Մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու hարցի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանը խոսել էր Նիկոլ Փաշինյանի իմիջի,, հագուկապի, անգամ բեղ ու մորուսի մասին:
Սոցցանցերում նրա այդ ելույթը քննադատության է արժանացել, գրում են՝ ինչքա՞ն պիտի մարդ ասելիք չունենա, որ ԱԺ ամբիոնից քննարկի թեկնածուի հագուստը, իմիջն ու բեղերը:
Այդ առնչությամբ Aravot.am-ի հարցին Միհրան Հակոբյանն այսօր պատասխանեց. «Խոսքի ազատության պարագայում ամեն ինչ էլ կարելի է քննադատել, ամեն կարծիք էլ կարելի է հայտնել: Ես իմ ասածն ասել եմ ԱԺ-ում, դրա կրկնելու կարիքը երկրորդ անգամ չկա»:
Նա ասաց, որ բացի հագուստից, Փաշինյանի հետ կապված այլ խնդիրներ էլ է ինքը մատնանշել:
Թե մայիսի 8-ին ինչպես է պատրաստվում քվեարկել՝ Միհրան Հակոբյանը պատասխանեց՝ խմբակցության ղեկավարը կհայտնի. «Մենք հանդես կգանք ընդհանուր դիրքորոշմամբ: ՀՀԿ-ն որոշում կկայացնի, կտեղեկացնենք»:
Սա հակասում է ՀՀԿ-ական այլ պատգամավորների խոսքերին, որովհետեւ Էդուարդ Շարմազանովը, Գեղամյանը, ասել էին, որ դեմ են քվեարկելու, Գեւորգ Կոստանյանն ասել էր, որ չի փոխել իր դիրքորոշումը՝ դեմ է, մինչդեռ խմբակցության անունից Վահրամ Բաղդասարյանն ասելն էր, որ աջակցելու են 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին, որը Նիկոլ Փաշինյանն է:
Միհրան Հակոբյանն ասաց. «Ինչ գրած է հայտարարությունում, դա գրված է, ակնհայտ է, կա, մնացածը տեղի կունենա քվեարկությունից առաջ, ինչպես է ֆրակցիան իր դիրքորոշումը հայտնում»:
Հակոբյանն ասաց, որ դեռ մի քանի օր կա ու ով ինչպես կքվեարկի՝ կտեսնենք: Նա նշեց, որ ՀՀԿ-ի հայտարարության տեքստում կա աջակցություն բառը ու այդ աջակցությունը կլինի, թե ինչ տեսքով, ինչպես կլինի՝ կտեսնենք:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ ջնջվեցին ֆեյսբուքից՝ չկարողանալով արձագանքներին դիմակայել՝ նա պատասխանեց, որ ցանկացած մարդ ինքն է որոշում ֆեյսբուքում գրանցվի, odnoklassniki-ում, թե այլ տեղ: Նա ասաց, որ ինքն էլ էր երբեմն ֆեյսբուքում ապաակտիվանում՝ հոգնելով, որովհետեւ իրենից շատ ժամանակ է այն խլում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ