Շիրակի պաշտոնաթող մարզպետ Արթուր Խաչատրյանն իր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց այն մասին, թե 11 ամսվա ընթացքում ինչ դասեր տվեց իրեն Շիրակի մարզը։ Սակայն նրա խոսքն ավելի շատ ուղղված էր համակարգում պետական պաշտոնյաներից շատերի ոչ ճիշտ պահվածքին ու գործելաոճին, որոնք ևս հանգեցրեց երկրում ներքաղաքական նման իրավիճակի ստեղծմանը։
«Շիրակի մարզն ինձ շատ բան տվեց, առաջինը վերահաստատեց իմ համոզմունքը, որ եթե ուզում ես մարդկանց օգնել, մարդկանց հետ աշխատել, պետք է մարդկանց հետ շփվես։ Մեր համակարգի ողբերգություններից մեկը, դժվարություն չասեմ, ողբերգություն ասեմ, որ մենք բարձր պարիսպներ էինք շարել պետական հաստատությունների շուրջ, փոխաբերական իմաստով։ Երթևեկում էինք մթեցված ապակիներով մեքենաներով, որտեղ որ գնում էինք, ուզում էինք, որ մեզանից առաջ մի ժամ շուտ գնային, խոտերի վրայից փոշին մաքրեին, բոլորի դեմքերին ռետուշ անեին, որ բոլորը ժպիտով խոսեին և գովերգեին։ Դրանով գնացինք ինքնախաբեության։ Ես ևս մեկ անգամ հասկացա, որ դա չի կարելի, պետք է մարդկանց հետ հանդիպել, խոսել, քաջություն ունենալ լսել, որ քեզ քննադատում են, երբեմն նաև հայհոյում են՝ իմանալով հանդերձ, որ այդ քննադատությունների թիրախը, գոնե ուղղակի թիրախը դու չես։
Շիրակի մարզը սովորեցրեց, որ չի կարելի որևէ երևույթ թերագնահատել, Գանդիի խոսքերը չեմ ուզում մեջբերել՝ սկզբից քո վրա կծիծաղեն, և վերջապես սովորեցեց, որ պետք է աշխատել թափանցիկ։ Շատ հաճախ մարդկանց կարծիքն աշխատանքի վերաբերյալ ձևավորվում է պարզ տեղեկատվության բացակայությունից։ Էդ դուռը եթե կիսաբաց է, ինչ ասես կմտածեն, թե ինչ է կատարվում դռների հետևում, եթե դուռը բաց է, մարդկանց հրավիրում ես, ապա ամեն ինչ շատ ավելի պարզ է դառնում։ Մի անգամ մեր քննարկումներից մեկի ժամանակ ասացի՝ ժողովրդի հետ այնպես ես խոսում, ոնց որ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստին զեկուցելիս լինես։ Պետք է խոսել այնպես, որ մարդիկ քեզ հասկանան, գեղեցիկ արտահայտություններ, դարձվածքներ մեջբերելով՝ խելոք մարդու տպավորություն չես թողնում էլի, չհասկացված մարդու տպավորություն ես թողնում։
Եթե անջրպետում ես, դու չես հասկանում՝ մարդն ինչով է ապրում, եթե չես հասկանում մարդն ինչով է ապրում, չես կարողանում իրեն օգնես, բացի դրանից, օտարանում ես, վերևինն էլ չի հականում՝ ինչ է կատարվում, դու ժողովրդից խորթանում ես։ Իսկ խորթին ոչ ոք չի սիրում, որ մտնում ես մարդկանց մեջ, լսում ես, չէ՞, հասկանում ես, չէ՞, չի կարող բժիշկը բուժի առանց մարդուն տեսնելու, պետք է կարողանաս լսել, հասկանաս խնդիրը ու կարողանաս լուծում առաջարկել։
Մի բան նկատեցի, քաղաքացիների ընդունելությանը բազմաթիվ, հարյուրավոր մարդիկ են եկել, որ իրենց հարգում ես, վեր ես կենում, ձեռքը սեղմում ես, հրավիրում ես նստելու, միգուցե ավելի կարևոր է, քան նյութական ակնկալիքը, որոնց համար իրենք եկել են։ Չի կարելի VIP-ի տեղ դնել, համարել, որ դու օրենքից ավելի բարձր ես, օրենք գրես, էդ օրենքների վրա ծիծաղես։ Ես չեմ սիրում, որ ասում են՝ ժողովրդի կողքին ես, եթե դու ասում ես ժողովրդի կողքին ես, ստացվում է, որ ժողովուրդն այստեղ է, դու իր կողքին։ Արդեն փորձելով ժողովրդին կապել՝ իրականում քեզ առանձնացնում ես։ Ժողովրդի մեջ եմ եղել, հնարավորության սահմաններում փորձել եմ աշխատել, բացատրել, մոտեցումներս ցույց տալ, այցելել եմ մարզի բազմաթիվ բնագավառներ՝ ամենահեռավորից մինչև ամենամոտ», -ասաց Արթուր Խաչատրյանը։
Հարցին՝ արդյոք հնարավորության դեպքում կշարունակի՞ պաշտոնավարումը, եթե ԵԼՔ-ը, «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՅԴ-ն կոալիցիա կազմեն, հնարավոր կլինի՞ իր վերանշակումը, Արթուր Խաչատրյանն ասաց, որ «եթե»-ներով պետք չէ խոսել։ « Չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ. գիտեք սրանից մի ամիս առաջ շատ մարդիկ էին շատ բան բացառում, հիմա բացառողները բացառվածների շարքում են, այնպես որ, Ջեյմս Բոնդի ասած՝ երբեք մի ասա երբեք, բայց այս պահի դրությամբ ես այս հարցին չեմ ուզում անդրադառնալ, որովհետև դա այնքան հիպոթետիկ հարց է, որքան Լուսնի կամ Մարսի վրա ջուր կա՞, թե՞ չէ»։
Թե կառավարման համակարգում որտե՞ղ է տեսնում իրեն, Շիրակի նախկին մարզպետն ասաց. «Ցանկացած տեղ, որտեղ պետությունն ու Դաշնակցությունը նպատակահարմար կգտնեն, որոշակի գիտելիք կա, փորձ կա, մարդկանց հետ շփման շնորհք կա»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ