ընտրելով:
Բայց արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակմամբ և նրա կողմից կառավարության ձևավորմամբ լուծվում է իշխանության փոխանցման հարցը: Փաշինյանը հայտարարել է, որ գնում է լայն համագործակցության քաղաքական մեծամասնության հետ կառավարության ձևավորման հարցում: Հանրապետականները իրենց հերթին հայտարարել են, որ չեն համագործակցելու Նիկոլի կառավարութան հետ: Ի՞նչ է սա նշանակում:
Սա նշանակում է, որ մեզ սպասում է «երկար խաղ»՝ շատ անկանխատեսելի ելքերով: Հանրապետականը ընտրում է Նիկոլին ու «պատանդ պահում» նրա կառավարությանը անվերջ քննարկելով ու վերաքննարկելով կառավարության կողմից ներկայացված նախագծերը: Պահպանելով խորհրդարանում իր վճռական ազդեցությունը, հանրապետականը մտադիր է ներքաշել Փաշինյանին երկարատև ու հյուծող պառլամենտական գործընթացների մեջ՝ պարալիզացնելով ու կաթվածահար անելով փոքրամասնության կառավարության բնականոն գործունեությունը: Սա կարող է ուղղակիորեն հանգեցնել փոքրամասնության կառավարության հրաժարականին՝ արդեն նոր վարչապետի առաջադրման հեռանկարով, կամ ԱԺ լուծարմանը՝ առանց Ընտրական օրենսգիրք – սահմանադրական օրենքում (ընդունվում է ձայների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով), և այլ անհրաժեշտ օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու: Մի բան, որ շատ կարևոր է շարժման համար նոր որակի և իրապես ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար:
Փոքրամասնության կառավարությունը հրաժարական է տալու նաև հանրապետական մեծամասնության կողմից Կառավարության կազմավորումից 20 օր հետո նրա ծրագրին հավանություն չտալու դեպքում: Այդ պարագայում շրջափուլը կրկնվում է և առաջադրվում է վարչապետի նոր թեկնածու (Սահմ. 151 հոդված, 3-րդ մաս):
Ռազմավարական այս խաղի մեջ հանրապետականները, այնուհանդերձ, հաշվի չեն առել երկու կարևոր հանգամանք:
1.Անկախ սահմանադրական կարգավորումներից ներկայիս քաղաքական մեր մշակույթը պերսոնիֆիկացնում է իշխանությունը (այդ մասին խոսել էի): Եվ սա վերաբերում է ոչ միայն Հանրապետության հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մեր քաղաքացիներին, այլև հանրապետական խայտաբղետ ու բազմերանգ ֆրակցիայի շատ անդամներին, որոնք վարչապետի ընտրությունից անմիջապես հետո հոծ խմբերով շարժվելու են դեպի կշեռքի ծանր նժարի կողմը: Սա խիստ բնորոշ է քաղաքական մեր մշակույթին, նորույթ չէ Հայաստանի նորագույն պատմության մեջ և և բազմիցս է կրկնվել: Հանրապետականը դառնալու է կայուն և սկզբունքային փոքրամասնություն:
2.Նոր կառավարության գործունեությունը սաբոտաժի ենթարկելու մարտավարությամբ հանրապետական ֆրակցիայի որոշ «սկզբունքային» և մարտնչող պատգամավորները («բազեները») ահագնացնելու են ՀՀԿ-ի հանդեպ հակակրանքի և ատելության հասարակական ալիքը՝ զրկելով երբեմնի հզոր կուսակցությանը հայաստանյան այլևս նոր իրողություններում քաղաքական որևէ հեռանկարից:
3.Շախմատային ձիու քայլ կարող են անել արդեն ընդդիմադիր երեք ֆրակցիաները: Խուսափելու համար ԱԺ ներկայիս կոնֆիգուրացիան պահպանելու և ժամանակը անվերջ ձգելու անցանկալի սցենարից, նրանք կարող են «տապալել» մայիսի 8-ին ժողովրդական թեկնածուի ընտրությունը և գնալ ԱԺ լուծարմանը իրավունքի ուժով: Այս պարագայում թեև նոր ընտրությունները կանցկացվեն գործող Ընտրական օրենսգրքով, սակայն ունենալով ներկայումս հասարակական առավելագույն աջակցությունը, սա առավել ձեռնտու սցենարն է շարժման ներուժը ապագա ԱԺ-ում լավագույնս կապիտալիզացնելու համար:
Արամ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ