Թիվ 11 դպրոցի տնօրենի դռան մուտքի մոտ մի ծնող եւ մի քանի երեխա են կանգնած: Նրանք թույլ չէին տալիս, որ որեւէ մեկը ներս մտնի: Մասնավորապես Էրիկա անունով աշակերտուհին գտնում է, որ պետք է հարգել բոլորի իրավունքները:
«Սա անդաստիարակություն է, սա ճիշտ չի, իմ երեխան ինչի՞ պետք է միանա այս ամբոխին»,-դժգոհեց դուռը հսկող մի ծնողը: Վերջապես դուռը բացվեց եւ ծնողներն ու լրագրողները ներս մտան:
«Սա անսպասելի էր, ես իմ աշակերտներին այդպես չեմ տեսել, իրենք երբեք ինձ առանց ժպտալու չեն բարեւել: Սա կազմակերպված էր, այն ինչ կազմակերպված էր վարչապետի դեմ, հիմա էլ իմ դեմ է կազմակերպված»,-հայտարարեց Ռուզաննա Ազիզյանը:
Նա հերքեց ծնողների այն դժգոհությունը, թե դպրոցում դրամահավաք է եղել: Սակայն, ծնողներից Սամվել Կարապետյանը պնդում էր, որ իրենցից պարբերաբար գումար է հավաքվել:
Ինչ վերաբերվում է երեխաների` իր հրաժարականի պահանջին, որ պետք է հրաժարական տա, Ռուզաննա Ազիզյանն ասաց. «Եթե կա օրենք եւ կարգ, կսպասենք օրենքին ու կարգին: Իսկ «հեռացեք» գոռացող երեխաներին ես չեմ ճանաչում»:
Ծնողներից Էդգար Պետրոսյանի ձեւակերպմամբ, չէր կարելի երեխաներին նման սթրեսի ենթարկել: Նա ասաց, որ դպրոց է ելել դասադուլի լուրն իմանալով: Նաեւ շեշտեց, որ ՀՀԿ անդամ չէ, սակայն պաշտպանում է Ռուզաննա Ազիզյանին: Նա կոչ արեց տնօրենի ` դպրոցի համար արածները չմոռանալ. «Մեր դպրոցը յուրահատուկ է, ես գիտեմ, որ իմ երեխան այստեղ ապահով ձեռքերում է: Այս մարդը տարիներ շարունակ լավ գործեր է արել: Եվ եթե մի դասատու իրեն վատ է պահել, դա չի նշանակում, որ պետք է պահանջենք տնօրենի հրաժարականը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Եւ ասում են թաւշեայ յեղափոխութիւն է: Մի գրգրէք կրքերը, յետոյ շատ վատ կը լինի: