Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական մոտեցումներում մեծ փոփոխություններ չեն արձանագրվել:
«Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը մնում են ոչ ոքի կողմնակից, ոչ ինտեգրացիա ԵՄ հետ ոչ էլ ԵԱՏՄ-ի հետ: Սա եղել է Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ուժի առաջին պլատֆորմը: Այս պլատֆորմի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը քննադատել է ե՛ւ ՀՀ-ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագրի տապալումը, ե՛ւ դեմ է քվեարկել ԵԱՏՄ անդամակցությանը:
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանի այդ դիրքորոշումը կարող եք գտնել «Ելքի» նախընտրական ծրագրում: Նրանք սխալ էին համարել ԵԱՏՄ-ի անդամակցությունը, բայց դուրս գալու մասին թեզ չկար:
Ուշադրություն դարձրեք՝ անցած տարի «Ելքի» կողմից շրջանառության մեջ դրված նախագծի ձեւակերպմանը՝ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելու մասին, բայց խոսքը ԵՏՄ-ից դուրս գալու մասին դիրքորոշում ամրագրելու մասին չէ, այստեղ էլ տեսնում ենք զգուշավորություն ու ճկունություն: Այնպես չէ, որ ԱԺ-ում այս մասին չգիտեին ու փորձում էին ցույց տալ, որ նրա դիրքորոշումները 180 աստիճանի փոխվել են:
Այնպես որ, արտաքին քաղաքականության առումով չեմ կարծում, որ որեւէ փոփոխություն լինելու է, դրա արդյունքում ռիսկեր կլինեն, թե չեն լինի, չեմ կարող ասել, բայց առնվազն կունենանք այն ռիսկերը, որոնք մեզ թողել է ՀՀԿ-ն, կարծում եմ Հայաստանի ու նոր կառավարության հնարավորությունները կավելանան… նաեւ ԼՂ հարցով առանձնապես մեծ փոփոխություններ Փաշինյանի քաղաքական գծում, պետք չէ սպասել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կարծիք հայտնեց Ստյոպա Սաֆարյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ