Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է ժողովրդի հաղթանակը միշտ նրանց բաժին հասնում». ինչպե՞ս են Ադրբեջանում վերաբերվում ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը

Մայիս 04,2018 16:49

«Ինչո՞ւ է ժողովրդի հաղթանակը միշտ նրանց բաժին հասնում»,- ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այսպիսի գրառում էր կատարել ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան՝ անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորապես թավշյա հեղափոխությանը:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նշեց, թե դեռ ապրիլի 20-23-ին ծավալվող իրադարձությունների ժամանակ և ապրիլի 23-ից հետո ադրբեջանական ընդդիմադիր զանգվածը բավականին խանդով էր վերաբերվում ՀՀ-ում ընթացող զարգացումներին. «Հնչում էին կարծիքներ, թե նրանք միշտ էլ կարողանում են միավորվել, նրանք գիտեն՝ ինչ է նշանակում ժողովուրդ լինել, դրա համար միշտ հաղթում են: Գրում էին, թե մեր մեջ փաշինյաններ չկան, ընդդիմությունը ծախված ու գրանտակեր է»:

Ադրբեջանագետը, հղում կատարելով ադրբեջանցի քաղաքագետներին՝ Ռասիմ Մուսաբաևին և այլոց, նշեց, թե նրանք որևէ ակնկալիք չունեին, որ որևէ փոփոխություն է սպասվում: Անդրադառնալով սոցցանցերի և ընդդիմադիր ԶԼՄ-ների հրապարակումներին՝ Տաթևիկ Հայրապետյանը նշեց. «Կային կարծիքներ, որ ադրբեջանական բռնապետությունը մնաց միայնակ տարածաշրջանում: Գրում էին, թե հայերը պետք է Կովկասի մյուս ժողովուրդներին սովորեցնեն՝ ինչպես անարյուն հեղափոխություն անել»:

Վերլուծելով իշխանամետ թևի լրատվամիջոցների լուսաբանումները՝ ադրբեջանագետը նշեց. «Իշխանական թևի ԶԼՄ-ներն այլ քարոզչություն էին տանում. նշում էին, թե հայերը վերջապես հասկացան, որ Սերժ Սարգսյանն է թշնամին, և նրա ռազմական բռնապետությունը ու այսպիսով իրենք առաջընթաց են ակնկալում ղարաբաղյան հակամարտությունում: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել էր, թե իրենք պատրաստ են ավելի առողջ մտածող ուժերի հետ զարգացնել հարաբերություններ և գնալ ղարաբաղյան հակամարտության լուծման: Իշխանական քարոզչությունը փորձում էր ներկայացնել, որ ՀՀ վարչակարգն էր մեղավոր, որ հակամարտությունը չի լուծվում՝ մինչդեռ միանգամայն անտեսելով իրենց վարչակարգի և նախագահի կողմից հնչող սպառնալիքները»:

Տաթևիկ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից կարճ ժամանակ անց երկու կարևոր օրինագիծ է մտցվել ադրբեջանական միլի մեջլիս. «Մայիսի 1-4-ն ընթացող քննարկումների ժամանակ այդ փոփոխությունները վերաբերում էին գործադուլների, դասադուլների, երթերի ազտություններին և դրանց նոր սահմանափակումներին: Նախատեսվում են տուգանքներ, քաղաքացիների նկատմամբ վարչական կալանք նման գործողությունների դեպքում: Եթե երկրում հայտարարվում է արտակարգ իրավիճակ, սահմանափակվելու է ԶԼՄ-ների գործունեությունը: Սա ևս մտածելու տեղիք է տալիս: Ստացվում է՝ ադրբեջանական ԶԼՄ-ները բացի պետական ներկայացվող տեղեկատվությունից, այլ տեղեկություն չեն կարող հայտնել հասարակությանը, եթե երկիրը գտնվոմ է պատերազմական և արտակարգ իրավիճակում»:

Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ սա վախի մթնոլորտի արդյունք է. «Համեմատաբար առաջադեմ ընդդիմադիր զանգվածը խանդով էր վերաբերվում ՀՀ-ում ընթացող զարգացումներին, ոմանք շնորհավորական ուղերձներ էին գրում Ֆեյսբուքում, գրում էին, թե մեզ էլ սովորեցրեք՝ ինչպես են անում անարյուն հեղափոխություն»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ադրբեջանագետը նկատեց՝ Ադրբեջանի համար միջազգային իրադրության պայմաններում իրավիճակը բարդանալու է. «Չեմ տեսնում, որ կա դրսի օժանդակություն Ալիևին էսկալյացիայի դիմելու հարցում: Նման հստակ ազդակ չենք նկատում և՛ Թուրքիայի կողմից, և՛ ռուս գործիչներն էլ խոսեցին, որ ՀՀ-ի համար այս դժվար ժամանակահատվածում Ադրբեջանը չի կարող գնալ էսկալյացիայի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031