Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը քաղաքապետին է փոխանցում Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենի նկատմամբ աշակերտների ծնողների և ուսուցիչների անվստահությունը
Երևանի քաղաքապետ
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
«ԵԼՔ» խմբակցությունից
Հարգելի՛ պարոն Մարգարյան,
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թ. 11 դպրոցի աշակերտներն ու ծնողները և 110 մանկավարժներ իրենց ստորագրություններով պահանջում են լուծել դպրոցի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, որովհետև նրան այլևս չե՛ն վստահում իրենց երեխաների կրթության իրավունքի իրացման գործընթացը ստորև նշված մի շարք պատճառներով:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի 19-րդ հոդվածում սահմանվում են ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի մասնակիցները, որոնց մեջ առաջին տեղում սովորողն է, երկրորդում՝ ծնողը, ապա մանկավարժական աշխատողներն ու վերջում՝ վարչական աշխատողները:
Օրենքով ամրագրված այս հաջորդականությունը պատահական չէ, երեխաների կրթության սահմանադրական իրավունքի իրացնողները՝ մանկավարժները, աշխատավարձ են ստանում ա՛յս գործընթացին մասնակցելու համար, իսկ տնօրենն էլ աշխատավարձ է ստանում երեխաների սահմանադրական իրավունքը Սահմանադրության և ՀՀ օրենքների տառին ու ոգուն համապատասխան կազմակերպելու համար:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետում ամրագրված հանրակրթության նպատակների մեջ ամենակարևոր կետը ապագա քաղաքացու ձևավորումն է, այն քաղաքացու, ով օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, իրավունք ունի ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները, որը ենթադրում է նաև այն պաշտպանելու իրավունք:
Դա էլ փորձել են իրականացնել սովորողները, մանկավարժները, սակայն քանի որ տնօրենը դպրոցում չի ապահովում օրենքով պահանջվող ժողովրդավարական կառավարման սկզբունքները («Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 5, կետ 3), որոնց պարզապես չի տիրապետում, այլ կառավարում է իրեն հատուկ հակաօրինական մեթոդներով: Այս մասին նրանք արտահայտվեցին բողոքի ակցիայի ընթացքում, որի հղումը ներկայացվում է ստորև:
Դուք պարտավոր եք լսել նրանց ու կատարել այդ պահանջը:
Պարտավոր եք լսել նաև ծնողների ու աշակերտների պահանջին միացած 110 մանկավարժներին, ովքեր այդ պահանջն ամրագրել են իրենց ստորագրություններո
Հարգանքով՝ «ԵԼՔ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆ