Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետին սպասելիս

Մայիս 06,2018 12:00

Նիկոլ Փաշինյանի հեղափոխության առիթով վերստին սկսեցին արծարծվել արևմտամետության և ռուսամետության թեմաները: Ոմանք, ինչպեսև ռուսական որոշ լրատվամիջոցներ, էն կարծիքին էին, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը հրահրված է դրսից: Այդ կարծիքին էին նաև որոշ հայաստանցիներ, և այդ կարծիքը ձևավորվեց հատկապես Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ Նիկոլի հեղափոխության պտուղները քաղելու ակնհայտ հավակնություն հանդես բերեց Սերժ Սարգսյանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:

Այդուհանդերձ, ռուսական շատ լրատվամիջոցներ, վերլուծաբաններ և քաղաքական ու պետական գործիչներ հայտարարում էին, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Հայաստանի ցանկացած իշխանության հետ:

Նույնիսկ մենք՝ Փաշինյանի առաջին իսկ քայլից հեղափոխության բոլոր դրվագներին ուշիուշով հետևածներս, մեր մտքի ծայրով անգամ չենք անցկացրել, որ Հայաստանում Փաշինյանի շնորհիվ ծավալված հեղափոխական իրադարձությունները կարող են հրահրված լինել դրսից: Այդպիսի բան չենք մտածել, որովհետև Նիկոլ Փաշինյանն անձամբ դրա առիթը չի տվել:

Այդ ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանում ծավալված հեղափոխական իրադարձություններից հնարավորինս հեռու գտնված Նիկոլայ Ռիժկովն ու նմաններն առանց խղճի խայթ զգալու այս հեղափոխությունը «մայդան» են անվանում: «Հերոս» Նիկոլայ Ռիժկովը պիտի հասկանա, որ մենք այլ հերոսներ էլ ունենք, ովքեր ճիշտ հակառակ կարծիքի են: Նիկոլայ Ռիժկովն ու նմանները պիտի նաև հասկանան, որ, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում «մայդանն» ընդհանրապես չօգտագործվող ու, կարելի է ասել, չընդունված և նույնիսկ չսիրված բառ է:

Եվ վերջապես, եթե Հայաստանում ծավալված հեղափոխական իրադարձությունները թեկուզև չնչին չափով հակառուսական բնույթ ու էություն ունենային, ապա Փաշինյանին չէր միանա Հայաստանի թերևս ամենառուսամետ գործիչներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը:

Եվ վերջապես, եթե Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակումները հակառուսական կամ «մայդանային» լինեին, ինքը բազմիցս հրապարակավ չէր հայտարարի, որ իր վարչապետ դառնալու դեպքում Հայաստանը դուրս չի գալու ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից:

Եվ վերջապես, եթե ռուսներն իրենց լրատվամիջոցներով ու այլևայլ միջոցներով ներկայիս համառությամբ շարունակեն մեզ արևմտամետ համարել, մի օր երևի իսկապես արևմտամետ դառնանք՝ մանավանդ որ, իրենց կարծիքով, արևմտամետի հակառակը ռուսամետն է:

Եվ վերջապես. Փաշինյանի ու մեր իսկապես թավշյա հեղափոխությունը «մայդան» անվանելով՝ իրենք ամեն ինչ արեցին, որ «մայդան» դառնանք, բայց, ի պատիվ մեզ, կուտը չկերանք ու չդառանք: Որովհետև «մայդանն» իսկապես խորթ է մեր էությանը: Որովհետև մենք երբևէ արևմտամետ չենք եղել: Մինչդեռ ռուսամետ եղել ենք, ընդ որում՝ չափից ավելի ռուսամետ: Ընդ որում՝ միջին ու ավագ սերունդն է չափից ավելի ռուսամետ եղել: Այս թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ մեր երիտասարդությունը լիովին ու վերջնականապես ազատված է արևմտամետ կամ ռուսամետ բարդույթներից և ընդամենը մի բան է ուզում` ապրել նորմալ երկրում մարդավայել կյանքով: Այսինքն՝ ուզում է այն, ինչ ուզում է թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ով, էլի ենք ասում, այս հեղափոխության օրերին բազմիցս հայտարարում էր, որ իր վարչապետ դառնալու դեպքում Հայաստանը ոչ մի դեպքում դուրս չի գալու ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից: Չնայած դրան՝ Փաշինյանի ընտրության օրը հանրապետականները մի գլուխ ու վրա-վրա թավշյա հեղափոխության առաջնորդին հիշեցնում էին, որ ինքն այսինչ թվականի այսինչ օրը դեմ է քվեարկել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամակցությանը: Նրանք, փաստորեն, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին խուսափում էին այլ հարցեր տալ, քանի որ վարչապետի` ժողովրդի թեկնածուն գրագետ ու սպառիչ պատասխաններ էր տալիս ցանկացած հարցի:

Այդուհանդերձ, հանրապետականները դեմ քվեարկեցին Փաշինյանին՝ ավելի խորացնելով երկրում տիրող քաղաքական ճգնաժամը: Չնայած այս ամենին՝ հույս կա, որ հանրապետականներն առաջիկա օրերի ընթացքում կլրջանան և ավելի սթափ կգնահատեն իրավիճակը և վերջապես երկրորդ ընտրությամբ Նիկոլ Փաշինյանին կընտրեն Հայաստանի Հանրապետության վարչապետ:

Այլ շարունակություն հնարավոր չի պատկերացնել: Այլ շարունակություն պատկերացնողները պիտի վերջապես գիտակցեն ու հասկանան, որ իրենք այսօր Հայաստանում բացարձակ փոքրամասնություն են:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031