Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում կրքերը շարունակում են լարված մնալ: Ծնող Սամվել Կարապետյանը հիշեցրեց, որ իր երեխայից ընտրությունների ժամանակ անձնագիր են պահանջել ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրելու համար:
«Ամեն տարի երկրորդ մասնաշենքի համար գումար է հավաքվում, ու չկան էդ գումարները: Դրա համար ես այստեղ երեխա չունեմ, ու իմ երեխաներին կատեգորիկ այս դպրոց չեմ բերել»,- ասում էր մեկ այլ ծնող: Բոլորը մեղադրանքներ էին հնչեցնում տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հասցեին:
Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ծնողին ամոթանք տվեց՝ ասելով, որ իրականությանը չի համապատասխանում, թե ինքը անձնագիր է պահանջել աշակերտների ծնողներից:
«Դուք ուզում եք հետաքրքրություն առաջացնել այս հեղափոխական իրավիճակում, երեխաներին օգտագործում եք…Խնդրում եմ հանգստացեք, մենք ջունգլիներից չենք»,- հայտարարեց տնօրենը:
«Մոնթեի անունը մի ապականեք,- տնօրենին կշտամբեց մի ծնող,-ո՞ւր է ձեր երկրորդ մասնաշենքը, որի համար գումար է հավաքվել»:
Տնօրենն անդրադարձավ հարցին, թե ինչու է Սերժ Սարգսյանի նկարը գտնվում արցախյան պատերազմի մասնակիցների նկարների շարքում: Նրա ձեւակերպմամբ, չպետք է խտրականություն դնել ոչ արցախյան պատերազմի, ոչ ապրիլյան քառօրյայի հերոսների եւ ոչ էլ այն ՀՀԿ-ականների միջեւ, որոնք ներդրում ունեն երկրի պաշտպանության գործում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ