«Հիմա ամենից կարեւոր հարցն ամսի ութի ընտրություններն են եւ հուսանք, որ արտառոց բան տեղի չի ունենա: Հեղափոխության այս փուլը սրանով կավարտվի, կգա հետեւողական եւ նպատակասլաց աշխատանքի ժամանակաշրջան`կառավարության ծրագիր, դրա իրականացում եւ այլն»,- այսօր, «Հայացք» մամուլի ակումբում խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, ասաց «Մոդուս Վիվիենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արար Պապյանը:
Բայց, ինչպիսին էլ լինի այս կառավարությունը, բանախոսի կարծիքով, խնդիրը պետք է լինի առաջիկա կարճ ժամանակահատվածում ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումը:
Մայիսի 1-ին ՀՀԿ-ականների քվեարկությունը, Արա Պապյանը համարում է արտաքին միջամտության արդյունք: Նաեւ, ասում է`ՀՀԿ խմբակցության պատգամավորների դեմ գործի դրվեց կոմպրոմատների քաղաքականությունը, մեծ փողեր բաժանվեցին:
Այլ մանրամասները` տեսանյութ
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրվելուց հետո մարտահրավեր է սպասվում. ՀՀԿ-ն փորձելու է ռեւանշի հասնել`շարունակելով «վարկաբեկման արշավը»: Քաղաքագետն ասում է Նիկոլ Փաշինյանն իր ճանապարհին շատ դժվարություններ է ունենալու, քանի որ նա գնաց հեղափոխությունների ամենաբարդ ճանապարհով`սահմանադրական հեղափոխություն, որը մինչ այս պահը հաջողվել է: Բայց վտանգներ կան, քանի որ Սահմանադրության մեջ բազմաթիվ խութեր կան: Ինչեւէ, նա վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը կնավարկի «ստորջրյա ականների» միջով ու կհաղթահարի դրանք: Ասում է`ժողովուրդը պետք է անվերապահորեն սատարի, չտրվի կեղծ պրոպագանդային, որ մինչեւ նոր ընտրություններ այս իրավիճակից բան չփոխվի:
Հայկ Մարտիրոսյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն առանցքային կերպար է, ինքն է ստեղծել պայքարը, բայց այս պայքարը ավելի մեծ է, համաժողովրդական է, որը կասեցնել հնարավոր չէ: ՀՀԿ-ի կողմից էլ ամեն դավադրության պետք է պատրաստ լինել: Մայիսի ութը նա համարում է ոչ թե վերջը, այլ սկիզբը:
Երեկ, լրագրողների հետ զրույցում, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`խոսելով արտահերթ ընտրությունների մասին, ասաց, որ դրանք պատվերով համերգ չեն. «Եթե ունենում ենք վարչապետ`այդ փուլում արտահերթ ընտրություններ չենք ունենա: Եթե այդ վարչապետը բերում է կառավարության ծրագիր եւ այն անհրաժեշտ օժանդակություն է գտնում, բնականաբար, այդ փուլում էլ չենք ունենա: Այնպես չի, որ վարչապետը փոխվեց, քաղաքական ուժերը կառավարությունում փոխվեցին`ով ոնց ասի, էդպես պետք է լինի: Ամեն ինչ պետք է իրականացնենք ըստ ժամանակացույցի եւ ըստ դեբատների»:
Արա Պապյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է 3-6 ամսվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնել, ՀՀԿ-ն փորձելու է ձգել մեկ տարի`խորացնելով բացասական դրսեւորումները: Նա համաձայն է Հայկ Մարտիրոսյանի հետ`դարձել ենք քաղաքակիրթ հասարակություն, քաղաքացին ճիշտ կընկալի եւ ճիշտ կուղղորդի գործընթացները:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նիկոլ Փաշինյանը խոսել էր նաեւ արտահերթ ընտրությունների այլ տարբերակների մասին` չհստակեցնելով դրանք: Հայկ Մարտիրոսյանը չգիտե, թե դրանք որոնք են, բայց կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հավանաբար ի նկատի է ունեցել, որ ՀՀԿ-ից իր թիմ անցնողներ կլինեն եւ կոնֆիգուրացիա կփոխվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ