Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադարձավ մայիսի երկուսի բազմահազարանոց բողոքի գործողությունների ժամանակ ցուցարարների իրականացված որոշակի քայլերին, մասնավորապես՝ սեւ ժապավեններով ՀՀԿ-ականների նկարներ եւ խորհրդանշական դագաղներ պատրաստելուն, եւ ասաց, որ դրանք «Իմ քայլը» շարժման պատասխանատուների մտահղացումները չեն: «Դրանք ինքնաբուխ գործողություններ են եղել, որոնք քննադատողները փոքրամասնություն են եղել: Այդ հնարքների պատճառը վարչապետի ընտրության օրը՝ մայիս մեկին, ՀՀԿ-ականների սանձարձակ պահվածքն էր»,-վստահեցրեց Արայիկ Հարությունյանը:
Նրա համոզմամբ՝ հանրությունը գտավ, որ այն քայլերը, որոնք ինքն իրականացրել է մայիսի երկուսին, համարժեք էին ՀՀԿ-ականների՝ նախորդ օրվա գործողություններին. «Ես էլ եմ կարծում, որ համարժեք էին: Բայց մեզ համար անընդունելի են անձնական վիրավորանքները եւ «վենդետա»-ները»:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ մայիսի երկուսին ցուցարարները շրջափակել էին ՀՀԿ-ական որոշ պատգամավորների տները, Արայիկ Հարությունյանը նշեց՝ դա իրենց կողմից ուղղորդված չի եղել. «Երեւի գնացել են այն բնակարանները, որոնց գտնվելու վայրն իմացել են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ