ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում Տվերսկոյ փողոցում ընդդեմ Վլադիմիր Պուտինի բողոքի ակցիայի ժամանակ մեծ թվով ոստիկաններ կան եւ նրանք կոպիտ մեթոդներ կիրառեցին: Ըստ Ըստ TVrain.ru-ի ուղիղ եթերի, ոստիկանները ինչ-որ գազ բաց թողեցին, վահաններով հարվածելով փորձում էին ցուցարարներին ցրել: Ըստ նույն աղբյուրի, ռուսական ՕՄՕՆ-ն է գործի անցել, ցուցարարներին հրելով փորձում են հետ մղել:
Հիշեցնենք, այսօր Ռուսաստանով մեկ ընդդեմ Պուտինի բողոքի ցույցեր են, շուրջ 90 քաղաքներում մարդիկ դուրս են եկել փողոցներ: Մոսկվայի կենտրոնում ցուցարարները փողոցներ են փակում, թեեւ ոստիկանները բռնի ուժ են կիրառում:
Ցույցերը սկսվել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կոչով: Մայիսի 7-ին Պուտինը նորից, արդեն 4-րդ անգամ է ստանձնելու ՌԴ-ի նախագահի պաշտոնը:
Ցուցարարները տարբեր քաղաքներում «Նա մեր ցարը չէ», «Պուտինը գող է, մենք դեմ ենք կոռուպցիային» կարգախոսներով են հանդես գալիս:
Ցուցարարներից ոմանք ասում են՝ «Ուզում ենք ինչպես Հայաստանում: Հայերն ապացուցեին, որ ժողովուրդը կարող է իշխանություն փոխել»: Ցուցարարներից մեկն էլ՝ հարցին՝ չե՞ք վախենում բերման ենթարկվել, պատասխանեց.«Եթե մենք վարվենք այնպես, ինչպես հայերը, բոլորին չեն կարող բերման ենթարկել»: Ռուս լրագրողը նույնիսկ նկատեց.«Այստեղ ոգեշնչված են հայերով, բայց Հայաստանում ոստիկանությունը ՕՄՕՆ-ի պես կոպիտ չվարվեց»:
Ըստ TVrain-ի, Մոսկվայի Պուշկինսկի հրապարակից ոստիկանները նաեւ Ալեքսեյ Նավալնիին բերման են ենթարկել: Ցուցարարները վանկարկում են՝ «Մենք չենք հանձնվի, մենք ուզում ենք ազատ ապրել»:
Այս պահին Տվերսկոյ փողոցում մեծ թվով ՕՄՕՆ-ական զորքեր են, որոնք կարծես թե պատրաստվում են ցույցերը ցրելուն: Երկնքում ուղղաթիռներ են:
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ