«Ձեր զենքերը գցեք, մեր կողքը կանգնեք, սաղս էլ հայ ենք, զինվորներ չե՞ք, եկեք մեր հետ, ինչ անում ենք, մեր ազգի համար ենք անում: Պայքարեք մեր հողի համար»: Հայտնի տեսանյութի հերոսուհին՝ բժշկական քոլեջի ուսանողուհի Էլիզա Վարդանյանն, այսպես վրդովված խոսում էր, երբ ապրիլի 18-ին ոստիկանները նրան և իր ընկերուհիներին բերման ենթարկեցին Օպերայի տարածքից, երբ մասնակցում էին «Իմ քայլը» նախաձեռնության անհնազանդության գործողություններին:
Aravot.am-ն այդ օրերին փորձում էր կապ հաստատել Էլիզայի և մյուս աղջիկների հետ, սակայն Էլիզան միայն երկու շաբաթ հետո արձագանքեց մեր նամակին:
Նրանից հետաքրքրվեցինք՝ ոստիկաններն ի՞նչ պատճառաբանություն էին ներկայացնում, ինչի՞ համար էին իրենց բերման ենթարկում, Էլիզա Վարդանյանը պատասխանեց. «Մենք շատ հարցեր էինք տալիս, իրենք էլ ասում էին, որ ոստիկանության աշխատակիցների գործողություններին խոչընդոտել ենք, դրա համար էլ բերման ենթարկեցին»:
Մեր մյուս հարցին՝ ոստիկանական մեքենա նստեցնելուց հետո ո՞ւր տարան և ինչպե՞ս վարվեցին իրենց հետ, արդյոք պահպանվե՞լ էր ոստիկանական բաժանմունքում պահման օրինական ժամանակահատվածը, շաբաթներ առաջ բերման ենթարկված աղջիկը պատասխանեց. «Մեզ տարան Շենգավիթի ոստիկանության բաժին: Անկեղծ ասած՝ ոչ մի վատ քայլ չենք տեսել իրենց կողմից, զուտ մի քանի հարցերի ենք պատասխանել և հինգ ժամ հետո բաց են թողել»:
Հետաքրքրվեցինք՝ տեղեկություններ ունի՞ իր հետ ոստիկանական մեքենայի մեջ եղած աղջիկներից, հատկապես այն աղջկանից, որը, ինչպես տեսանյութում է երևում, ձեռքով հարվածում է ոստիկանի վահանին, ոստիկանն էլ իրեն, Էլիզան պատասխանեց. «Այդ աղջիկներն իմ ընկերուհիներն են, հետո միասին տուն ենք եկել: Ընդհանուր 10 հոգի ենք եղել: Ձեր նշած աղջկանից նույնիսկ մենք լուր չունենք: Անկեղծ մենք էլ ենք իրեն ման գալիս: Եթե Ձեր հոդվածը հրապարակելուց հետո ինքն արձագանքի, խնդրում եմ ինձ տեղյակ կպահեք, շատ շնորհակալ կլինեմ: Անունից բացի այդ աղջկա մասին ոչ մի բան չգիտեմ: Նա ՀՀ-ի քաղաքացի չէր»:
Հետաքրքրվեցինք՝ զրուցե՞լ են արդյոք այն թեմայով, թե ինչու էր այդ աղջիկը հարվածել ոստիկանի վահանին, Էլիզա Վարդանյանը պատասխանեց. «Ճիշտն ասած ոստիկանական մեքենայի մեջ երգում-պարում էինք, ուշադրություն չեմ դարձրել իրենց խոսքերին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ