Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը, որը հրաժարականի դիմում էր ներկայացրել, և կառավարությունը երեկ ընդունել էր, հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ մի տեղեկություն հրապարակեց, որը բավական զարմացրեց լրագրողներին։ Խոսքը վերաբերում է Շիրակի մարզի՝ այլևս Հայաստանի ամենաաղքատ տեղանքը չլինելուն։
Սա գուցե ուրախացներ ասուլիսի մասնակիցներին, եթե վերջին շրջանում Գյումրիում պաշտոնապես որևէ աշխատատեղ բացված լիներ ու պետական տարբեր հիմնարկներից մեծ թվով աշխատակիցների կրճատած չլինեին։
Ինչևէ, Արթուր Խաչատրյանն ասաց․ «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս փորձագիտական ուսումնասիրությունների հիման վրա հաշվարկել է մարզերի մեկ շնչին ընկնող ներքին համախառն արդյունքը, վիճակագրությանը հավատալն, իհարկե, ձեր որոշելիքն է, ճաշակի խնդիր է, բայց վիճակագրական տվյալների հաշվարկով, Շիրակի մարզը ՀՀ ամենաաղքատ մարզը չէ։ Հիմա մենք նույնիսկ նախավերջինը չենք, նախավերջինից էլ ավելի բարձր ենք՝ 8-րդն ենք, առաջինը պետք է Երևանը լինի, հետո Կոտայքը»։
Լրագրողների զարմանքին ի պատասխան ՝ մարզպետը փաստաթուղթը տրամադրեց։
Տես՝ կից Shiraki marz
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ