«Մոդուս Վիվիենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը վարչապետի քվեարկության օրը՝ մայիսի 1-ին, շատ վատ է զգացել, որ ՀՀԿ-ականներից միայն Ֆելիքս Ցոլակյանն է «կողմ» քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:
«Բոլոր նստած ՀՀԿ-ականները ցույց տվեցին, որ իրենք պարզապես խամաճիկներ են, ինքնուրույն մտածող որեւէ մեկն այդտեղ չկա: Էն բոլոր հեքիաթները`հայրենիքի, ազգի համար, սուտ են: Բավական է մի անձ գա, մատ թափ տա եւ ասի`այսպես կանենք, իրենք կանեն: Կարող էին, ի վերջո, չանել, հրաժարական տալ, դուրս գալ, ինչպես անողն արեց: Շատ շատերն իրենց քաղաքական մահկանացուն կնքեցին»,- «Հայացք» մամուլի ակումբում, պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց նա:
Նկատեցինք` նույն օրը հանրահավաքի հարթակից հայտարարվեց, որ Ֆելիքս Ցոլակյանի անունն այդ քվեարկությունից հետո, ոսկե տառերով գրվեց ժողովրդի սրտերում եւ պատմության մեջ եւ հետաքրքրվեցինք`արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այն մարդիկ, ովքեր «կողմ» կքվեարկեն Նիկոլ Փաշինյանին, կսրբագրեն իրենց նախկին մեղքերը: Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը եւ Արա Պապյանը «մեղքը» քաղաքական կատեգորիա չեն համարում: Հայկ Մարտիրոսյանն ասում է`սա քաղաքականություն է, որտեղ անցումներ պատահում են եւ եթե Ֆելիքս Ցոլակյանի քայլը չքաջալերվեր, դա կապաքաջալերեր հնարավոր անցնողներին. «Լինում է առնետավազք, լինում են պրագմատիկ անցումներ: Սա այս համատեքստում պետք է նայել»:
Մանրամասները`տեսանյութում
«Մենք Հայաստանում ենք ապրում, շատ լավ գիտենք՝ ով ով է, նա չի եղել հարկայինի նախկին թալանչի: Անթերի եւ սուրբ մարդիկ չկան, բայց նրանց պետք է տարբերել: Քվեարկելը, իհարկե, ազգային հերոսություն չէ, բայց տարբերել պետք է»,- հավելեց Արա Պապյանը:
Հարցին`ՀՅԴ-ն, Գագիկ Ծառուկյանը եւ իր թիմում եղած քրեական հեղինակությամբ մարդիկ ձերբազատվո՞ւմ են նախկին խնդիրներից`կանգնելով համաժողովրդական շարժման կողքին, Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը, որպես քաղաքական գործիչ, կատարում է ճիշտ հաշվարկ, քայլ, որը շատ ձեռնտու է ժողովրդին, ճիշտ դիրքորոշում է բռնում եւ առանց Գագիկ Ծառուկյանի, «Ելք» խմբակցությանը հնարավոր չի լինելու հասնել նրան, որպեսզի ժողովրդական շարժումը հաղթանակի: Եկեք այս դաշտում նայենք եւ այն տեսանկյունով, որ Գագիկ Ծառուկյանի արարքը մեծապես գնահատելի է եւ մեծապես անհրաժեշտ: Հուսանք, որ ԲՀԿ-ն կմնա այս գծի մեջ»: Իսկ թե ի՞նչ զարգացումներ կլինեն, ասում է՝ ժամանակը ցույց կտա:
Արա Պապյանի գնահատմամբ, եթե Գագիկ Ծառուկյանը չաջակցեր շարժմանը, բախումները բացառված չէին: Աջակցելով, նա նաեւ իր համար առաջիկա ընտրություններում բավական լավ ելքային դրություն է ապահովում: Նա չի բացառում, որ հաջորդ խորհրդարանում ԲՀԿ-ն նույնպես երկրորդ ուժը կլինի: «Չեմ բացառում, որ այս ամենում կա նաեւ բարոյական ընտրության հարց, անձնական ընտրության հարց. ոչ ոք չի մոռացել, թե ՀՀԿ-ն ինչ օրի գցեց մարդուն`բոլորի առաջ ստորացնելով: Մի կարծեք, որ նման բաները մոռացվում են եւ դա ցույց է տալիս ՀՀԿ-ականների ճղճիմ վիճակը: Չի կարելի նման բան անել, քաղաքական պայքարն անձնական մակարդակի չպետք է իջեցնել: Նույնն էլ`ՀՅԴ-ն: Հասկանալի չէ նրանց վերջին տասը տարիների կեցվածքը: ՀՅԴ-ի վերնախավը ոչ սոցիալիստ է, ոչ ազգայնական, ոչ հեղափոխական, ինչ-որ բուրժուական կցորդ էին դարձել: ՀՅԴ-ի շարքերում դրանից դժգոհ էին»,- ասաց Արա Պապյանը`հավելելով, որ Հայաստանի քաղաքական կյանքի ժողովրդավարացումը կանդրադառնա Սփյուռքի վրա, նաեւ կուսակցական, բերելով այդ թվում նաեւ տնտեսական արդյունքներ:
Հայկ Մարտիրոսյանն ուշագրավ է համարում նաեւ Սփյուռքի`Հայաստանից արտագաղթած հատվածի քաղաքական ակտիվությունը, սփյուռքահայ գործարար Գարող Արմենի աջակցությունը`համաժողովրդական շարժմանը, դեռ Սերժ Սարգսյանի հեռանալուց առաջ. «Սա նոր գործընթաց է Սփյուռքում, որը նոր իրականություն է եւ Սփյուռքը շատ ակտիվ է լինելու Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, որը դրական երեւույթ է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ