Հ.Գ. Այս հետգրառումը հոդվածի սկզբում եմ գրում քանի որ վերջում գրելը այդքան էլ իմաստ չէր ունենա: Ժամանակը և դեպքերը ավելի արագ են ընթանում քան կալանավայրից իմ կարողությունը փաստաբանիս միջոցով մաս–մաս ուղարկել (իմ երրորդ դասարանի մակարդակի հայերեն գրությունները ուղարկում եմ աղջկաս, ով շատ դժվար գործ է կատարում` շտկելով քերականական և ուղղագրական սխալներ և ընդհանուր առմամբ խմբագրել): Երկու դեպք է տեղի ունեցել ապրիլի 21-ին և 23-ին, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են հոդվածիս հետ: Առաջինը ԱԱԾ–ի կողմից հայտնաբերված և վնասազերծված հերթական «ահաբեկչական» խմբավորումն է, որը անհասկանալի ձևով կապվում է Սասնա Ծռերի և Ժիրայր Սեֆիլյանի հետ: ԱԱԾ–ի կողմից տրամադրված տեսահոլովակում ենթադրյալ ապագա ահաբեկիչը հարցաքննության ժամանակ հայտնում է, որ նպատակ է ունեցել պայթյուն կատարել Դալմա մոլում: Ի պատասխան քննիչի հարցին, թե ի՞նչ նպատակով, այդ անձը պատասխանում է, որ ուզում էր «օգնել Սասնա Ծռերին»:
Ինչպե՞ս օգնել: Ի՞նչ օգնել, ո՞վ է իրենցից խնդրել օգնություն և այլ բազմաթիվ հարցեր են ծագում: Պարզ է, որ Սերժ Սարգսյանը ևս 1 անգամ փորձում է ահաբեկչություն բառը զոռով կպցնել Սասնա Ծռերին և Ժիրայր Սեֆիլյանին: Հիասթափեցնեմ Սերժ Սարգսյանին, որ չի կպնի այս անգամ ևս:
Ուշագրավ է, որ 2016 թվականի հուլիսի 19-ին, ՊՊԾ գնդի գրավումից 2 օր անց, Սիվիլնեթ-ին տված իմ հարցազրույցում բացատրում եմ, թե ինչու Սասնա Ծռերի գործողությունը ահաբեկչություն չէ: Օրինակ եմ բերում, թե ինչ կարող է համարվել ահաբեկչություն՝ նշելով, որ Դալմա մոլում եթե պայթյուն կազմակերպվի, որտեղ անմեղ զոհերը անխուսափելի են, ապա անհերքելի է, որ այդ գործողության նպատակը և հետևանքը ահաբեկելն է:
Երկրորդ դեպքը պատմական թավշյա հեղափոխության մեկնարկն է, որը սկսեց ապրիլի 23-ին: Մեկնարկ է քանի որ իշխանության օլիգարխիայի, կրիմինալի կազմալուծումը և արդար Հայաստանի հաստատումը հեղափոխության ապագա ամիսների և տարիների դժվարին գործը շարունակական է լինելու: Հաշվի առնելով հեղափոխության տրամաբանությունը և նրա առաջնորդի` Նիկոլ Փաշինյանի, ուղղակի և պարզ հայտարարությունը, որ առաջնակարգ գործերից է լինելու բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, ապա առաջին հայացքից կարող է թվալ, որ իմ այս հոդվածը քաղբանտարկյալների վերաբերյալ արդեն կարող է համարվել ժամանակավրեպ կամ ոչ անհրաժեշտ: Սերժ Սարգսյանի հրաժարականի յուֆորյայի ազդեցության տակ ես էլ մի պահ այդպես էի կարծում բայց ժամեր անց «սթափվելուց» հետո ավելի արժեվորեցի «հասարակական դատ»-ի գաղափարը քաղբանտարկյալներին գնահատելու և բնորոշելու համար, քանի որ օդի մեջ դեռ կախված են հետևյալ հարցերը` ո՞վ է քաղբանտարկյալ, ո՞վ և ինչպե՞ս պետք է որոշվի՝ ում են ազատ արձակելու և ում ոչ: Կարծում եմ, որ այս գնահատման գործընթացը պետք է ինստիտուցիոնալացվի հիմնական “հասարակական դատարան”-ի ստեղծումով, որտեղ տարբեր իրավապաշտպան ներկայացուցիչներ դատավորի դեր կատարելով կորոշեն ովքեր են քաղբանտարկյալ:
Վերջերս քաղբանտարկյալների գոյության, ճանաչման և գնահատման հարցերը հանրային հնչեղության են արժանացել շնորհիվ լրատվական և հասարակական կազմակերպությունների ակտիվությանը, որտեղ իր ուրույն տեղն է գրավում Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը: Սակայն քաղբանտարկյալների հարցի շուրջ փորձում են շփոթություն ստեղծել: Դա կատարվում է որոշ բարի կամեցողների անգիտության պատճառով, բայց ավելի վնասակար է իշխանական և վերպետական կառույցների միտումնավոր և ցինիկ հայտարարություններն, որոնք մնում են անպատասխան:
Այս հոդվածով ցանկանում եմ բացահայտել սխալ, կարծրատիպային և միտումնավոր աղավաղված մոտեցումները քաղբանտարկյալների վերաբերյալ: Ինձ օգնելու են ԵՄ հայաստանյան ներկայացուցիչ` Պյոտր Սվիտալսկու, նոր ընտիր բրիտանացի նախագահ` Արմեն Սարգսյանի և Արդարադատության նախարար` պարոն Դավիդ Հարությունյանի վերջին ամիսներին տված պատասխանները իրեն ուղղված հարցին. Արդյոք Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ: Եվ այսպես.
1.Քաղբանտարկյալը քաղաքական գնահատական է և ոչ իրավական: Դավիթ
Հարությունյանը մարտի 22-ին Ազատության հետ իր հարցազրույցում ճշգրտորեն ասում է, որ «…այդ հասկացությունը (քաղբանտարկյալի) շատ հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով» և մեկ ուրիշ տեղ ասում է «…չկա նման իրավական հասկացություն ինչպես քաղբանտարկյալ…»: Բայց այս հայտարարությունը հակասում է պարոն Սվիտալսկու սեպտեմբերի 14-ին Ազատությանը տված հարցազրույցում: Սվիտալսկուն հարցրել են եթե քաղբանտարկյալներ կան Հայաստանում, որին նա պատասխանում է. «Այսպիսի հարցերում մենք հիմվում ենք ՄԻԵԴ-ի դատավճիռների վրա: …Ինչպես գիտեք, Հայաստանում չկա որևէ մեկը ով ՄԻԵԴ-ի կողմից գնահատվել է որպես քաղբանտարկյալ»: Ուշադրություն դարձրեք, որ սկզբում Սվիտալսկին ճիշտ բնորոշում է տալիս, ՄԻԵԴ-ի (ինչպես բոլոր դատարանների) գործառույթը, որը դատավճիռ կայացնելն է: Սակայն հետո հակասում է ինքն իրեն ասելով, որ ՄԻԵԴ-ը չի գնահատել որևէ մեկին Հայաստանում որպես քաղբանտարկյալ: Եվս մեկ բացթողում է անում պարոն Սվիտալսկին մոռանալով ասել որ ՄԻԵԴ-ը ընդհանրապես ոչ մեկին (բոլոր 48 ԵԽ երկրներում) չի գնահատել որպես քաղբանտարկյալ, քանի որ ՄԻԵԴ-ը չունի քաղբանտարկյալ գնահատելու մանդատ: ԵԽ-ն ՄԻԵԴ-ին մանդատ է տվել դատավճիռ կայացնել, իրավական հիմունքների համաձայն, Կոնվենցիայից բխող մարդու իրավունքների և ազատությունների խախտումների հիման վրա: Քաղաքական գնահատական տալ և որոշել թե ով է քաղբանտարկյալ չի մտնում ՄԻԵԴ-ի իրավական գործառույթի մեջ, հետևաբար Դավիթ Հարությունյանը ճիշտ է ասում, երբ ասում է քաղբանտարկյալը իրավական հասկացություն չէ և պարոն Սվիտալսկին սխալ է կարծում, որ ՄԻԵԴ-ը (իրավական կառույց`դատարան) գնահատական է տալիս կամ էլ դատավճիռ կայացնում թե ով է քաղբանտարկյալ:
2.Ցանկացած անձ` քաղաքացիական ակտիվիստ կամ քաղաքական գործիչ, ՀԿ, լրատվական և լրագրող, կուսակցություն, բժիշկ և հավաքարար կարող է (ես կասեի նույնիսկ պարտավոր է որպեսզի համարվի քաղաքացի) գնահատական տալ կամ այլ կերպ ասած կարծիք հայտնել, թե ով է քաղբանտարկյալ: Ուշագրավ է, որ նույնիսկ «հանրահայտ իրավաբանական և քաղաքական փորձագետ» Դավիթ Հարությունյանը չունի ոչ մի պատրանք, որ իր «մասնագիտական» գնահատականը ընդամենը հասարակ կարծիք է երբ նա ասում է «…նորից եմ ուզում կրկնել, (փաստորեն շատ է ասել) որպես Արդարադատության նախարար, իմ կարծիքն այն է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»: Այստեղ են ասում, որ «եթե ասելով է, դու էլ ասա»: Հետևաբար, եթե ինքը կարող է կարծիք հայտնել, դու էլ քոնը հայտնի:
Չկա որևէ օրենք, որևէ երկրում, որ սահմանափակում է անձի գնահատական տալու իրավունքը: Եթե այդպիսի օրենք լիներ, ապա կլիներ օրենք նշելով որ «ընտրյալները» կարող են գնահատական տալ: Այդ դեպքում կառաջանար լիցենզավորման հարց ինչպես որ կա փաստաբանների, հոգեբանների և այլ մասնագետների համար: Այս առումով շատ անհասկանալի է երբ «Առավոտ» լրատվականը հարցադրում է անում հետևյալ շեշտադրմամբ` «Թե լրագրողական կազմակերպություններն ի՞նչ առնչություն կարող են ունենալ որևէ մեկին քաղբանտարկյալ համարել-չհամարելու հետ` մենք այս թեմայով զրուցեցինք Խոսքի Ազատության Պաշտպանության Կոմիտեյի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ»: Պարոն Մելիքյանը շատ բարեկիրթ և հանգամանալից պատասխանում է (ես ավելի կտրուկ և կոպիտ կպատասխանեի). «Քանի որ ՀԿ-ները առհասարակ քաղաքացիական հասարակության ինստիտուտներից մեկն է, կարող է իր դիրքորոշումն արտահայտել այս կամ այն հարցի շուրջ…որպես ակտիվ քաղաքացիներ, կազմակերպություն… շատ հաճախ մենք համարում ենք, որ պարտավոր է նույնիսկ դիրքորոշում ունենալ և արտահայտել:…Շատ ժամանակ քաղհասարակության կարծիքը այդ կազմակերպությունների միջոցով է հայտնվում»:
Կարծիք հայտնելու կամ դիրքորոշում ունենալու ֆոբիան բնորոշ է ավտորիտար և բռնապետական համակարգերում: Հասարակ քաղաքացու պարագայում վախը որոշ չափով հասկանալի է: Չնայած եթե սոցհարցում անցկացվի Երևանի փողոցներում, ապա 5-ից 4-ը կասեն որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Անհասկանալի է որոշ ՀԿ-ների, քաղաքական կառույցների և ընդդիմադիր գործիչների վախը կարծիք կամ դիրքորոշում ունենալու հարցում: Իհարկե, նրանք չեն ասում, որ վախենում են «շեֆից» հետևաբար փորձում են կարծիք չունենալու համար արդարանալ հետևյալ պատճառաբանություններով` «դատավճիռը ստանանք և ուսումնասիրենք նոր դիրքորոշում կհայտնենք», «դա մեր բնագավառը չէ, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի», «մենք փաստերին ծանոթ չենք», «չենք կարող ասել, քանի որ քաղաքական դրդապատճառները երբեք պաշտոնապես չեն դրվում դատական ակտերի հիմքում» և նմանատիպ այլ զվարճալի պատճառաբանություններ:
- Թյուրըմբռնում կա որոշ «փորձագետների» մոտ (կամ միտումնավոր ապակողմնորոշում) որ իբր թե անձի գործողություններն կամ հայտարարություններն են որոշիչ իրեն քաղբանտարկյալ ճանաչման հարցում: Օրինակ` Դավիթ Հարությունյանը զարմանքով է ասում «տեսել եմ նաև նույն միջազգային կառույցների կողմից հրապարակված ցուցակ, որտեղ Նաիրի Հունանյանը ևս համարվել էր քաղբանտարկյալ: Ամեն ինչ կախված է, կներեք, չափանիշներից…»: Իր կարծիքով և չգիտես թե որ չափորոշիչների հիման վրա` Նաիրի Հունանյանը չի կարող համարվել քաղբանտարկյալ քանի որ իր արած արարքը բացառում է, որ նա կարող է միառժամանակ կամ դատավարության/դատավճռի կիրառման պայմաններում որևէ փուլում լինել նաև քաղբանտարկյալ: Դավիթ Հարությունյանը ճիշտ է ասում, որ ամեն ինչ կախված է չափորոշիչներից, բայց չի շեշտում որ չափորոշիչների համաձայն Նաիրի Հունանյանին չի համարվում քաղբանտարկյալ: Պատճառն այն է, որ գոյություն ունեցող բոլոր չափորոշիչները չեն անդրադառնում անձի արած արարքներին կամ հայտարարություններին որպես իրենց քաղբանտարկյալ ճանաչելու հիմք, այլ նայում են և հաշվի են առնում իշխանությունների վերաբերմունքը այդ անձի նկատմամբ: Եթե այդ վերաբերմունքը հիմնված է քաղաքական դրդապատճառների վրա, որի հետևանքով անձը տուժում է անիրավի արդար դատավարության բացակայությամբ, անհամաչափ դատավճռով, կամ անհիմն և չապացուցված մեղադրանքով, ապա այդ անձը քաղբանտարկյալ է:
Դավիթ Հարությունյանի կողմից չափորոշիչների վրա կասկած հարուցելու նպատակը պարզ է: Որպես ռեժիմի հեղինակավոր ներկայացուցիչ, ամեն գնով փորձում է վարկաբեկել չափորոշիչների տրամաբանությունը օրինակ բերելով չափազանց ծայրահեղ և հասարակության կողմից չընդունված Նաիրի Հունանյանին: Միառժամանակ, նա շատ լավ գիտակցում է, որ Նաիրի Հունանյանի արարքը չէ, որ նրան քաղբանտարկյալ գնահատականին է արժանացնում:
Մյուս կողմից, չափազանց անհասկանալի է երբ իրավաբան, նախկինում իրավապաշտպան և ներկայիս Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոպիտ սխալ է թույլ տալիս երբ պատասխանում է Ժիրայր Սեֆիլյանի քաղբանտարկյալ լինելու մասին իրեն ուղղված հարցին ասելով. «Էն մասով, որ մասով, որ իր գործունեությունը կապված է քաղաքականության հետ` այո: Որ մասով, որ կապված չէ քաղաքականության հետ, գիտեք, որ տարաձայնություններ մենք ունենք: Այսինքն, այն հայտարարությունները, որոնք դատարանում արվում են զինված պայքարի իմաստով, ես, բնականաբար, դա քաղաքական գործունեություն չեմ կարող համարել»: Փաստորեն, պարոն Մարուքյանը թյուրըմբռնում ունի կամ էլ ընկել է Դավիթ Հարությունյանի միտումնավոր խեղաթյուրման մեջ կարծելով, որ անձը քաղբանտարկայլ է միայն այն դեպքում եթե իր «գործողությունը կապված է քաղաքականության հետ…», բայց եթե «…կապված չէ քաղաքականության հետ…Այսինքն, այն հայտարարությունները,…զինված պայքարի իմաստով…դա քաղաքական գործունեություն չէ…», ապա այդ դեպքում քաղբանտարկյալ չէ: Այստեղ խոսքը գնում է նույն սխալ դիրքորոշման մասին, երբ անձի քաղբանտարկյալ լինելու հարցում ուշադրությունը շեղվում է դեպի անձի արած կամ ենթադրված արարքի վրա: Արդյունքում միտումնավոր մոռացությամբ է տրվում այդ փաստը, որ քաղբանտարկյալ բնորոշվում է իշխանությունների վերաբերմունքի և/կամ գործողությունների հիման վրա:
Ի տարբերություն Էդմոն Մարուքյանի, Նիկոլ Փաշինյանը նույն հարցին պատասխանելով ճիշտ շեշտադրում է կատարել երբ նշել իշխանությունների վերաբերմունքը, ասելով «Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ անձնական վրեժխնդրություն է իրականացվել այն բանի համար, որ նա ապրիլյան պատերազմից հետո բարձրաձայնեց հայկական կողմի տարածքային կորուստների մասին»: Վրեժխնդրությունը իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով անօրինական վերաբերմունք է և դա այն չափորոշիչն է, որը բնորոշում է քաղբանտարկյալ լինելը:
1.Մարդկության պատմության մեջ դեռ չի եղել մի պետություն որ ընդունի իր երկրում քաղբանտարկյալների գոյությունը: Միամիտ կլինի ակնկալել, որ Դավիթ Հարությունյանը կամ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կընդունեն Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը: Նրանց պատասխանների տողատակերից կարելի է եզրակացնել ինչպես իշխանություններին «պարտադրել» ընդունել Հայաստանում քաղբանտարկյալների գոյությունը:
Դավիթ Հարությունյանը ասում է. «Ես չեմ ընդունում և նաև կարող եմ բացատրել ինչու, եթե Դուք ուշադիր նայեք, թե ինչպիսի ձևակերպումներ են և ում են համարում քաղաքական բանտարկյալ Դուք կտեսնեք, որ գամման շատ լայն է` մեկի համար մեկ անձն է քաղբանտարկյալ, մյուսի համար` մեկ ուրիշը: Ես չեմ ընդունում, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ»: Մեկ նախադասության մեջ երկու անգամ ասում է, որ ինքը չի ընդունում (սա չհիմնավորված կարծիք է) և մեկ անգամ ասում է, որ կարող է բացատրել բայց այդպես էլ ամբողջ հարցազրույցի ընթացքում չի բացատրում: Հարցազրույցի մեկ այլ հատվածում ասում է, որ «Ամեն ինչ կախված է, կներեք, չափանիշներից…»: Այսինքն նա ընդունում է, որ ամեն ինչ կախված է չափորոշիչներից բայց միևնույն ժամանակ փորձում է շեղել ուշադրությունը էականից և սևեռել անձի վրա, ասելով “…ուշադիր նայեք, թե…ում են համարում քաղբանտարկյալ”:
Դավիթ Հարությունյանի աճպարարության (շեղել ուշադրությունը որպեսզի չտեսնենք կարևորը) մեկ այլ օրինակ ևս. Նա ասում է «…որ գամման շատ լայն է` մեկի համար մեկ անձն է քաղբանտարկյալ, մյուսի համար` մեկ ուրիշը»: Փաստորեն, մեզ չհայտնելով, որ չափանիշներն է ինքը օգտագործում այդ գամմայի մեջ, նա անհասկանալի ձևով կարծիք է հայտնում. “Ես չեմ ընդունում, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ”:
Պատահականություն չէ, որ Դավիթ Հարությունյանը “մոռանում” է 2001 թվականին Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին և բնականաբար ԵԽԽՎ-ին: Գոնե որպես Արդարադատության նախարար պետք է տեղյակ լիներ, որ Հայաստանը պայմանագրորեն պարտավորվում է ենթարկվել, կիրառել և իրականացնել ԵԽԽՎ-ի որոշումները և բանաձևերը, ինչպիսինն է Բանաձև 1900 – «Քաղաքական Բանտարկյալ Հասկացությունը»:
Պատահական չէ նաև, որ Բանաձևի ընդունումից հետո` 2012 թ. մինչ օրս, Արդարադատության նախարարությունը կամ որևէ այլ պետական կառույց չի հրապարակել այս Բանաձևը (անգլերեն բնօրինակը և հայերեն թարգմանությունը): Այդ իսկ պատճառով հանրությունը տեղեկացված չի Հայաստանի պայմանագրային պայմանավորվածություններից, որոնք կապված են քաղբանտարկյալների բնորոշմանը, ճանաչմանը և վերացմանը: Այդ պատճառով ես հանձն եմ առել Բանաձևի անգլերենից թարգմանության գործը, որպեսզի հանրությունը, ներառյալ Դավիթ Հարությունյանը և Արմեն Սարգսյանը դրանից օգտվեն:
Հետաքրքիր է նաև, եվրոպական արժեհամակարգի կրող նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի արտահայտությունները Հայաստանում քաղբանտարկյալների գոյության վերաբերյալ: Փետրվարի 22-ին 1.am-ին տրված հարցազրույցում նա չի հերքում Հայաստանում քաղբանտարկյլաների գոյությունը, ընդհակառակը ընդունում է. «Եթե հանրության մեջ, քաղաքացիական հասարակության մեջ կամ զանազան կազմակերպությունների մեջ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, հարցնեք, ապա նրանք Ձեզ ինչ որ ցանկ կտան»: Փաստորեն, ՀԿ-ները քաղբանտարկյալների «ինչ որ ցանկ» ներկայացրել են նրան, սակայն այդ ցանկերը նրան չեն «բավարարվել»: Հետևաբար, եթե տեղական ՀԿ-ները տրամադրեն մեկ միասնական ցանկ հիմնված ԵԽԽՎ-ի բանաձևի վրա դա անխոցելի և արժանահավատ կլինի Արմեն Սարգսյանի համար, ով նաև խոստովանել է. «Հանրապետության նախագահը պետք է այս հարցին շատ լուրջ ուշադրություն դարձնի նպատակ ունենալով բացառել Հանրապետությունում քաղբանտարկյալ երևույթը: Այս հարցը լուծելու համար շատ հստակ է, որ քննչական և դատական մարմինները պետք է համապատասխան բարձր որակ ունենան և լինեն իրենց բարձրության վրա»: Այս վերջին նախադասությամբ կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանը ոչ թե ընդունում է քաղբանտարկյալների գոյությունը, այլ ուզում է բացառել դա և նույնիսկ գիտի թե, որ մարմիններն են մեղավոր:
Մեզ հուշող մեկ այլ բան է ասում Արմեն Սարգսյանը. «Իհարկե խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում անենք որևէ միջազգային կազմակերպության, դեռևս ես չեմ տեսել որ հայտարարի, որ այո, Հայաստանում այս ինչ անհատը քաղբանտարկյալ է»: Արմեն Սարգսյանը ճիշտ է այնքանով, որ միջազգային կազմակերպությունները չեն հայտարարել և դրա մեղավորը մեր տեղական ՀԿ-ներն են: Առանձին-առանձին մեր տեղական իրավապաշտպան կազմակերպությունները ամեն առիթ օգտագործել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններին և պետական կառույցներին ներկայացնելու քաղբանտարկյալների անուններ և ցանկեր, բայց դա ոչ միայն բավարար չէ այլ նաև անարդյունավետ է, քանի որ տարբեր ՀԿ-ների կողմից տարբեր ցանկերի ներկայացումը չի պարտադրում միջազգային կառույցներին անդրադառնալ Հայաստանում քաղբանտարկյալների հարցին:
Հայերիս դժբախտություններից մեկն այն է, որ մենք կարծում ենք աշխարհը մեզ արդարություն է պարտք: Եվրոպական արժեհամակարգ կրող և մարդու իրավունքներով մտահոգված ԵՄ, ԵԽ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ և այլ արևմտյան կառույցներ և պետություններ շատ պրագմատիկ են հաճախ երկակի ստանդարտներ են կիրառում` գերադասում են իրենց շահերը արժեքների փոխարեն: Եթե իրենց շահերից բխեր քաղբանտարկյալների հարցը առաջին պլան մղել, որպեսզի ռեժիմի վրա ճնշում գործադրեին, ապա նրանք արած կլինեին առանց մեր միջամտության: Արևմուտքը այս պահին չի ուզում նեղել և անկյուն մղել Սերժ Սարգսյանին որպեսզի նա Ալիև կամ Լուկաշենկո չդառնա: Մենք պետք չէ նեղանանք, որ «մեր լավը չեն ուզում», այլ պետք է մտածենք «պարտադրելու» ուղղությամբ: Իսկ պարտադրելը կարելի է անել մի միջոցով` տեղական ՀԿ-ները միասնական հրավիրեն ԵԽԽՎ Մարդու Իրավունքների Հանձնաժողովին որպեսզի նրանք իրականացնեն «հասարակական դատ» կիրառելով իրենց իսկ ստեղծած Բանաձև 1900 և կազմել ցանկ Հայաստանում գոյություն ունեցող քաղբանտարկյալների
1.Երևի Դավիթ Հարությունյանը արդեն տեսել է Բանաձևի իմ թարգմանությունը և նման մի շարք հոդվածներս (Քաղբանտարկյալը քաղաքական գնահատական է ոչ իրավական, ՀԿ-ների առաքելությունը ԵՄ համաձայնագրի իրագործման հարցում, Գրիգոր Լուսավորչից մինչ օրս Հայաստանում քաղաքական բանտարկյալների պակաս չկա) որտեղ պարզաբանում եմ ինչ է քաղբանտարկյալ հասկացողությունը, ով կարող է “դատավորի” դերը կատարել և գնահատել անձի քաղբանտարկյալ լինելը, ինչպես դա կազմակերպել որպեսզի իշխանությունները պարտադրված լինեն դա ընդունել, ինչու օգտագործել բացառապես ԵԽԽՎ-ի բանաձև 1900 և ամենակարևորը` “հասարակական դատը” կայացնելու գաղափարը որպեսզի վերջնականապես որոշվի ով է քաղբանտարկյալ Հայաստանում: Երևի եմ ասում որովհետև վերջերս Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարարությունում կազմակերպել է ինչ որ լսումներ կամ կլոր սեղան որտեղ երևի քննարկվելու էին քաղբանտարկյալների վերաբերյալ հարցեր: Ես ծանոթ չեմ դեռ մանրամասնություններին քանի որ դա չի արվում հրապարակայնորեն ինչպես որ ես առաջարկել էի “հասարակական դատը” անել: Ես վստահ եմ, որ Դավիթ Հարությունյանի նպատակը “հասարակական դատի” գաղափարը փչացնելն է ինչպես որ Հիմնադիր Խորհրդարանի “ազգ-բանակ” հայեցակարգը աղավաղեց նորաթուխ պաշտպանության նախարարը: Այդ իսկ պատճառով այս պահից սկսած ահազանգում եմ, որ եթե իշխանությունների կողմից քննարկում կազմակերպվի քաղբանտարկյալների վերաբերյալ այն կտապալվի, քանի որ բացառվում է իշխանության կամավոր ինքնադատապարտումը: Վստահորեն պնդում եմ, որ Դավիթ Հարությունյանը նպատակ ունի լսումներին իր կողմից ընտրովի հրավիրված անձանց և ՀԿ-ներին շփոթեցնի, ստեղծելով քաղբանտարկյալների բնորոշման չափորոշիչների շուրջ անհամաձայնություն: Արդյունքում հանդես կգան “միասնական հայտարարությամբ”, որ “գամման շատ լայն է”, ՀԿ-ները չեն կարողանա որոշել որ չափորոշիչները կիրառեն և Դավիթ Հարությունյանը կշարունակի պնդել իր կարծիքը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Հորդորում եմ այս լսումներին մասնակցող անձանց և ՀԿ-ներին ծանոթանալ իմ առաջարկած “հասարակական դատին”, միաձայն պնդեն և պահանջեն Դավիթ Հարությունյանից, որ բացառապես օգտագործվի ԵԽԽՎ-ի բանաձև 1900, ապահովի ենթադրյալ քաղբանտարկյալների և նրանց շահերը պաշտպանող անձանց ներկայությունը:
2.Դավիթ Հարությունյանը չափազանցնում երբ ասում է, որ քաղբանտարկյալների բնորոշման չափորոշիչների գամման շատ լայն է: Ընդհակառակը եթե նայենք այդ չափորոշիչների նպատակին և սկզբնաղբյուրին կտեսնեք, որ դա մեկն է` իշխանությունների վերաբերմունքը կալանավորի նկատմամբ դրսևորված է քաղաքական դրդապատճառներով: Միջազգային Համաներում (ՄՀ) – Amnesty International հայտնի միջազգային և հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության չափորոշիչները ամենաընդգրկունն են և հեշտությամբ կիրառելի: Այդ իսկ պատճառով, իրավապաշտպանների մեծամասնությունը նախընտրում է ՄՀ չափորոշիչները: ՄՀ-ը բաժանում է քաղբանտարկյալներին երկու մասի: Առաջին խումբը ուժ չի կիրառել քաղաքական նպատակների համար հետևաբար համարվում է խղճի բանտարկյալ (ինչպիսիք են Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Անդրեաս Ղուկասյանը, ես և շատ ուրիշներ): Նրանց ազատ արձակելը պահանջվում է անհապաղ և անմիջապես: Քաղբանտարկյալների երկրորդ խմբում նրանք են, ովքեր քաղաքական նպատակների համար ուժ են կիրառել ներառյալ զինված ապստամբություն: Այս խմբի նկատմամբ ՄՀ-ն անհապաղ ազատ արձակում չի պահանջում, քանի որ կարող հնարավոր է քրեորեն պատժելի արարք կատարած լինեն: Սակայն, եթե նախնական կալանքը անօրինական լինի, դատավարությունը` անարդար, դատական ընթացակարգերը խախտվեն, եթե խտրական մոտեցում լինի կամ անհամաչափ պատիժ, ապա այդ դեպքերում ՄՀ-ը կպահանջի անհապաղ ազատում կամ վճռի վերանայում:
Արմեն Սարգսյանը նույնպես հղում է անում ՄՀ չափորոշիչներին առանց ՄՀ անունը տալու ասելով. “քաղբանտարկյալը անհատ է, որ…կարելի է բաժանել երկու մասի: Այն անհատին, որ իր խղճի ու խիղճ ասելով հասկանում են և քաղաքական համոզմունքներ…, որի համար ինքը պատժվում է, իհարկե, հաճախ քաղբանտարկյալ են համարում նաև անհատների, որոնք ելնելով ինչ-որ սկզբունքներից անհամաչափ ուժ են կիրառում ինչ-որ նպատակի համար:” Ուշադրություն դարձրեք, որ Արմեն Սարգսյանը և Դավիթ Հարությունյանը շատ են սիրում օգտագործել “ինչ-որ” բառը նպատակ ունենալով արժեզրկել “ինչ-որ” բառ-ին հաջորդող գաղափարը և անլրջություն վերագրել դրան: Կարող ենք արձանագրել նաև, որ Արմեն Սարգսյանը բացահայտորեն հայտարարում է Սասնա Ծռերը քաղբանտարկյալ են, քանի որ նրանք “…ելնելով ինչ-որ սկզբունքներից անհամաչափ ուժ են կիրառում ինչ-որ նպատակի համար”: Սասնա Ծռերի սկզբունքները և նպատակը պարզ են բոլորին`ազատություն, անկախություն, ապագաղութացում, արդարություն, համակարգափոխություն և այլն: Իսկ իրենց ընտրած մեթոդը ապստամբությունն էր: Ինչ վերաբերվում է Արմեն Սարգսյանի գնահատականին, որ “անհամաչափ” ուժ են կիրառել, դա իհարկե իր սուբյեկտիվ կարծիքն է, որն իրավունք ունի արտահայտելու, բայց դա ՄՀ չափորոշիչների մաս չի կազմում: “Համաչափ” կամ “անհամաչափ” լինելը չի փոխում Սասնա Ծռերի քաղբանտարկյալ լինելու փաստը:
Արմեն Սարգսյանը մի կողմից անուղղակիորեն ընդունում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, մյուս կողմից ապահովագրում է ինքն իրեն “պահանջելով” որ միջազգային կազմակերպությունները հայտարարեն քաղբանտարկյալների գոյության մասին, ակնարկելով որ այդ դեպքում ինքն էլ լիաթոք կհայտարարի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Նույնիսկ եթե ՄՀ հայտարարություն անի Հայաստանում առկա քաղբանտարկյալների մասին, ապա իշխանությունները դա չեն ընդունի, հաշվի առնելով Դավիթ Հարությունյանի խոսքը` “չկա նման իրավական հասկացությունը ինչպես քաղբանտարկյալ…”: Հետևաբար նա շատ հանգիստ կարող է ասել, որ չի ընդունում որևէ իրավապաշտպան կազմակերպության հայտարարություն: Այս ցինիկ վերաբերմունքի վառ ապացույցն է վերջին ժամանակներում Դավիթ Հարությունյանի կողմից հնչեցված արհամարական արտահայտությունները Ազատության Տուն (Freedom House) կազմակերպության տարեկան զեկույցում արտահայտված կարծիքին, որ Հայաստանը ավտորիտար երկիր է դառնում: Դավիթ Հարությունյանը և իշխանությունները չեն կարող նույն կերպ արտահայտվել եթե հայաստանյան ՀԿ-ների, ԵԽ-ի, ԵՄ-ի և այլ եվրոպական կառույցների ներկայացուցիչները ԵԽԽՎ Բանաձև 1900 կիրառմամբ որոշեն “հասարակական դատի” միջոցով, որ նշված ցանկում տվյալ անձինք քաղբանտարկյլաներ են, քանի որ միջպետական պայմանագրի համաձայն Հայաստանը պարտավորվում է հարգել և կիրառել ԵԽԽՎ-ի բոլոր բանաձևները (այդ թվում նաև Բանաձև 1900) իրագործել և կատարել որոշումները ընդունված այդ բանաձևի շրջանակում: Ամենակարևորն այն է, որ ի տարբերություն միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների, որոնք չունեն որևէ առարկայական լծակ, ԵԽ-ն ունի պայմանագրային երկու լծակ, որով կարող է պարտադրել Հայաստանին ի կատար ածել ԵԽԽՎ-ի բանաձևից բխող որոշումները: ԵԽ-ն կարող է հարուցել խախտումների վարույթ, որի առաջին փուլում անհապաղ դադարեցվում է Հայաստանի քվեարկելու իրավունքը և երկրորդ` միառժամանակ սկսվում է Հայաստանին ԵԽ կազմից դուրս հանելու գործընթացը: Անուղղակի բայց կանխատեսելի մեկ այլ լծակ զուգահեռաբար գործի է դրվում ԵԽ-ի պատժամիջոցների պատճառով`այն է, ԵՄ-ն չի կարող շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ընդլայնված գործունեության համաձայնագրի շուրջ, որը ավելի ազդեցիկ կլինի երբ ԵՄ-ն կասեցնի ֆինանսական աջակցությունը այս ռեժիմին:
- Անդրադառնալով ԵԽԽՎ Բանաձև 1900-ին նշեմ, որ Հայաստանյան հանրության մեջ` ՀԿ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների և քաղաքական գործիչների մոտ տեղեկատվական պակաս կա, որը պատճառ է դարձել բազմաթիվ թյուրըմբռնումների: Համառոտ շեշտադրումով նշեմ հինգ չափորոշիչները, որոնցից միայն մեկը բավարար է, որպեսզի անձը համարվի քաղբանտարկյալ: (Բանաձև 1900)
“Անձն ով զրկված է անձնական ազատությունից պետք է դիտվի “քաղաքական բանտարկյալ”
ա. Եթե կալանավորումը կիրառվել է …Կոնվենցիայի… հիմնարար երաշխիքների խախտմամբ…”
Կալանավորումը որպես անձնական ազատությունից զրկվելու միջոց ներառում է 1. նախնական կալանքը, 2. կալանքը դատավարության ընթացքում և 3. կալանքը դատապարտվելուց հետո: “Հիմնարար երաշխիքները” նույնն են ինչ հիմնարար իրավունքները, որոնք երաշխավորված են Կոնվենցիայով: Ուշադրություն դարձրեք թե ինչքան լայն է “գամման” առաջին չափորոշիչում, քանի որ այն չի սահմանափակվում “քաղաքական դրդապատճառներով” սահմանմամբ ինչպես հետագայում արվում է “գ” և “դ” չափորոշիչներում: Հիմնարար իրավունքների խախտումը չի սահմանափակված “քաղաքական դրդապատճառներով” որովհետև այդ խախտումները չեն կարող լինել պատահական կամ դատավորի/դատախազի “անորակության” պատճառով (եռաստիճան դատական համակարգը նախատեսված է այդպիսի “վրիպումները” բացահայտելու և ուղղելու համար): Հետևաբար պետք է որ լինեն դիտավորյալ, այսինքն “քաղաքական դրդապատճառներով”:
ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները ընդունում են իշխանությունների իրավունքը ողջամտորեն սահմանափակել անձի հիմնարար իրավունքները (ազատ խոսքի, հավաքների, տեղեկատվություն տարածելու և այլն) որոշ “անթույլատրելի” դեպքերում, բայց չի արդարացնում անձի կալանավորումը այդ դեպքերում համարելով, որ առավելագույն պատիժը կարող է լինել վարչական տույժ/տուգանք: Այնպես, որ զենքով ապստամբության ծայրահեղ համարվող կոչերը չեն կարող արդարացում լինել անձին կալանավորելու համար և չեն կարող պատճառ լինել այդ անձին քաղբանտարկյալ չճանաչելու համար (ինչպես որոշ անտեղյակ քաղաքական գործիչներ և “մտավորականներ” սխալմունքով արտահայտել են):
Միայն այս առաջին չափորոշիչը բավարար է, որ բոլոր ենթադրյալ 70-ից ավել քաղբանտարկյալները Հայաստանում համարվեն քաղբանտարկյալ ըստ ԵԽԽՎ-ի Բանաձև 1900:
“բ. Եթե կալանավորումը կիրառվել է բացառապես քաղաքական պատճառներով առանց որևէ հանցագործության հետ կապի”
Այս չափորոշիչը վերաբերվում է “զուտ քաղաքական” հոդվածներին, որոնք տեղ են գտել քրեական օրենսդրության մեջ ինչպիսին են Թուրքիայում Աթաթուրքին անպատվելու կամ Ցեղասպանության մասին արտահայտվելու հոդվածները: Սակայն Հայաստանյան քրեական օրենսդրության մեջ կա մի հոդված, որը միտումնավոր սխալ կիրառման հետևանքով կերպարանափոխվում է և դառնում է “զուտ քաղաքական” հոդված: Դա այսպես կոչված “զանգվածային անկարգությունն” է, որը իրականում հիմնարար իրավունքների ազատ խոսքի, հավաքների և այլն “անթուլատրելի” սահմանափակումն է:
Որպեսզի հիմնարար իրավունքը կերպարանափոխվի և այն դառնա անթույլատրելի “զանգվածային անկարգություն”, մեղադրող կողմը պետք է ապացուցի երկու բան` 1.անձը նպատակ է ունեցել “անկարգություն” անել և 2. անձը գործնական քայլեր է արել այդ նպատակը իրագործելու համար: Ասածս հասկանալի լինելու համար օրինակ վերցնենք մոլոտով կոկտեյլը որպես առարկայական փաստ, որ պետք է օգտագործվի ենթադրյալ “զանգվածային անկարգության” ժամանակ: Եթե միայն դատարկ շիշ է (այն էլ պլասմասի) դա բավարար չէ: Եթե շշի մեջ կա բենզին, դա էլ դեռևս բավարար չէ, քանի որ բենզինը կարող է օգտագործվել մաքրելու համար: Եթե ապակի շշի մեջ բենզին է, շիշը խցանված է շորի կտորով, ապա այդ պարագայում դա կարող է բավարար հիմք հանդիսանալ, որպես առարկայական ապացույց, բայց դեռ բավարար չէ որպես “զանգվածային անկարգությունների” ապացույց եթե չկա կոնկրետ գործողություն դա կիրառելու, կամ էլ հրահանգ Ա-ից որ Բ-ն դա նետի:
Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին և այլոց դատապարտեցին այս հոդվածով առանց ապացուցելու ոչ առաջին, ոչ էլ երկրորդ պահանջը: Դատարկ պլասմասի շշեր, պոլի փեդ, սոդայի տուփ և այլ իրեր առարկայական փաստեր չեն: Չկա նաև որևէ ապացույց, որ պայմանավորվածություն է եղել “զանգավածային անկարգություններ” անելու: Այսպիսով “զանգվածային անկարգությունը” հիմնարար իրավունքների քողարկված արգելանք է, որը փորձում է արհեստականորեն քրեականացնելով դրանք, հետևաբար, ամբողջովին բավարարում է այս չափորոշիչի պահանջը “եթե կալանավորումը կիրառվել է բացառապես քաղաքական պատճառներով առանց որևէ հանցագործության հետ կապի”:
“գ. Եթե քաղաքական դրդապատճառներով կալանքի երկարությունը…համաչափ չեն հանցագործությանը որում անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է:”
Հիշեցնեմ, որ լինում է նախնական դատավարության ընթացքի կալանք: Այդ իսկ պատճառով շեշտվում է “կասկածվում է”, որը վերաբերվում է մինչ վճռի կայացմանը կալանքին: Շեշտվում է նաև“մեղավոր է ճանաչվել”, որը վերաբերվում է դատավճռից հետո կալանքին: Հետևաբար “քաղաքական դրդապատճառներով” կիրառված նախնական և դատավարության ընթացքում կալանքը բավարար է, որ անձը ճանաչվի որպես քաղբանտարկյալ: Այդ իսկ պատճառով իմ համար անհասկանալի է երբ Էդմոն Մարուքյանը ասում է, որ “…ես և Արտակ Զեյնալյանը նաև խմբակցությունում խոսել ենք, որ պետք է դատավճիռ ստանանք նաև ավելի խորը ուսումնասիրենք զուտ պատժի մասով:… որը ըստ էության նաև կապված է իր գործունեության հետ:” Չեմ հասկանում ինչու է պարոն Մարուքյանը անտեսում Բանաձև 1900 մնացած չորս չափորոշիչները, որի միջոցով Ժիրայր Սեֆիլյանին կարող է գնահատել որպես քաղբանտարկյալ: Չնայած նա նաև անտեսում է այն փաստը, որ այս մեկ չափանիշով կարող էր շատ վաղ (մոտ երկու տարի առաջ) գնահատական տար եթե հաշվի առներ անօրինական և անհամաչափ կալանքը, որ արդեն կիրառվել էր նախնական և դատավարության ընթացքում:
Դավիթ Հարությունյանը այս հարցում ևս փորձում է արհեստական անորոշություն ստեղծել և աճպարարությամբ թաքցնել իրականությունը “հարցնելով” Ազատության լրագրողուհուն “ո՞վ է որոշելու պատժաչափը խիստ է թե ոչ…ըստ իս երկու մոտեցում կա: Մի մոտեցումը Դուք անձամբ որպես անձ որոշում եք, որ այս պատժաչափը խիստ է և Ձեզ համար դուք համարում եք, որ այդ անձը քաղբանտարկյալ է, իսկ մյուսը` պետական համակարգը դա եռաստիճան դատական համակարգն է:” Շատ խորամանկ քայլ է անում փորձելով լրագրողի վրա դնել այդ ամբողջ “ծանր մասնագիտական և իրավական” բեռը, որպեսզի նա էլ “ողջամտորեն” ասի, որ ավելի լավ է, որ մեր “ազատ և անկախ” եռաստիճան դատարանները որոշեն դա: Դավիթ Հարությունյանը “մոռանում” է, որ ինքն էր ասում, որ քաղբանտարկյալների գնահատականը իրավական չէ, հետևաբար դատարանի որոշելիք չէ, մանավանդ մեր դատարանների, այլ դա քաղաքական գնահատական է, որ ցանկացած ողջամիտ անձ ներառյալ այդ լրագրողը կարող է անել առանց Դավիթ Հարությունյանի թույլտվության:
“դ. Եթե քաղաքական դրդապատճառներով այլ անձանց հետ համեմատած խտրական կերպով է կալանավորված…”
Այստեղ շատ մտածելու ու պրպտելու կարիք չկա, հիշեք միայն իշխանությունների վերաբերմունքը Լիսկաների, Լֆիկների, Նեմեցների. Թոխմախների և բազմատեսակ Ճվճվների նկատմամբ և համեմատեք դա այն վերաբերմունքի հետ, որ ենթադրյալ քաղբանտարկյլաներն են արժանանում:
“ե. Եթե կալանավորումը ակնհայտ անարդար վարույթի և դատավարության արդյունք է և ըստ երևույթի կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ:”
Այս հինգերորդ չափորոշիչը ինչպես նաև առաջինը ԵԽԽՎ-ն դրել է, որպեսզի հանկարծ եթե մնացածները չհամապատասխանի անձին, ապա գոնե Հայաստանում բոլոր նախնական և դատավարության ժամանակ կալանավորված անձինք, որոնք որևէ կապ են ունեցել քաղաքացիական կամ քաղաքական գործունեության հետ այս չափորոշիչին անպայման կհամապատասխանեն:
- Անդրադառնալով Դավիթ Հարությունյանի հարցերին, թե ո՞վ, ինչու՞, ինչպե՞ս և այլն կուզենամ Ձեր ուշադրությունը հրավիրել ԵԽԽՎ-ի Իրավական Հարցերի և Մարդու Իրավունքների Կոմիտեյի (ԻՀՄԻԿ) զեկույց 13011-ին, որի քննարկման և հիման վրա ընդունվել է Բանաձև 1900-ը: Այդ զեկույցի “4 Ապացուցելու Բեռը” խորագրով բաժնում շատ պարզորեն դերաբախշվում է ապացուցելու բեռը մեղադրող և պաշտպանող կողմերի միջև, որտեղ ենթադրյալ քաղբանտարկյալները մեղադրող կողմն է, ով մեղադրանք է առաջադրում պետությանը իրեն քաղբանտարկյալ դարձնելու համար: Իսկ պետությունը պաշտպանվող կողմն է, որ պետք է ապացուցի փաստերով, որ ենթադրյալ քաղբանտարկյալները իրականում քաղբանտարկյալներ չեն:
Ասվում է, որ “քաղբանտարկյալ ներկայացող անձը կամ իր ներկայացուցիչը պետք է ներկայացնեն prima facie մեղադրանքը, որ անձը քաղբանտարկյալ է: Դրանից հետո պետությունը պարտավոր է փաստեր ներկայացնել, որ կժխտի ներկայացված մեղադրանքը քաղբանտարկյալների գոյության մասին”: Prima facie լատիներենից բառացի թարգմանվում է “առաջին հայացքից”, իսկ իրավաբանության մեջ օգտագործվում է որպես “մեղադրանք նախնական քննության համաձայն” կամ “նվազագույն փաստերի վրա հիմնված մեղադրանք, որը ժխտման բացակայության դեպքում համարվում է ընդունված”: Այլ կերպ ասած, ենթադրյալ քաղբանտարկյալը պետք է ներկայացնի մեղադրանք, որ իշխանությունների “վերաբերմունքը” իր նկատմամբ ուղղորդված է “քաղաքական դրդապատճառներով” իսկ իշխանությունը պետք է ապացուցի փաստեր ներկայացնելով, որ իր գործողությունները, որոշումները, դատական ընթացակարգը չի ուղղորդվել “քաղաքական դրդապատճառներով” և այդպես ժխտել փաստերով, որ անձը քաղբանտարկյալ է:
Թե ի՞նչ փաստեր պետք է պետությունը ներակայցնի որպեսզի ժխտվի անձի քաղբանտարկյալ լինելը է թվարկված է զեկույց 13011-ում հետևյալ կերպ. “եթե պետությանը չհաջողվի ապացուցել, որ անձը կալանավորված է համաձայն Կոնվենցիայի բոլոր պահանջների ինչպես, որ մեկնաբանվել են ՄԻԵԴ-ի կողմից այնքանով, որ վերաբերվում է արժանահավատ մեղադրանքին, անհրաժեշտ պայմանները` համեմատականություն և ոչ խտրականություն հարգվել են ու ազատազրկումը կատարվել է արդար դատավարության հետևանքով, ապա անձը պետք է համարվի որպես քաղբանտարկյալ:” Այսինքն ես չպետք է ապացուցեմ որ քաղբանտարկյալ եմ, այլ պետությունը պետք է փաստարկներով ժխտի, որ ես քաղբանտարկյալ չեմ: Թվարկեմ ևս մեկ անգամ ԵԽ ինչ է պահանջում պետությունից, որպես անձի քաղբանտարկյալ չլինելու ապացույց` 1. մեղադրանքի արժանահավատություն – շինծու, կեղծված, անհիմն, սուտ ցուցմունքի վրա հիմնված չէ, 2. մեղադրանքը և դատավճիռը համեմատականության մեջ համաչափ է հանցագործությանը, որում անձը կասկածվում է կամ մեղավոր է ճանաչվել, 3. անձը խտրական կերպով չի կալանավորված համեմատած այլ անձանց հետ և 4. անձը ազատազրկվել է արդար դատավարության պայմաններում: Պետությունը պետք է ապացուցի, որ այս չորս պահանջները կատարվել են համաձայն Կոնվենցիայի և ՄԻԵԴ-ի որոշումների: Եթե պետությանը չհաջողվի ապացուցել փաստերով, որ չորս պահանջները կատարվել են, ապա անձը պետք է ավտոմատ կերպով ճանաչվի որպես քաղբանտարկյալ:
1.Ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Սասնա Ծռերի “խնդիրներին”, որ որոշները տեսնում են նրանց քաղբանտարկյալ ճանաչելու հետ: Ինչպես արդեն հիմնավորել էի տարբեր չափորոշիչների համաձայն` անձի գործողությունները չեն որ որոշիչ են նրա քաղբանտարկյալ լինելու հարցում, այլ իշխանությունների վերբերմունքը նրա նկատմամբ: Համաձայն ՄԻ չափորոշիչների անձինք որոնք զինյալ քաղաքական գործունեություն են կատարել նույնպես քաղբանտարկյալ են և փաստորեն նոր նախագահ Արմեն Սարգսյանը համաձայն է այս ձևակերպմանը: ԵԽԽՎ-ի Բանաձև 1900 չի բացառում անձը քաղբանտարկյալ լինելուց նույնիսկ եթե նա մեղադրվում է զինյալ գոծողության կամ ապստամբության մեջ: Սա կարող է որոշներին, որոնք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ են զարմանալի և անհավատալի թվա, թե ինչպե՞ս կարող են քաղաքակիրթ եվրոպացիները զինյալ ապստամբներին քաղբանտարկյալ համարել: Այդ իսկ պատճառով ստորև ներկայացնում եմ դրվագներ զեկույց 13011 քննարկման արձանագրություններից և բանաձև 1900 հոդվածների վերլուծությունը, որը առնչվում է զինյալ գործողություններին:
Այսպես, բանաձևի 4-րդ հոդվածը ամբողջովին արտաբերեմ ստորև.
“Ահաբեկչական հանցագործությունների համար անձնական ազատությունից զրկված անձինք չպետք է համարվեն քաղբանտարկյալ, եթե նրանք հետապնդվել են և պատժի են ենթարկվել նման հանցագործությունների համար ներպետական օրենսդրության և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան:” Ուշադրություն դարձրեք, որ Սասնա Ծռերից ոչ ոք չի մեղադրվում “ահաբեկչական հանցագործությունների” համար, բայց դա չի դրսևորվում իշխանությունների բարեկամեցողության վրա, որովհետև Սասնա Ծռերի գործողությունները “ահաբեկչական հանցագործություն” չեն: Հետևաբար, այս հոդվածը չի վերաբերվում Սասնա Ծռերին ընդհանրապես: Եթե նույնիսկ վերաբերվեր, հոդվածի վերջում նշվում է բացառությունը որտեղ անձը, որը մեղադրվում է “ահաբեկչական հանցագործության” համար կարող է համարվել քաղբանտարկյալ` “…եթե նրանք հետապնդվել են և պատժի են ենթարկվել…մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան”: Փաստորեն, եթե նույնիսկ անձը մեղադրվում է “ահաբեկչական հանցագործության” համար, բայց դա արվում է Կոնվենցիայի խախտումներով, ապա այդ անձը քաղբանտարկյալ է Կոնվենցիայի խախտումների պատճառով (որը իշխանությունների կողմից է արվում քաղաքական դրդապատճառներով) և ոչ թե անձի արարքի համար:
Մեկ անգամ ևս պարզաբանեմ թե ինչու Սասնա Ծռերի արարքը “ահաբեկչական հանցագործություն” չէ: Ահաբեկչության բառի հիմքը ահաբեկելն է: Որպեսզի գործողությունը ահաբեկչական համարվի այն պետք է ահաբեկելու նպատակ ունենա կամ էլ ահաբեկիչ հետևանք ստեղծել: Սասնա Ծռերի զինյալ ապստամբությունը ոչ ահաբեկելու նպատակ է ունեցել, ոչ էլ այդ հետևանքն է ունեցել: ՊՊԾ գունդը գրավելուց հետո, հաջորդ երկու օրը մինչև ձերբակալվելս, մի քանի հարցազրույց եմ տվել որտեղ լրագրողները ինձ միշտ հարցնում էին, եթե ես համարում եմ Սասնա Ծռերի գործունեությունը ահաբեկչական ինչպես, որ ոստիկանությունն էր այն գնահատում այդ օրերին: Պատասխանս եղել է ՈՉ, բացատրելով հետևյալ կերպ. Եթե նրանք հարձակվեին Դալմա մոլի վրա և պայթուցիկներով/հրազենով անխտիր սպանեին այնտեղ առևտուր անող մարդկանց` կին, երեխա, ապա դա կլիներ ահաբեկչական հանցագործություն, քանի որ նպատակը և հետևանքը բացահայտ ահաբեկելը կլիներ:
Իմիջիայլոց, եվրոպական մի ՀԿ ղեկավար այս իմ բացատրությունը համարում է ահաբեկչության արդարացում, հետևաբար չի համարում ինձ քաղբանտարկյալ: Հենց դրա համար, բայց մեծահոգաբար գտնում է, որ իմ կալանքը անարդարորեն չափազանցված է: Եթե այս պարոնը (անունը չեմ տալիս որպեսզի չխայտառակվի և ապաշխարելու տեղ ունենա) եվրոպացի չլիներ, ով պետք է եվրոպական արժեհամակարգի կրողը լիներ և լավ ծանոթ լիներ ԵԽԽՎ-ի բանաձևին, ապա իր այդ հայտարարությունը ծիծաղելի կլիներ: Իր դեպքում դա անգրագիտություն է և խայտառակություն:
Զեկույց 13011-ում ահաբեկչության վերաբերյալ կա երկու շատ հետաքրքիր անդրադարձ: Առաջինը դա երրորդ հատվածում իսպանիայի քրեական դատարանի գլխավոր դատավոր` Գոմեզ Բերմուդեզի ուշագրավ բացատրությունն է, որ “բանաձևի սկզբունքը ահաբեկչին քաղբանտարկյալ չհամարելը միայն կարող է գործել ժողովրդավարական պետություններում, որտեղ կա լեգիտիմ/օրինական իշխանություն և որտեղ չի կարող խոսք լինել օրինական դիմադրության մասին ինչպիսին էր ֆրանսիական դիմադրությունը համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ: Այս պնդումը հիմնավորված է Կոնվենցիայի 17 հոդվածով ‘Իրավունքների Չարաշահման Արգելում’”: Չնայած, որ Սասնա Ծռերին այս բացառությունը պետք չէ, քանի որ ի սկզբանե նրանք ահաբեկիչներ չեն համարվում բայց ուշագրավ է, որ ԵԽ-ն նույնիսկ հանդուրժողական է ահաբեկչական գործողություններին որոնք կիրառվում են “օրինական դիմադրության” շրջանակում ընդդեմ ոչ ժողովրդավարական պետության և ոչ լեգիտիմ իշխանության: Կարծում եմ, որ բացի ՀՀԿ-ից և իր հաճախորդներից ուրիշ մեկը չի գտնվի, որ կասի Հայաստանը ժողովրդավարական է կամ Սերժ Սարգսյանի իշխանությունը լեգիտիմ է:
Երկրորդ ուշագրավ անդրադարձը զեկույց 13011-ում անում է զեկուցող պարոն Կրիտոֆ Ստռասերը 23 հատվածում. “Ես ուզում եմ հատկապես կրկնել մեր իսպանացի և թուրք կոլեգաների համար, որ ահաբեկիչները որոնք պատկանում են ETA և PKK-ին չեն համարվում քաղբանտարկյալ, եթե նույնիսկ նրանք հայտարարեն, որ իրենց գործողությունները քաղաքական են: Բայց եթե այս անձինք, որ մեղադրվում են ահաբեկչական հանցագործությունների համար, քաղաքական դրդապատճառներով ենթարկվել են իշխանությունների կողմից անարդար դատավարության կամ դատավճռի` ապականված փաստերի հիման վրա (կորզված ցուցմունքների, վկաների խոշտանգման կամ ճնշման հետևանքով) ապա նրանք կհամարվեն քաղբանտարկյալ:”
Պատմական անդրադարձ և նախապատմություն` 2012 թվականին երբ բանաձևը ընդունվեց ԵԽԽվ-ի կողմից իսպանիայի բասքերը ETA-ն և Թուրքիայի քրդերը PKK-ն ակտիվ ահաբեկչական գործողություններ էին կատարում և դա էր պատճառը, որ ԵԽ-ի իսպանիայի և Թուրքիայի ներկայացուցիչները մտահոգված էին, որ բանաձևը հանկարծ չընդգրկի ETA և PKK-ի անդամներին որպես քաղբանտարկյալներ: Կոմպրոմիսի հետևանքով նրանց և այլ ահաբեկչական խմբավորումներին բացառեցին քաղբանտարկյալ բնորոշումից, բայց հատուկ Թուրքիային (առանց անվանելու) ևս մեկ անգամ զգուշացրեցին, որ Կոնվենցիայի խախտումները ահաբեկիչների նկատմամբ (ինչպիսին էին կոնկրետ փաստերով հիմնավորված քրդերի խոշտանգումը վկայություններ կորզելու նպատակով) աչքաթողության չի ենթարկվի և այդ ահաբեկիչները քաղբանտարկյալներ կհամարվեն:
Ամփոփելով`
1.Քաղբանտարկյալ քաղաքական գնահատական է և ոչ իրավական, հետևաբար ամեն անձ իրավունք ունի և նույնիսկ քաղաքացիական պարտքն է իր կարծիքը հայտնել և գնահատական տալ թե ով է քաղբանտարկյալ:
2. Չափանիշները այն գործիքակազմն է որով անձը կարող է որոշել ով է քաղբանտարկյալ: Այդ չափորոշիչները մշակվել են բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և որոշ միջպետական կառույցների կողմից:
3. Բոլոր չափանիշները անխտիր ուշադրություն են դարձնում և խարիսխվում են իշխանությունների քաղաքական դրդապատճառներով հիմնված վերաբերմունքի վրա և ոչ թե ենթադրյալ քաղբանտարկյալի գործողությունների կամ հայտարարությունների վրա: Այնպես, որ զինյալ ապստամբություն իրականացնող Սասնա Ծռերը նույնպես քաղբանտարկյալներ են եթե գնահատում ենք իշխանությունների վերբերմունքը նրանց նկատմամբ:
4. Միայն մեկ չափորոշիչ կա, որը Հայաստանը պայմանագրորեն ընդունել է, հետևաբար, պարտավոր է ենթարկվել և իրագործել` դա ԵԽԽՎ-ի Բանաձև 1900 է: Պետք է բոլորը հիմնեն իրենց կարծիքը այդ բանաձևի վրա որպեսզի պահանջը և պատասխանատվությունը լինի լեգիտիմ:
5. Քաղբանտարկյալ բնորոշումը կարող է գնահատվել անձի ձերբակալման պահից և պետք չէ սպասել դատավճռին, որ պատժաչափի հիման վրա որոշվի անձը քաղբանտարկյալ լինելը: Հենց այն պահից երբ տեսանելի է, որ անձը պատժվում է իշխանությունների քաղաքական դրդապատճառներից և վերաբերմունքից ելնելով կարելի է որոշել, որ անձը քաղբանտարկյալ է:
6. Դատավճռի անհամաչափ լինելը միայն հինգ չափորոշիչներից մեկն է ԵԽԽՎ-ի բանաձևի: Մեկ այլ չափորոշիչի համաձայն անձը քաղբանտարկյալ է եթե իշխանությունները խախտում են անձի իրավունքները և ազատությունները համաձայն Կոնվենցիայի:
7. “Հասարակական դատի” միջոցով ԵԽԽՎ-ի Բանաձև 1900-ի կիրառմամբ Հայաստանյան ՀԿ-ների և եվրոպական կառույցների (մանավանդ ԵԽ և ԵԽԽՎ) ներկայացուցիչների մասնակցությամբ որպես “դատավոր”, ենթադրյալ քաղբանտարկյալներ և իրենց պաշտպանների ներկայությամբ որպես “մեղադրող” կողմ և իշխանությունների մասնակցությունը որպես “պաշտպանվող” կողմ, “դատավճիռ” կայացնել թե ենթադրյալ քաղբանտարկյալներից ովքեր են քաղբանտարկյալ համաձայն բանաձևի չափորոշիչների:
8. Ինչպես որ կա անմեղության կանխավարկած, որ անձը անմեղ է մինչև կապացուցվի նրա մեղավորությունը, նույն կերպ ըստ ԵԽԽՎ-ի Բանաձև 1900-ի անձը որ իրեն համարում է քաղբանտարկյալ ներկայացնելով մեղադրանք իշխանությունների դեմ համարվում է քաղբանտարկյալ եթե իշխանությունները չկարողանան փաստերով ապացուցել, որ անձը քաղբանտարկյալ չէ: Սա քաղբանտարկյալ լինելու կանխավարկած է, որ իշխանությունը պարտավոր է ժխտել փաստերով:
9. “Հասարակական դատի” վճիռը (քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը) իշխանությունները պարտավորված են իրականացնել, քանի որ իշխանությունները պայմանագրով համաձայնվել են կատարել ԵԽԽՎ-ի բանաձևի որոշումները: Եթե իշխանությունները չազատեն քաղբանտարկյալներին, ապա պահանջել ԵԽ-ին Հայաստանի նկատմամբ հարուցի խախտումների վարույթ, անհապաղ դադարեցնի Հայաստանի քվեարկելու իրավունքը և ի վերջո դուրս հանի ԵԽ-ի կազմից: “”