Լրահոս
Օրվա լրահոսը

«Վենդետա չանել, չի նշանակում ամեն ինչ մոռանալ». Դանիել Իոաննիսյանը՝ Մոնթեի անվան դպրոցի տնօրենի դեմ անցկացված ակցիայի մասին

Մայիս 04,2018 20:30

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը վենդետա չի համարում այսօր Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենի դեմ անցկացված ցույցը:

«Ես այդ դպրոց այսօր գնացի ոչ թե որ այդ դպրոցի տնօրենը այն 114 տնօրեններից մեկն էր կամ որ ինքը Սերժ Սարգսյանի մանկության ընկերն էր, գնացի, որովհետեւ երեկ այդ դպրոցում երեխա էին ծեծել, այդ դպրոցում իրավունքների լուրջ ոտնահարումներ կան, դպրոցի աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները այսօր բողոքի ակցիա են արել:Ես ընդամենը հիշեցրի, որ այդ տնօրենը այն 114 տնօրեններից մեկն է: Վենդետա չանել, չի նշանակում ամեն ինչ մոռանալ:

Տեղում պարզվեց, որ այնտեղ այդ դպրոցում կոռուպցիոն այլ կարգեր են գործում: Պարբերաբար մարդկանց հավելավճարներ ու պրեմիաներ էին տալիս, այդ մարդիկ վերադարձնում էին տնօրենին: Այս կոռուպցիոն սխեման վաղուց էր հայտնի, բայց ոչ մի աշխատողի դուխը չէր հերիքում բարձրաձայնել: Մեզ հաջողվեց այսօր համոզել որոշ աշխատողների դրա մասին խոսել, կոռուպցիան պետք է բացահայտվի:

Այստեղ վենդետայի ոչ մի խոսք չկա, տնօրենի հետ շատ հարգալից էինք: Վերջում բոլորին կոչ արեցի գնալ, որովհետեւ այդ հարցով պետք է զբաղվի քննչական մարմինը: Երբ գնում էի՝ արդեն հանդիպեցի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչականի պետին, որն ասաց, որ իրենք կուսումնասիրեն ու իրավական գնահատական կտան»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Մեր հարցին՝ պատրաստվո՞ւմ եք նման ցույցեր իրականացնել մնացած 113 դպրոցներում, որոնց տնօրենները ՀՀԿ-ական էին ու ընտրություններին ՀՀԿ-ի օգտին ձայներ էին հավաքում, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Այս դպրոցում ակցիան մենք չէինք սկսել, ես իմացա ակցիա կա այնտեղ, գնացի: Եթե ուրիշ տեղեր էլ աշակերտները, ծնողները կամ դասատուները որոշեն բարձրաձայնել իրենց իրավունքները, բնականաբար, քաղհասարակությունը պետք է այդ մարդկանց կողքին կանգնի: Բայց մենք չէինք նախաձեռնել այս ակցիան»;

Մեր հարցին ՝ արդյոք «մերժիր Սերժին» նախաձեռնությունը այսօրվա ցույցի հետեւում կա՞, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ կարծում: Ամեն դեպքում, չգիտեմ՝ ով է եղել, բայց գիտեմ, որ մեզ այսօր հաջողվեց բացահայտել կոռուպցիա: Հաջողվեց մարդկանց համոզել խոսել տեսախցիկների առաջ»:

Մեր հարցին՝ ինչ է փոխվել, որ տարիներով լռած ուսուցիչները, աշակերտներն ու նրանց ծնողները հիմա որոշել են բարձրաձայնել, պահանջել իրենց տնօրենի հրաժարականը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հասարակությունն է փոխվում, 25 տարի մարդիկ հանդուրժում էին կեղծվող ընտրություններ, անարդարություն, բայց ինչ-որ պահի դադարեցին հանդուրժել, ու փոխվեց հասարակությունը: Ես կարծում եմ՝ սա առաջին դեպքը չի լինի, որին ականատես կլինենք: Շատ այլ տեղերում կլինեն անարդարության դեմ պայքարի լոկալ դրսեւորումներ, մարդիկ կորոշեն դեմ դուրս գալ գյուղապետի, քաղաքապետի դեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031