«Թիվ 11 դպրոցի տնօրենը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եւ հայտնի է տնօրենին ոչ վայել պահվածքով»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Մ. Մելքոնյանի անվան դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների՝ տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականի պահանջով այսօրվա բողոքի գործողությանը, հայտարարեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով. «Հաշվի առնելով տնօրենի հարաբերությունները Բաղրամյան 26-ի հետ, նա մշտապես եղել է հովանավորության ներքո»:
Հարությունյանը նշեց՝ ծնողներն ու որոշ ուսուցիչներ իրեն ահազանգել են, որ տնօրենը փորձել է ուսուցիչներից ոմանց ճնշելու միջոցով այլ ուսուցիչների դեմ բացատրագրեր պահանջել. «Դա անընդունելի է: Իրավիճակի մասին տեղեկացրել եմ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետին»:
Արայիկ Հարությունյանին նաեւ ահազանգել են, որ ուսուցիչներից մեկը բռնություն է գործադրել ցույցի մասնակցել պատրաստվող աշակերտի նկատմամբ, իսկ մյուսն էլ՝ հարձակվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի վրա»: «Նման ուսուցիչների հանդեպ հաշվեհարդար տեսնելն անընդունելի է, բայց խնդիրը պետք է լուծվի»,-եզրափակեց Արայիկ Հարությունյանը: Խնդրի շուրջ Ռուզաննա Ազիզյանի մեկնաբանությունը՝ այստեղ:
Ապա նա անդրադարձավ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի մասին հայտարարությանը եւ ասաց՝ հարցը կքննարկեն դաշինքի անդամներ՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ, որից հետո որոշում կկայացնեն. «ՀՀ տնտեսության մեծ մասը կենտրոնացած է Երեւանում: Դժվար է պատկերացնել, թե նոր կառավարությունն ինչպես կարող է աշխատել ՀՀԿ-ական քաղաքապետի հետ, բայց հարցը կքննարկենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ