Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Հայաստանը բաժանում է երկու շրջանի` «նախանիկոլյան ապատիկ ժամանակաշրջան», եւ «հետնիկոլյան ժամանակաշրջան», որտեղ ապատիան վերացել է, ՀՀ քաղաքացիները հասկացել են, որ իրենք գործող սուբյեկտ են:
Այսօր, «Հայացք» մամուլի ակումբում իրենց դիտարկումները ներկայացրեցին քաղտեխնոլոգներ Արմեն Բադալյանը եւ Կարեն Քոչարյանը:
Ստեղծված իրավիճակում, Կարեն Քոչարյանը համարում է, որ քաղաքական առումով ճգնաժամ է, որից դուրս գալու միակ միջոցը արտահերթ ընտրություններն են: Բայց դրա տակ բազմաթիվ գործողություններ կան`սկսած օրենսդրության փոփոխությունից, մինչեւ սպասարկող կազմի, տեղամասերի տեղակայման եւ այլ հարցեր: Այսինքն, ոչ միայն կուսակցությունների անունների վերաֆորմատավորում է սպասվում, այլ ամբողջական: «Նիկոլ Փաշինյանին ժամանակ պետք է, որպեսզի ունենա տարբեր լծակներ, ՀՀԿ-ին պետք է`ժամանակ շահելու, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջեցնելու եւ իրենց վերաֆորմատավորման համար: Այստեղ նրանց շահերը համընկնում են»,- ասաց Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգները, որպես ողջամիտ ժամկետ, համարում են վեց ամիսը:
Մանրամասները`տեսանյութում
«Երեխեքը զարթնեցրեցին մեծերին, մեծերին մնար, մինչեւ հիմա ապատիայի մեջ էինք լինելու»,- ասում է Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգներն, ի դեպ, չեն բացառում, որ ժամանակի ընթացքում գործարարները պոկվեն ՀՀԿ-ից եւ գնան իշխանական թեւ, նրանք միշտ իշխանության կողքին են: Ի դեպ, սա նրանք խնդիր են համարում ապագա իշխանության համար, եթե մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ: Արմեն Բադալյանն ասում է` այլ տարբերակներ էլ կան:
Բայց որ մյուս խորհրդարանում «անլվա, անկիրթ» դեմքերով գործարարների եւ կրիմինալների դերը պետք է չեզոքացնել`բանախոսները միանշանակ են համարում, բայց ընդգծու են` դա էլ խնդիր է: Նաեւ դատական համակարգում փոփոխությունները, արտաքին քաղաքական հարցերը, ԼՂՀ հարցը, մենաշնորհների վերացումը, ՏԻՄ-երը կարող են ներքին սաբոտաժով զբաղվել եւ այլն: Քաղտեխնոլոգների գնահատմամբ, եթե առաջին օրից նոր իշխանությունը չանի փոփոխություններ`կկորցնի եւ ինչքան ձգվի, այնքան կկորցնի:
Բանախոսները մտավախություն ունեն նաեւ որ իշխանական կուսակցություն ՀՀԿ-ն փոխարինվի իշխանական կուսակցություն «Քաղաքացիական պայմանագրով». դրա դառը փորձը ունենք: Ուստի, կարծում են, որ լավագույն տարբերակը կլինի այն, որ հաջորդ խորհրդարանում ունենանք կայուն մեծամասնություն չունեցող քաղաքական ուժեր:
Բայց, ասում են`խնդիրները չեն լուծվելու, մինչեւ մարդկանց ուղեղներում հեղափոխություն չլինի, քանզի հրապարակում կանգնածների մեծ մասը անցած տարի 10 հազար դրամ բաժանողները եւ վերցնողներն էին եւ քաղտեխնոլոգները վստահ չեն, որ եթե վաղը լինի նման հնարավորություն`այդ մարդիկ չեն անի նույնը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ