Մայիսի 3-13-ը Մադրիդում կկայանա Documenta Madrid միջազգային կինոփառատոնը, որի այս տարվա ժյուրիի կազմում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:
«Չգիտեմ՝ արդյոք հարմա՞ր է, թե՞ ոչ գնալը, քանի որ մի տեսակ անհանգստություն ունեմ, թե ինչ է լինելու…Ամեն դեպքում, իմ սիրելի փառատոներից է, որովհետեւ 5-6 տարի առաջ այդ փառատոնի շրջանակում կայացել է իմ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ընդ որում, ոչ միայն ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպեցին, այլեւ հրաշալի հոդվածներ գրեցին, վերլուծություններ արեցին ֆիլմերիս մասին… Մի կես քայլ թողել եմ չգնալու համար, որովհետեւ չգիտեմ` կարելի՞ է բացակայել երկրից, թե ոչ, մի փախուստի նման է դառնում… Մյուս կողմից՝ ուզում եմ գնալ, միգուցե գնամ, միգուցե ոչ …Ես զգացմունքային մարդ եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Խաչատրյանը:
Նրա խոսքով, ամեն դեպքում Հայաստանի համար պատվաբեր կլինի որպես ժյուրիի անդամ այդ հեղինակավոր փառատոնին մասնակցելը. «Դա աշխարհի լավագույն վավերագրողների տեղն է, նաեւ ֆիլմեր կընտրեի «Ոսկե ծիրանի» համար»:
Հավելենք, որ Documenta Madrid-ը ամենամյա միջազգային կինոփառատոն է, որի նպատակը վավերագրական կինոյի աջակցությունն ու զարգացումն է: Փառատոնի շրջանակներում, բացի ֆիլմերի ցուցադրությունից, անցկացվում են կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր: Փառատոնը հրաշալի հարթակ է կինոոլորտի գործիչների համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ