Զանգվածային բողոքի ցույցերը կարող են ծագել իշխանությունների ցածր լեգիտիմության ֆոնի վրա: Այս դեպքում խնդիրը զուտ տեխնիկական է դառնում. անհրաժեշտ է հմուտ, ընդդիմադիր շարժումները ճիշտ ուղղորդող մարդ, իսկ այդպիսին անպայման գտնվում է:
«Բլից Ինֆո» մամուլի ակումբում կայացավ ասուլիս՝ «Նոր կառավարություն, թավշյա հեղափոխություն, Արցախյան հիմնախնդիր» թեմայով, որի ընթացքում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեց ներկայիս քաղաքական իրավիճակի հնարավոր զարգացումների մասին:
«Եթե ենթադրենք, որ մայիսի 8-ին ՀՀԿ-ն կքվեարկի այնպես, ինչպես խոստացել է քվեարկել, ապա Նիկոլ Փաշինյանը կդառնա վարչապետ այնպիսի խորհրդարանի պայմաններում, որտեղ մեծամասնություն կազմում են հանրապետականները: Եթե անգամ պարոն Փաշինյանը ձեռք բերի մի շարք ՀՀԿ-ականների աջակցությունը, միևնույնն է, նա ստիպված կլինի կոալիցիաներ կազմել, համաձայնություններ ձեռք բերել Ծառուկյան դաշինքի, ՀՅԴ-ի հետ և, եթե պառլամենտը նույնը մնա, ստիպված կլինի այդ համաձայնությունները կատարել: Իսկ սա խնդիր է: Ուստի նոր խորհրդարանական ընտրություններ են անհրաժեշտ: Իսկ դրա համար անհրաժեշտ է փոփոխել ընտրական օրենսգիրքը: Այն պետք է փոփոխվի այնպես, որ ընտրությունները անցնեն նոր իշխանության կանոններով: Այս նպատակով ներկայիս պառլամենտին պետք է համոզել այդ որոշումներն ընդունել»,- նշեց պարոն Իսկանդարյանը՝ շեշտելով, որ փողոցներից եկող ճնշումը չի կարող հավերժ լինել:
Անդրադառնալով նոր իշխանության ձևավորմանը՝ պարոն Իսկանդարյանը նկատեց, որ դա պետք է տեղի ունենա շատ արագ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի ռեսուրսը չի փոքրացել, իսկ նրա ռեսուրսը հասարակական լայն աջակցությունն է: Բանախոսը նշեց, որ հնարավոր խնդիրներից մեկը կարող է լինել կադրային սովը. «Փաշինյանի պահեստային խաղացողները քիչ են, և մենք գիտենք՝ ովքեր են նրանք՝ Փաշինյանի մոտ կանգնած մարդիկ, ովքեր կարողացան ուղղորդել միտինգային ակտիվությունը, բայց հարց է, թե ինչպես նրանք կկարողանան կառավարչական գործառույթներ իրականացնել: Պարոն Փաշինյանը ինստիտուցիոնալացված իշխանություն չունի: Իհարկե, նա ունի մասնագետների լավ խումբ՝ հանրահավաքների կազմակերպման համար, ընդ որում՝ ինքը՝ Փաշինյանը ևս այդ գործում տաղանդավոր, հաջողակ և ստեղծարար անձնավորություն է: Բայց այստեղ այլ ռեսուրս է պետք. ազդեցիկ մարդիկ, տարածաշրջանային ռեսուրսներ: Այս ամենը բացակայում է, ուստի և պետք է ստեղծվի շատ կարճ ժամանակահատվածում: Եվ հենց այս գործընթացին ենք ականատես լինելու մոտակա ժամանակներում»:
Պարոն Իսկանդարյանը հավելեց, որ իշխանական ցածր և միջին օղակներում էական փոփոխություններ չեն լինի, իսկ վերին օղակները անպայման նոր մարդկանցով պետք է համալրվեն: Ըստ նրա՝ եթե Փաշինյանն ունենար լուրջ կուսակցություն կամ ստվերային կառավարություն, պարզ կլիներ՝ որտեղից կգան այդ մարդիկ: Քանի որ դա չկա, համալրումը կկատարվի պատահականության սկզբունքով՝ ընդգրկելով հին իշխանության ներկայացուցիչների, ժամանակին իրենց քաղաքական համոզմունքները փոխածներին, շարժման աջակիցներին և այլոց:
Այն հարցին թե արդյոք նման կառավարությունը կկարողանա արդյունավետ կերպով գործել, խոսնակը նշեց. «Չգիտեմ՝ ինչպես կլինի հետագայում: Աշխարհում նման դեպքեր շատ են եղել, երբ իրավիճակը փակուղի է մտել, բազմաթիվ հեղաշրջումներ են եղել, ինչպես օրինակ Մեքսիկայում: Սակայն եղել են դեպքեր, երբ նման կառավարությունները գործել են. հեռու չգնանք՝ Հայաստանը 1991թ-ին: Որոշակի շրջապատի մարդիկ եկան իշխանության և ձևավորեցին քաղաքական էլիտան: Կապրենք, կտեսնենք»:
Այն հարցին, թե որն էր Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության հաջողության գաղտնիքը, պարոն Իսկանդարյանն ասաց. «Նախ ես այն փաշինյանական չէի համարի և երկրորդ՝ որպես քաղաքագետ շատ մեծ զգուշությամբ եմ հեղափոխություն բառն օգտագործում: Վերջին իրադարձություններն ունեին մեկ հիմնական պատճառ. դա իշխանությունների լեգիտիմության ցածր մակարդակն էր: Իշխանությունները չհասկացան, որ ցածր լեգիտիմությամբ հնարավոր չէ մշտապես գոյատևել: Նրանք կարծում էին, որ եթե սովորեն ընտրություններ կազմակերպել, կարող են հավերժ ապրել: Վաղ թե ուշ նման բան լինելու էր: Զանգվածային բողոքի ցույցերը կարող են ծագել իշխանությունների ցածր լեգիտիմության ֆոնի վրա: Այս դեպքում խնդիրը զուտ տեխնիկական է դառնում. անհրաժեշտ է հմուտ, ընդդիմադիր շարժումները ճիշտ ուղղորդող մարդ, իսկ այդպիսինը անպայման գտնվում է»:
Շուշաննա ԹԵՎԱՆՅԱՆ