«Ամենայն հավանականությամբ, մայիսի ութին վարչապետի ընտրությունը կկայանա, եւ Փաշինյանը կընտրվի վարչապետ: Բայց առաջ չընկնենք: Անկախ արդյունքներից՝ ցանկացած սցենար մեզ համար կանխատեսելի է, բոլոր դեպքերի համար ունենք մեր նախատեսած քայլերը»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր հայտարարեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
Նա վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորած ժամանակավոր կառավարությունը դառնալու են նոր՝ ազատ եւ արդար արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման երաշխավորը. «Այդ խնդիրը տարիներ շարունակ թույլ չի տվել ձեւավորել իշխանություն, որը կներկայացներ հասարակությանը»:
Արայիկ Հարությունյանը նաեւ հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագրում» ապագա կառավարության կազմի հարց չի քննարկվել. «Քաղաքական դաշտում առկա արհեստավարժ կադրերը տեղ կունենան կառավարությունում, որի ձեւավորումը միանձնյա չի լինելու: Սփյուռքից եւս թեկնածուներ ունենք»:
Թե ինչու մայիսի մեկին ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի դեմ քվեարկեց, իսկ հիմա ասում է, որ սատարելու է նրա թեկնածությունը մայիսի ութին, Հարությունյանի խոսքով. «ՀՀԿ-ական պատգամավորների վրա մեծ ճնշում է եղել, այդ պատճառով մայիսի մեկին միաձայն դեմ են քվեարկել: Իսկ մայիսի երկուսին, երբ հասարակական մեծ շարժում եղավ, դիրքորոշում փոխվեց»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ