Շվեդական ակադեմիան հաղորդագրություն է տարածել այն մասին, որ այս տարի գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակներ չեն հանձնվի, իսկ 2019-ին միանգամից երկու Նոբելյան մրցանակակրի անուն կհայտարարվի: Այդ մասին ասվում է Նոբելյան կոմիտեի կայքում:
Այլ բնագավառներում մրցանակների հանձնման վրա այս որոշումը չի տարածվում: Ի դեպ, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակներ չեն հանձնվել նաեւ 1914, 1935, 1940, 1941, 1942 եւ 1943 թվականներին:
Նման որոշում կայացնելու պատճառներից մեկը Շվեդական ակադեմիայի անդամների թվի կրճատումն էր եւ կազմակերպության հանդեպ հասարակության վստահության որոշակի նահանջը: Ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ակադեմիային ժամանակ է անհրաժեշտ համապատասխան վստահություն ձեռք բերելու եւ ավելի մեծ թվով ակտիվ անդամներ ներգրավելու համար:
Շվեդական ակադեմիայի անունը վերջերս շրջանառվում էր ապրիլին ծագած սկանդալի համատեքստում: Բանաստեղծուհի Կատարինա Ֆրոստենսոնի ամուսինը` Ժան Կլոդ Առնոն, որը հայտնի մշակութային գործիչ է, 18 կանանց կողմից մեղադրվում էր սեռական ոտնձգության մեջ:
Ինչ վերաբերում է Կատարինա Ֆրոստենսոնին, նա 1992-ից ընտրվել էր ակադեմիայի անդամ, իսկ նրա եւ ամուսնու կողմից ղեկավարվող «Ֆորում» ակումբը բազմաթիվ դրամաշնորհներ էր ստացել:
Որոշ ակադեմիկոսներ էլ խախտել էին ամենակարեւոր պայմանը`ավելի շուտ բարձրաձայնելով մրցանակակրի անունը: Շատ ավելի վաղ էին հայտնի դարձել այնպիսի մրցանակակիրների անուններ, որոնց թվում են Բոբ Դիլանը, Սվետլանա Ալեքսիեւիչը, Հարոլդ Պինտերը եւ այլք:
ТАСС-ի փոխանցմամբ, ակադեմիկոսների մի խումբ, ի նշան բողոքի` հեռացել է, նրանց թվում են եղել Սառա Դանիուսը, Լոտա Լոտասսը, Սառա Ստրիտսբերգըը եւ այլք:
Հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակը շնորհվում է շվեդական ու նորվեգական ինստիտուտների կողմից` ակադեմիական, մշակութային և գիտական ձեռքբերումների համար։ Մրցանակները սահմանվել են 1859 թվականին շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն։ Քիմիայի, գրականության, խաղաղության, ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակներն առաջին անգամ շնորհվել են 1901 թվականին։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ