ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ուշիուշով հետևում է Հայաստանի իրադարձություններին և ողջունում է քաղաքական ուժերի միջև ակտիվ երկխոսությունը: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգ Ծերեթելին:
«Ես հույս ունեմ, որ այս փակուղին արագ քաղաքական լուծում կգտնի, որպեսզի կառավարությունը կարողանա կենտրոնանալ Հայաստանի առաջ կանգնած բազմաթիվ մարտահրավերների վրա,- ասել է նախագահը:- Ես կոչ եմ անում քաղաքական առաջնորդներին շարունակել խորհրդարանական երկխոսությունը, ինչպես նաև աշխատանքը քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ՝ գտնելու գոհացուցիչ լուծում, որը պետք է լինի երկրի քաղաքական մշակույթի զարգացման առավել լայն գործընթացի շրջանակում»:
Հինգշաբթի Ծերեթելին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ և քննարկել իրավիճակը, ինչպես նաև առաջարկել է ԵԱՀԿ ԽՎ աջակցությունը երկխոսության գործընթացում: Նա նաև խոսել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ:
«Հայաստանի խորհրդարանի գործընկերների հետ զրույցներն ամրապնդել են իմ վստահությունն առ այն, որ Երևանում քաղաքական գործիչները հակված են իրավիճակին գտնել կառուցողական լուծում,- ասել է Ծերեթելին:- Ես ընդգծել եմ, որ բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն պատշաճ զսպվածություն և շարունակեն արդյունավետ երկխոսության ուղին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ