Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ծննդկան Մերի Մարգարյանի ու նրա նորածնի մահվան գործով քննությանը պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց պաշտպանվել պաշտպանական ճառին, ինչի համար նիստը հետաձգվեց: Մինչ այդ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը ավարտեց դեռ նախորդ նիստին սկսած իր ճառը:
«Եթե Մերի Մարգարյանը լիներ դինամիկ հսկողության տակ հուլիսի 23-ից, 2 ժամը մեկ անգամ գոնե հետազոտվեր, անալիզներ հանձներ, պատկերն այլ կլիներ: Երբ հղին 35 շաբաթական եւ ավելի է, ապա նմանատիպ գանգատների դեպքում պետք է առաջին հերթին գեստոզի կասկած լիներ: Մինչդեռ Մերի Մարգարյանի դեպքում Շուշանիկ Բախշյանը որեւէ կասկած չի ունեցել, իսկ եթե չի հասկացել, ամոթ չէ, կարող էր այլ հիվանդանոց տեղափոխել կամ կոնսիլիում հրավիրել: Շուշանիկ Բախշյանը պետք է դեռ հուլիսի 23-ին նրան հոսպիտալացներ, դինամիկ հսկողության տակ պահեր»,- ասաց Մարինե Թովմասյանը:
Նա ասաց, որ ծննդկանին արված հետազոտություններով հնարավոր է եղել ախտորոշել ՀԵԼԼՓ համախտանիշը, ինչը չի արվել եւ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում չեն դիմել նաեւ Մերի Մարգարյանին փրկելու միակ միջոցին՝ կեսարյան հատմանը:
Փաստաբանը միջնորդեց Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել առավելագույն պատժի:
Դեռ նախորդ նիստին դատախազ Արա Մնացականյանը պահանջել էր Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 տարի ժամկետով, իսկ Անի Բաբելյանին 2.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 2,5 տարի ժամկետով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ