Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կարծես Քրիստափոր Կոլումբոսը լինի. Ազատ Արշակյան

Մայիս 04,2018 15:27

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ պետք չէ ամեն ինչ զրոյացնել: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Ալավերդյանը վստահեցրեց՝ ամենամեծ ու երկարատև փուլը դեռ առջևում է. «Կցանկանայի, որ այս ալիքից հետո, որը բարձրացել, տոնի է վերածվել, չունենանք այնպիսի իրավիճակ, որում ժողովուրդը հայտնվեց ղարաբաղյան շարժումից հետո, երբ իր ուսերին բերեց իշխանություն, որը դրժեց բոլոր այն արժեքները, որոնց հիման վրա բերում էին այս իշխանության: Ուսերի վրա բերված իշխանության համար լավագույն դիրքն է, որով կարելի է նստել ժողովրդի գլխին»:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ղարաբաղյան շարժումը երկու մեծ խնդիր էր դրել՝ Արցախի անկախություն՝ առնվազն Ադրբեջանի լծից դուրս հանելը, ժողովրդավարություն և տոտալիտար համակարգի թոթափում. «Որևէ ռեժիմ ու նախագահ չհամապատասխանեց այն վեհությանը, որը մենք վերցրել ենք 1991-ից: Բոլոր նախագահները տանուլ տվեցին. ոչ թե ժողովուրդն է սխալվել ընտրելով, այլ իրենք են սխալվել»:

Լարիսա Ալավերդյանը համամիտ չէ այն կարծիքներին, թե այս շարժման նման շարժում դարեր չենք ունեցել. «Արցախյան շարժումը եղել է հզոր՝ իրապես հեղափոխություն, սեփականության ձևերի փոփոխություն, ոչ միայն միակարծությունից անցում էր, այլ ռեժիմային, սոցիալական և ազգային ազատագրական շարժում: Իսկ սա առնվազն ապստամբություն է, քանզի մարդը հարկադրված չլինի դիմելու ապստամբության ընդդեմ բռնակալության և ճնշման: Ապստամբության մեջ մտնում է նաև հեղափոխությունը, դա ավելի ընդհանուր եզրույթ է, քան հեղափոխությունը: Մենք հստակ տեսել ենք, որ զարգացող բողոքի ալիքն իրապես ապստամբելն է: Բոլորին միավորող գաղափար չկար, միակ գաղափարը եղել է մեկը՝ գնացեք, ի սեր Աստծո: Դա ապստամբություն է ընդդեմ այն ամենի, ինչ արվել է»:

Դառնալով նոր խորհրդարանական ընտրություններ կազմակերպելուն՝ տիկին Ալավերդյանը նշեց, թե խնդիրն ընտրությունների կազմակերպման և վերահսկողության մեջ է և այն ունակությունների, որոնք պակասում են հասարակությանը: Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց՝ այնքան դիտորդներ ունեցանք, բայց բողոքների աղքատիկ մի թիվ եղավ:

Հարցին՝ շարժման ուժերը պատրա՞ստ են ընտրություններ կազմակերպել, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ իրենք այդ հնարավորությունն ունեն: Ինչքան էլ տարօրինակ է՝ հազար մեխանիզմ ունի ԿԸՀ-ն , այն պետք է վստահություն ունենա ժողովրդի կողմից: Անգամ ես եմ ասել, թե հավատում եմ ԿԸՀ-ին, բայց ԿԸՀ անդամներից մեկն ինձ ասաց՝Ձեզ նախանձում եմ, որ դուք դրան հավատում եք»:

Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, թե խորշում է բոլոր այն ձևերից, երբ մարդու արժանապատվությունն են նսեմացնում. «Եթե չես կարողանում այդ կարգավիճակում գտնվող մարդկանց արժանապատվությունը հարգել, մեծ վտանգներ կան ապագա իշխանության եկող անձանց խմբի մեջ: ԲՏՌ տյոտյաները, ձեռքերով խոսելը, բոլորը հետո տեղ են գտնելու կառավարման համակարգում: Տեսա չքնաղ, սիրունատես ԲՏՌ աղջիկների, բայց օճառ դնելը չի կարող ինձնից թաքցնել մի բան, որ սրանք բիրտ, ինտելեկտից հեռու երևույթներ են: Պարսավանքի հարյուրավոր ձևեր կան. դա ամենացածր ոճն է: Ցավոք, այդ խումբն իրեն ինքնաբավ է համարում: Մյուս վտանգն այն է, որ հզոր պոտենցիալ, ներուժ ունեցող երկրում, եթե իրենք էլ վերցնեն միայն յուրայիններին, քանի որ ունենք դեպքեր, երբ մարդիկ նման մտքեր են արտահայտել, էլի մեր ճանապարհը երկարելու և դժվարանալու է: Պետք չէ զրոյացնել այն ամենը, ինչ արվել է: Հեղափոխական ժամանակակից հնարքների տիրապետելը դեռ նույնը չէ, ինչ հեղափոխություն անելը: Կոչ եմ անում բոլոր այդ երիտասարդներին՝ օգտագործեն հնարքները, որ կան և չիջնեն: Պետք չէ սիմետրիկ պատասխան տալ: Եթե գտնում ենք, որ մինչև այսօր իշխանությունն է նսեմացրել ժողովրդին, պետք չէ սիմետրիկ նսեմացնել իրենց»:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի համոզմամբ՝ մեծ բարեբախտություն էր, որ ՀՀԿ-ում կազմակերպվելու և պաշտպանվելու ուժ չունեին: Դառնալով ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորների ելույթներին՝ պարոն Արշակյանն ասաց. «Մեծ բարեբախտություն էր, որ նրանք չկարողացան դիմադրություն ցույց տալ: Այս իմաստով մենք շահեցինք»:

Պարոն Արշակյանը զարմացած է, որ Նիկոլ Փաշինյանին ու ընկերներին հաջողվեց գտնել փտած պատը. «ԵԱՏՄ-ի այս փլուզումը կարծում էի՝ սարերի ետևում է, բայց պարզվեց փլուզումը՝ պերեստրոյկան, իմպերիայի նոր ծրագիրը, փլվել է, և առաջին հաղթական հարվածն անցկացվեց ՀՀ-ում: Նիկոլ Փաշինյանին կարելի է համեմատել Քրիստափոր Կոլումբոսի հետ: Բոլորը կարծում էին, որ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ ոչինչ չկա, բայց պարզվեց Ամերիկան այնտեղ է: Մենք էլ կարծում էինք՝ հիմա հնարավոր չէ, բայց Նիկոլ Փաշինյանը մի խումբ ընկերների հետ գնաց ու հայտնաբերեց փտած պատը, և այն շուռ եկավ: Եվրասիական միությունը ռեսուրսներ չուներ այստեղ մարտի 1 կազմակերպելու, ջարդելու, հայ ժողովրդին նորից ետ մղելու դեպի անազատություն: ԵԱՏՄ-ն այժմ այն միությունը չէ ՀՀ-ի համար, որին արժե ջարդել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031