Զրույց Արշակ Սարգսյանի հետ
Հորդելով համարձակություն ու սուր միտք՝ Արշակ Սարգսյանի ժանրային ոլորանները, երևակայական փայլուն պատկերներն ու քանդակները դիտողին ազատության հրճվանքի սարսուռ են պարգևում։ Սարգսյանը նաև մեծերի հեքիաթ պատմելու վարպետ է, որտեղ դրամատիկ ու հեգնական շարվածքում կարողանում է զուգադրել կենդանական, մարդկային և բուսական աշխարհը՝ չնայած որոշակի լուրջ հակադրությանը:
Զարմանալի չէ, որ նա համարվում է Երևանի երիտասարդական մշակույթի վիզուալ պոետ, նորարար, որի աշխատանքներն արձագանք են գտնում քաղաքի դինամիկ ոգու հետ:
Ծնվելով Գյումրիում 1981 թվականին, կրթություն ստանալով Երևանում ու Կիպրոսում՝ Սարգսյանը ձեռք է բերել միջազգային ճանաչում: Նրա կտավներն ու քանդակները ցուցադրվել են ողջ աշխարհում, իսկ նրա աշխատանքներից շատերն այժմ մասնավոր ու հանրային հավաքածուների մաս են կազմում:
Իբրև վաստակավոր նկարիչ՝ նրան է հանձնարարվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալի վերաձևավորման աշխատանքը, նրան է վստահվել նաև Հայ-բուլղարական համատեղ ապրանքանիշի ձևավորումը։
-Արշակ, քո նկարներն առանձնանում են որոշակի բազմակարծությամբ թեմայի բովանդակության առումով: Կարծես դու առաջարկում ես, որ ճշմարիտ լինելու համար արվեստի գործը պետք է նախևառաջ բաց լինի ցանկացած զգացողության առջև: Արդյոք սա արդարացվա՞ծ մոտեցում է:
-Իմ կտավների հերոսները կենսաբանական ու անատոմիական փոխակերպումների դրսևորում են և բաց բոլոր զգացողությունների առաջ՝ ներառյալ կենդանական: Իմ կերպարները, որոնց ավելի ճիշտ ես անհատականություններ եմ կոչում, իրենց մեջ միաձուլում են զգացմունքների և ինքնության ողջ լուսապատկերը՝ ի վերջո արխայիկը ներկայացնելով իբրև հնարավոր ուտոպիա: Բացի այդ, իմ նկարների մեջ հայտնված բոլոր առարկաները՝ լինի կենդանի, բույս, թե որևէ իր, ենթադրենք՝ կոշիկ, հավասար կարգավիճակ ունեն և օժտված են ինտելեկտով:
Այս իմաստով իմ աշխատանքներն ասես ականջալուր են Միջնադարին, որտեղ հավատում էին հրեշների գոյությանը, մարդու և կենդանու հիբրիտներին, ինչը վկայում է մարդու և բնության իրական ու ներդաշնակ կապը:
Կարծում եմ՝ հենց դա է ճշգրիտ կապը՝ մարդու և բնության միաձուլումը, գիտակցության և զգացմունքների միաձուլումը, որը, ցավոք, ժամանակակից կյանքում մարում է: Այդ միաձուլումը կարելի է տեսնել, օրինակ, Հիերոնիմոս Բոսխի աշխատանքներում: Դա այն «օրինազանցությունն է», որն իսկապես կարող է նպաստել ազատ հասարակության զարգացմանը:
Կարճ ասած, ես փորձում եմ պատկերել ու բացահայտել որոշակի մարդկային հակումներ, հնարավորություններ և գործառույթներ, որոնք դեռևս բացահայտված չեն կամ կորսվել են պատմության զարգացման ընթացքում:
-Քո նկարների մարդկային կերպարները հաճախ կենդանիների հետ կողք կողքի են, ընդ որում ոչ միշտ՝ ընտանի կենդանիների: Ո՞րն է մարդու և կենդանու փոխհարաբերության մասին ասելիքը քո ստեղծագործության մեջ:
-Ես փորձում եմ ցույց տալ մարդու և կենդանու միջև հիմնական փոխազդեցությունը, մարդկայինի ու կենդանականի փոխազդեցությունը: Մարդու զարգացմանը զուգահեռ մարդու մեջ զարգացել է նաև կենդանականն ու վայրին: Կենդանականի առկայությունը հատուկ չէ միայն նախնադարյան մարդուն: Հայոց լեզուն հարուստ է մարդու և կենդանու միասնությունը խորհրդանշող բազմաթիվ դարձվածքներով ու այլաբանություններով. օրինակ՝ «մարալի պես սիրուն արջիկ», «արծվաքիթ» «օձի լեզու» և այլն։
Ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունեն թռչնի և թռիչքի հետ կապված գաղափարները, որոնք խորհրդանշում են մարդու ազատությունը թե´ ֆիզիկական և թե´ հոգևոր իմաստներով:
Կարծում եմ՝ թռչելու ցանկությունը մարդու ներսում ապրող բնազդն է: Ահա թե ինչու իմ աշխատանքներում դուք տեսնում եք թռչնանման կերպարների բազմություն: Ինձ հարազատ է նաև Վերածննդի նկարիչ Ջուզեպե Արչիմբոլդոյի տեսությունը մարդկանց, ծաղիկների և մրգերի միջև ինտիմ կապի վերաբերյալ:
Կոնկրետ իմ կտավներում մրգերն ու ծաղիկները մարդկության ապագա վերածննդի խորհրդանիշն են, քանի որ ես հավատում եմ, որ մի օր տեխնոլոգիական զարգացումն ինքն իրեն սպառելու է՝ ճանապարհ հարթելով մարդու համար՝ որպես բնության ամենափոփոխվող տեսակի, նոր Վերածննդի քայլեր կատարել:
-Ջունգլիի հմայքը, պայծառությունն ու իրական ռեալիզմը, դրա էական դաժանությունը օտարացնում են այն համոզիչ պատկերացումները, որոնք կան քո նկարներից շատերում: Արդյոք որևէ սոցիալական քննադատությո՞ւն է թաքնված այդ աշխատանքներում:
-Այո, իրեն անկրկնելի համարող գլամուրային և պերճաշուք հասարակությունը, որը պարզապես ինքնագոհ և նարցիսիզմով տառապող մարդկանց խումբ է, կարծում է, թե բարձր ինտելեկտուալ հասարակության շերտն է: Ես նրանց անվանում եմ «սարսափելի գեղեցիկներ»՝ նկատի ունենալով նրանց բացարձակ մոլուցքը դեպի նորաձևությունը, ինչը նրանց դարձնում է դիվային արարածներ: Գլամուրային կախվածությունը միշտ էլ եղել է մարդկության պատմության մեջ: Մի խոսք կա. «Գեղեցկությունը զոհեր է պահանջում»:
Իմ նկարներում գլամուրի սիրահարներն ավելի ժամանակակից են, նրանց նպատակն ու սկզբունքը իրենց գոյության անկրկնելիության կերտումն ու անհատականության ձևավորումն է, որը հազիվ թե որևէ կարևոր նպատակի է ծառայում, քան ընդամենը ինքնահաստատումն է պատրաստի ծիսակարգի սցենարներով: Եթե փորձեմ իմ ստեղծած կերպարներից մեկին բնութագրել, ապա այսպես կստացվի. «գիշերային ակումբի զգացողություն, արվեստի առարկա, փոփ-աստղի տենչանք, հեգնանք այն մարդուն, որն անարգվում է իր հագուստի ու վարքի պատճառով»:
-Կապված քո նկարներում կոնտրաստային տարրերի միահյուսման հետ՝ այդ խառնուրդի մեջ գայթակղիչ է կարդալ նաև ամեն տեսակի քաղաքական և սոցիալական քննադատություն: Եթե, փաստորեն, քո նկարներում այդքան քննադատություն կա, ո՞րն է այն հիմնական ասելիքը, որը «կարմիր թելի պես» անցնում է այդ ամենի միջով:
–Իմ նկարչությունը սկզբունքորեն ֆիգուրատիվ է, հաճախ բազմաֆիգուր: Դուք տեսնում եք կերպարներ, որոնք դիտողի տեսանկյունից տարօրինակ փոխհարաբերության մեջ են: Եթե իմ նկարներում կան ինչ որ չափանիշներ և օրենքներ, ապա դրանք անշուշտ երկիմաստ են ու ոչ առօրեական և հակված չեն որևէ սոցիալական դավանանքի: Իմ նկարներում նույնիսկ քաղաքականություն չկա, իմ կերպարներն ապաքաղաքական են: Ավելի շուտ դրանք երազողներ են և ռոմանտիկներ, որոնք մերժում են սովորույթները և հանդուգն են ինքնահաստատման մեջ:
-Երևում է՝ դու ահագին զվարճանում ես՝ պատկերելով երևակայականն ու արտասովորը:
-Ինձ համար այն, ինչ դուք անվանում ենք երևակայական ու արտասովոր, նախևառաջ, ոչ ստանդարտն է, անզուգականն ու սարսափելի գեղեցիկը իր վայրենությամբ: Իհարկե, իմ կտավներում նաև հումոր կա, բայց ոչ ծաղրանք կամ այն գռեհիկ հումորը, որ շրջապատում է մեզ կամ թափվում էկրանից: Իմ կերպարները միգուցե թեթևամիտ են թվում, բայց նրանք հիմար չեն, պարզապես նրանք այլ կերպ են մտածում: Անգամ նրանց վրա կախված աքսեսուարներն է պետք այլ կերպ տեսնել։ Եթե, օրինակ, կերպարի հագուստի վրա շքանշան եք տեսնում, պետք է կտրվեք դրա բուն նշանակությունից և այն տեսնեք իբրև հագուստի զարդ:
-Քո նկարները հայտնի են իրենց ազատ սահող ոճով: Թվում է՝ դու հավատարիմ չես որոշակի դպրոցի կամ ժանրի, փոխարենը զվարճանքով ու էներգիայով հպվում ես արվեստի պատմության հղումների բոլոր ձևերին։
-Վերածնունդը հիշեցնող էլեմենտներ հաճախ են հանդիպում իմ գործերում։ Նույնիսկ փոքր տարիքից սկսած ես ուսումնասիրում եմ Վաղ Վերածննդի վարպետներին, և իմ տեխնիկան հիմնված է դասական արժեքների վրա։ Սակայն նկարչական մտածողությամբ ես ինձ մոդեռնիստ եմ համարում, գուցե մի էլ քիչ պոստմոդեռնիստ: Բայց երբեք չեմ մտածել կամ չեմ փորձել ստեղծել սեփական ոճը։ Ես նկարում եմ՝ հետևելով ներսից եկող ազդակներին, փորձում եմ ազնիվ լինել ինքս ինձ հետ և պատկերում եմ այնպես, ինչպես վարժվել եմ։ Միաժամանակ, ինքս ինձ ազատություն եմ տալիս ոճի և կոմպոզիցիայի առումով, ինչպես նաև այն պատմության, որը պատմում եմ իմ նկարների միջոցով։
-Դու մեծացել ես Հայաստանում, մի երկիր, որ միայն վերջերս է անկախացել։ Դու նաև ճանաչվել ես իբրև Երևանի երիտասարդական մշակույթի վիզուալ պոետ։ Իբրև նկարիչ՝ ի՞նչ է քեզ համար նորաստեղծ հանրապետությունում աշխատելը։
-Այո, Հայաստանը երիտասարդ երկիր է, մի երկիր, որը մեծ ապագա է խոստանում, բայց նաև ընկղմված է բազմաթիվ խնդիրների մեջ։ Իմ ոգեշնչումն իմ ամենօրյա աշխատանքն է։ Շատ բան կա, որ ուզում եմ անել՝ անկախ նրանից, թե որտեղ եմ ապրում։ Բայց անկասկած այն փաստը, որ ես հնարավորություն ունեմ ստեղծագործելու իմ երկրում, չափազանց կարևոր է ինձ համար։ Հպարտ եմ, որ հայ եմ և Հայաստանում եմ ստեղծագործում։ Դա նվազագույնն է, որ կարող եմ անել իմ երկրի համար։
Գիտե՞ք, երբ մենք խոսում ենք ճանաչման մասին, պետք է նշենք, որ ամեն ինչ կախված չէ արվեստի որակից: Ճանաչված լինելու համար պակաս կարևոր չեն նաև անհատական հատկանիշները, որոնք քեզ դարձնում են այն նկարիչը, ինչ կաս։ Ընդհանրապես, պետք է բաց ու զգայուն լինես միջավայրում, որտեղ ապրում ես։ Իսկ եթե կարողանաս նաև դրական ազդեցություն ունենալ այդ միջավայրի վրա, քո աշխատանքն է´լ ավելի կգնահատվի։ Թույլ տուր նաև ասեմ, որ ճանաչված լինելն ինչ-որ տեղ բախտի հարց է, իսկ արվեստում ճշմարիտ դատավորը ժամանակն է:
Զրույցը վարեց Սոնա Համալեանը
Անգլերենից հայերեն թարգմանեց Անի Գասպարյանը