Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր վարչապետի ընտրությունից հետո պատեհ առիթ կառաջանա բանակցային գործընթացում նոր շեշտադրումներ անելու. Արցախի ԱԺ պատգամավոր

Մայիս 04,2018 21:33

Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից օգտվելու առիթը, հավանաբար, փայփայում էին Ադրբեջանի տարբեր շրջանակներ` այդ թվում և պաշտոնական: Բայց, հավանաբար, իրենք էլ ունեն իրենց հաշվարկները և այդ հաշվարկները ելնում են իրական արդյունքները արձանագրելու հաշվարկներից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը:

«Հետևելով ՊԲ պաշտոնական տեղեկատվությանը` տեսնում ենք, որ արցախյան կողմը, հետևելով առաջնագծում իրադարձությունների զարգացմանը, ունի հավանական ռազմական գործողությունները կասեցնելու պատրաստականությունը»,- նշեց պատգամավորը:

Նա գտնում է, որ պետք է լինել բավականին զգոն և իրատես` իրավիճակը ճիշտ գնահատելու և այդ իրավիճակին համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Նրա կարծիքով Ադրբեջանը միշտ էլ իր տեսակետների հնչեցման հիմքում փորձել է համապատասխան հիմնավորումներ ստեղծել` ռազմական գործողությունները վերսկսելու և ընդլայնելու համար:

«Հայաստանում կայանալիք վարչապետի ընտրությունից և սկսված ներքաղաքական գործընթացի ավարտից հետո արդեն կուրվագծվի, թե հայկական կողմից ինչպիսի նոր մոտեցումներ է ցուցաբերվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և ինչպիսի քաղաքականություն է որդեգրվելու. արդյոք այն լինելու է նախորդ տասնամյակների ուղղակի շարունակությունը, թե հիմքում ունենալով այդ տասնամյակների քաղաքական գիծը` նոր գիծ է որդեգրվելու»,-նկատեց Դ. Իշխանյանը:

Ըստ նրա` բանակցային գործընթացում հայկական կողմը ժամանակին ունեցել է բացթողումներ և դիվանագիտական որոշակի սայթաքումներ, որոնց մասին բարձրաձայնվել է դեռ տարիներ առաջ: Դ. Իշխանյանը գտնում է`Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումից հետո պատեհ առիթ կառաջանա նոր շեշտադրումներ անելու` ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերսկսման ու ծավալման առումով:

«Կարծում եմ, որ նոր քաղաքական գիծ որդեգրելու առումով պետք է ունենալ բավականին լուրջ քաղաքական հենարան և քաղաքական ռեսուրսներ: Եվ այս առումով բանակցային գործընթացում նախորդ տասնամյակների կուտակած քաղաքական կապիտալը և գրանցած «հաջողություններն ու անհաջողությունները» կարծում եմ պետք է լինեն ուղենշային` գործընթացի հետագա փուլերի համար»,-ընդգծեց նա:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031